Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը համաձայն չէ տարվա լավագույն մարզիկների տասնյակի ընտրության հետ:
Այս մասին նա լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց տարվա 10 լավագույն մարզիկների պարգեւատրման արարողությունից հետո:
«Ինձ համար մեծ պատիվ է կրկին լինել լավագույն տասնյակում, բայց ես համաձայն չեմ այս արդյունքների հետ: Մենք այս տարի ունեինք աշխարհի, Եվրոպայի մեդալակիրներ, որոնք դուրս մնացին այս ցուցակից:
Իմ կարծիքով` սպորտի նախարարության մեղքով է այսպես ստացվել, երեւի սխալ են կազմակերպել քվեարկությունը: Եթե սպորտի փոխնախարարն ասում է` արդար է, դրա արդարը որն է… Եթե աշխարհի մրցանակակիրը չի լինում 10 լավագույնների մեջ, մենք էլ ոչ Ռուսաստան ենք, ոչ էլ Ամերիկա, որ ունենանք 20 աշխարհի մեդալակիր: Ընդամենը տասը լավագույն է ընտրվում, պետք է արժանի մարզիկներն ընդգրկվեն այդ ցուցակում: Ես ինձ համար չեմ ասում, չեմ բողոքում: Ինչպես կարող է աշխարհի մրցանակակիրը դուրս մնալ լավագույն տասնյակի ցանկից: Խոսքս ազատ ոճային ըմբիշների մասին է: Մեր երկու տղաներն այս տարի աշխարհի բրոնզե մեդալներ նվաճեցին: Սա այն տասնյակը չէ, որը պետք է լիներ:
Թող տպավորություն չստեղծվի, թե իմ վրա ազդել է լավագույն տասնյակի առաջին տեղում չլինելը, ուղղակի ես համաձայն չեմ քվեարկության արդյունքների հետ: Ինչպես կարող է, օրինակ, ծանրորդ Գոռ Մինասյանը դուրս մնալ տասնյակից: Օրինակը վերցնես քեզ վրա` դու օլիմպիական մեդալակիր ես, այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն, մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, եւ դու չես ընդգրկվում լավագույն տասնյակի ցուցակում: Կամ աշխարհի մեդալակիր ես, ինչպես կարող է աշխարհի մեդալակիրը, այս պարագայում մեդալակիրները դուրս մնան տասնյակից»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում