Արթուր Ալեքսանյան. Սա այն տասնյակը չէ, որը պետք է լիներ

19:49   27 դեկտեմբերի, 2017

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը համաձայն չէ տարվա լավագույն մարզիկների տասնյակի ընտրության հետ:

Այս մասին նա լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց տարվա 10 լավագույն մարզիկների պարգեւատրման արարողությունից հետո:

«Ինձ համար մեծ պատիվ է կրկին լինել լավագույն տասնյակում, բայց ես համաձայն չեմ այս արդյունքների հետ: Մենք այս տարի ունեինք աշխարհի, Եվրոպայի մեդալակիրներ, որոնք դուրս մնացին այս ցուցակից:

Իմ կարծիքով` սպորտի նախարարության մեղքով է այսպես ստացվել, երեւի սխալ են կազմակերպել քվեարկությունը: Եթե սպորտի փոխնախարարն ասում է` արդար է, դրա արդարը որն է… Եթե աշխարհի մրցանակակիրը չի լինում 10 լավագույնների մեջ, մենք էլ ոչ Ռուսաստան ենք, ոչ էլ Ամերիկա, որ ունենանք 20 աշխարհի մեդալակիր: Ընդամենը տասը լավագույն է ընտրվում, պետք է արժանի մարզիկներն ընդգրկվեն այդ ցուցակում:  Ես ինձ համար չեմ ասում, չեմ բողոքում: Ինչպես կարող է աշխարհի մրցանակակիրը դուրս մնալ լավագույն տասնյակի ցանկից: Խոսքս ազատ ոճային ըմբիշների մասին է: Մեր երկու տղաներն այս տարի աշխարհի բրոնզե մեդալներ նվաճեցին: Սա այն տասնյակը չէ, որը պետք է լիներ:

Թող տպավորություն չստեղծվի, թե իմ վրա ազդել է լավագույն տասնյակի առաջին տեղում չլինելը, ուղղակի ես համաձայն չեմ քվեարկության արդյունքների հետ: Ինչպես կարող է, օրինակ, ծանրորդ Գոռ Մինասյանը դուրս մնալ տասնյակից: Օրինակը վերցնես քեզ վրա` դու օլիմպիական մեդալակիր ես, այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն, մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, եւ դու չես ընդգրկվում լավագույն տասնյակի ցուցակում: Կամ աշխարհի մեդալակիր ես, ինչպես կարող է աշխարհի մեդալակիրը, այս պարագայում մեդալակիրները դուրս մնան տասնյակից»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.