Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է տարվա 10 լավագույն մարզիկների պարգեւատրությանը:
«Անցնող տարում մեր մարզաշխարհի ներկայացուցիչները իրոք արձանագրեցին լուրջ հաջողություններ: Մեզ համար ձեր հաղթանակներն իսկապես թանկ են եւ կարեւոր: Դա մեր ողջ ժողովրդի եւ հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մեջ արթնացնում է մեծ ոգեւորություն: Զանգվածային սպորտը պետք է դառնա մեր հասարակության կենսակերպի բաղկացուցիչ մասը: Ժողովրդական խոսքն ասում է` հիվանդներին բուժելը շատ ավելի թանկ է, քան առողջներին պահելն ու պահպանելը: Մարդիկ պետք վարեն առողջ կենսակերպ: Այս հաղթանակները մեզ համար նաեւ թանկ են մասնավորապես Հայաստանի հանրահռչակմանը նպաստելու առումով: Շնորհակալ եմ Հայաստանի պատիվը բարձր պահող, բարձր նվաճումների հասած բոլոր մարզիկներին: Դուք արժանի զավակներ եք, եւ մենք հպարտանում ենք ձեզնով:
Այս անգամ փորձ է արվել նոր կարգով անցկացնել Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակի ընտրությունը: Հաղթանակները պետք է նվաճվեն արդար մրցակցությամբ: Այս տարվա լավագույն մարզիկների տասնյակը ճանաչվում է ողջ սպորտային համայնքի, հանրության, մարզական լրագրողների կողմից:
Արդեն հանձնարարել եմ քննարկել եւ մշակել սփյուռքի մարզական կառույցների եւ սփյուռքահայ մարզիկների ներգրավումը այս մրցանակաբաշխությանը: Դա այս միջոցառմանը կհաղորդի նոր տրամաբանություն եւ որակ:
Համոզված եղեք, որ ձեր առջեւ ծառացած խնդիրներն իմ ուշադրության կենտրոնում են լինելու մշտապես: Շնորհակալ եմ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին սպորտի առջեւ ծառացած խնդիրներին լուծում տալու եւ հայկական սպորտի զարգացմանը նպաստելու համար»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
Մինչ երկրի ղեկավարը կհեռանար բեմից, Գագիկ Ծառուկյանը իր կողմից նվեր հանձնեց երկրի նախագահին եւ խնդրեց իր ձեռքով ավտոմեքենա նվիրել օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանին:
Սերժ Սարգսյանը հանձնեց մրցանակը եւ ասաց.
«Ինչքան ոգեւորիչ են այսպիսի միջոցառումները: Իսրայել Միլիտոսյանը անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնն է եւ երկար ժամանակ մոռացության էինք մատնել նրան: Ես ներողություն եմ խնդրում, որ երկար ժամանակ անուշադրության եւ մոռացության ենք տվել ձեր վաստակը հայկական մեծ սպորտում»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահը մի շարք մարզիչների հանձնեց ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի կոչումներ, եւ Հայաստանի վաստակավոր մարզչի կոչումներ:
Արթուր Ալեքսանյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվեց անվանական զենքով, որը օլիմպիական չեմպիոնին հանձնեց Սերժ Սարգսյանը:



Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:27 , 19 նոյեմբերի
21:23 , 19 նոյեմբերի
20:34 , 19 նոյեմբերի
19:04 , 19 նոյեմբերի
18:07 , 19 նոյեմբերի
17:02 , 19 նոյեմբերի
16:15 , 19 նոյեմբերի
15:10 , 19 նոյեմբերի
14:29 , 19 նոյեմբերի
13:57 , 19 նոյեմբերի