13:21  ,  31 դեկտեմբերի, 2017

Արթուր Աբրահամ. Ուզում եմ, որ հայ ժողովրդի համար լավ տարի լինի, խաղաղ երկինք, հաջողություններ ամեն ընտանիքում

Այս տարի պարտություն ունեցա ռինգում, ինչի համար ափսոսում եմ, բայց կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերադարձնեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իսկ սպորտից դուրս տարին շատ լավն էր ու հիշարժան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որն ամփոփել է 2017 թվականը եւ խոսել հաջորդ տարվա ծրագրերի մասին:

Արթուր, ինչպիսի՞ն էր 2017 թվականը քեզ համար:

Վատ չէր, բայց, իհարկե, կարող էր ավելի լավ լիներ, եթե չունենայի պարտություն ռինգում: Այս տարվա հիասթափությունս ռինգում պարտվելն էր: Դա ինձ համար ամենադաժան բաներից է, ահավոր ծանր եմ տանում:

Ինչի՞ համար ես ափսոսում:

Ափսոսում եմ, որ պարտվել եմ: Բայց ես ամեն ինչ կանեմ, որ վերադարձնեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Իսկ ի՞նչ երջանիկ պահեր պարգեւեց քեզ 2017-ը եւ ինչով նշանավորվեց այս տարին:

Դրանք բոլորը որդուս հետ են կապված՝ առաջին ատամ, առաջին քայլ, առաջին բառ: Որդիս՝ Գրիգորը, սկսեց քայլել, բառեր արտասանել: Նրա ամեն մի քայլն ինձ համար մեծ ուրախություն է: Շատ հիշարժան օրեր ունեցա այս տարի, կառանձնացնեմ որդուս տարեդարձը:

Ի՞նչ փոխվեց 2017-ին քո կյանքում:

Կարծում եմ, որ տարեցտարի մենք՝ բոլորս, դառնում ենք ավելի շատ բան հասկացող, իրավիճակները էլ ավելի ճիշտ գնահատող:

Ամենատպավորիչ հանդիպումը, որ ունեցար 2017-ին:

Այս տարի Վատիկանում հանդիպեցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:

Իսկ ի՞նչ երազանքով կամ նպատակով կդիմավորես 2018 թվականը:

Ամենալավի, բարու, ուժեղի սպասումներով: Ուզում եմ, որ հայ ժողովրդի համար լավ տարի լինի, խաղաղ երկինք, հաջողություններ ամեն ընտանիքում:

Ի՞նչ ծրագրեր կան 2018-ում:

Մենամարտել, հաղթել, վերադարձնել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Արթուր, դու ունես երկրպագուների մեծ բանակ, ովքեր չեն ցանկանում, որ դու լքես ռինգը: Դեռ որքա՞ն ժամանակ կուրախացնես քո երկրպագուներին:

Երկրպագուների բանակ ունենալն ինձ համար մեծ պատիվ է, ես շնորհակալ եմ իմ սիրելի երկրպագուներին: Ես դեռ մեկ կամ մեկ ու կես տարի կլինեմ ռինգում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով