15:00  ,  12 հունվարի, 2018

Արցախը ներկայացրել է չճանաչված երկրների աշխարհի առաջնություն անցկացնելու հայտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հունվարի 12-ին կայացած ասուլիսում հայտնել է, որ Արցախը ներկայացրել է չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու հայտ: ՀՖՖ նախագահին հարցրել են Արեւմտյան Հայաստանի հավաքականից, որի մասին նա տեղեկություն չունի:

«Արեւմտյան Հայաստանի հավաքականը ո՞րն է: Կարծում եմ՝ խնդիր կլինի, եթե այդ թիմի խաղացողները հետագայում ընդգրկվեն Հայաստանի ազգային հավաքականում: Այդ դեպքում խնդիրներ կլինեն ՖԻՖԱ-ի հետ: Դուք ի՞նչ թիմ եք համարում այդ Արեւմտյան Հայաստանի հավաքականը: Կա՞ այդպիսի թիմ:

Եթե դուք հիշում եք, Արցախն էլ էր մասնակցում այդ մրցաշարին: Որքանով գիտեմ, Արցախը հայտ է ներկայացրել, որ չճանաչված երկրների աշխարհի առաջնությունն անցկացնենք Ստեփանակերտում: Բոլոր թիմերին հրավիրել են: Ստեփանակերտում այդ ստադիոնը կառուցվել է հենց դրա համար, որ այդ առաջնությունն անցկացնեն Արցախում: Կարծում եմ՝ դա օգտակար է Արցախի ժողովրդի համար: Այն մոտեցումը, որն ունի ՖԻՖԱ-ն, ես համարում եմ անարդար եւ ոչ ճիշտ՝ մարդու իրավունքների դեմ: Մարդիկ ապրում են այնտեղ եւ սիրում են ֆուտբոլ, սակայն զրկված են որեւէ առաջնության մասնակցելու հնարավորությունից: Իմ ուժերի սահմանում ամեն ինչ պետք է անում, որ Արցախն ունենա թիմ եւ Հայաստանի Բարձրագույն խմբի թիմերից մեկը լինի Արցախից»,- ասել է ՀՖՖ նախագահը:

Հիշեցնենք, որ վերջերս Արեւմտյան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Գյումրիի «Շիրակի», գերմանական «Ֆորտունայի» (Քյոլն), շվեյցարական «Յանգ Բոյզի», «Սերվետի» եւ «Արաուի» նախկին պաշտպան Հարություն Վարդանյանը: Օրեր առաջ թիմը հավաք էր անցկացնում Ֆրանսիայի հարավում գտնվող Մոն-դե-Մարսանում:

Արեւմտյան Հայաստանի հավաքականը մասնակցելու է 2018-ի հունիսին Լոնդոնում կայանալիք չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը, որում կմրցի Պենջաբի, Ճապոնիայի միավորված կորեացիների եւ Կաբիլիայի թիմերի հետ: Հայկական թիմն այդ մրցաշարին մասնակցել էր նաեւ 2016-ին Աբխազիայում, որտեղ գրավել էր 6-րդ տեղը:

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում