12:40  ,  27 դեկտեմբերի, 2017

Հովհաննես Բաչկով․ Որեւէ գաղտնիք չկա (ֆոտո)

2017-ը հայկական բռնցքամարտի համար բեկումնային տարի էր. 7 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին ունեցավ Եվրոպայի չեմպիոն, ապա նաեւ աշխարհի առաջնության մեդալ: Այս նվաճումները հայկական բցնքամարտին բերեց 64 կգ քաշային գյումրեցի Հովհաննես Բաչկովը:

2017 թվականը Հովհաննես Բաչկովի համար առանձնացավ եւս մեկ կարեւորագույն իրադարձությամբ. ծնվեց բռնցքամարտիկի երկրորդ որդին:

NEWS.am Sport-ի ընթերցողների համար Եվրոպայի չեմպիոնն ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն ամփոփել է տարին:

Հովհաննես Բաչկովի հաղթական տարին...

2017-ը շատ լավ տարի էր ինձ համար: Իմ մարզական կարիերայի ամենալավ տարին էր, քանի որ կարողացա նվաճել Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը, ապա նաեւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալը: Եթե նորից հնարավորություն ունենայի ապրել 2017 թվականը, թերեւս ոչինչ չէի փոխի. ինչ ուզում էի, եղավ:

2017-ը մարզական կարիերայի լավագույն տարի...

Տարին նշանավորվեց Եվրոպայի չեմպիոն դառնալով, քանի որ երկար տարիներ հայկական բռնցքամարտում Եվրոպայի չեմպիոն չէինք ունեցել: Բայց նույնքան կարեւոր ու նշանակալից էր նաեւ աշխարհի առաջնությունը՝ տարվա կարեւորագույն մրցաշարը, որից կարողացա մեդալով վերադառնալ: Չեմ կարող այս երկու կարեւոր հաջողություններից որեւէ մեկն առանձնացնել: Ուղղակի ուրախանում եմ այս ձեռքբերումներովս: Անցյալում այսպիսի արդյունքներ չէի գրանցել:

2017-ի հիասթափությունները...

Ախ, այնքան շատ են բարդություններն ու հիասթափությունները սպորտում, որ այդքանը չես էլ կարողանա նշել: Ուղղակի պետք է աչք փակել բարդությունների ու հիասթափությունների վրա, գլուխը կախ անել քո գործը: Եթե կենտրոնանանք մանրուքների վրա, ուրեմն հաստատ հաջողություն չի լինի: Այդպես էլ ինձ մոտ է. ես նույնպես ապահովագրված չեմ հիասթափություններից, իմ մարզական կարիերայում եւս շատ են լինում բարդություններ: Այս տարվա հաջողություններս նույնպես բարդ տրվեցին, ու բազմաթիվ դժվարություններ հաղթահարելու միջով հասա այս արդյունքներին:

Տարվա բացթողումը...

Ոչնչի համար չեմ ափսոսում: Ամեն ինչն լավ էր, այնպես, ինչպես ես եւ մարզիչներս էինք ցանկանում, որ լիներ: Թերեւս որպես ափսոսանք, կառանձնացնեմ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչը, որ չկարողացա հաղթահարել եւ միայն բրոնզով ավարտեցի պայքարս աշխարհի առաջնությունում: Բայց գուցե այդպես էր պետք, այդքանը կարողացա: Սա եւս մեկ մոտիվացիա է, որ աշխարհի հաջորդ առաջնությունում շատ ավելի լավ ու եռանդով աշխատեմ, որպեսզի կիսաեզրափակիչը հաղթահարեմ եւ արդեն ոսկու համար պայքարեմ: Պետք է աշխատենք, որպեսզի ոչ թե բրոնզե մեդալով, այլ արդեն աշխարհի առաջնության ոսկե մեդալով վերադառնանք հայրենիք:

Հովհաննես Բաչկովը հայկական բռնցքամարտի առաջատար...

Լինել առաջատարներից մեկը հեշտ չէ: Պարտավորվածության զգացումն ինձ միշտ է պատել, որ ցանկացած մրցաշարից հարկավոր է մեդալով վերադառնալ, լուրջ հաջողություններ ունենալ: Եթե ուզում ես սպորտում տարեգրություն, անուն թողնես, ուրեմն պետք է լուրջ հաջողություններ ունենաս: Մենք մարզվում ենք ոչ միայն սպորտում լուրջ հաջողություն ունենալու, այլ նաեւ ապագան կառուցելու նպատակով: Լավ անուն, պատմություն գրող մարզիկն իր հաջողություններով դասավորում է նաեւ իր կյանքը: Բայց միայն լուրջ հաջողություններ ունենալը չէ․ պետք է կարողանաս նաեւ այդ հաջողությունները պահպանել: Չեմպիոն դառնալը դժվար է, իսկ պահելն ավելի դժվար:

Հաջողության գաղտնիքը...

Որեւէ գաղտնիք չկա, ուղղակի աշխատել է պետք: Ես սիրում եմ բռնցքամարտը, սիրով եմ անում ամեն ինչ, սիրով մարզվում եմ: Հաջողության հասնելու համար ցանկացած ոլորտում պետք է առաջին հերթին լինես աշխատասեր: Ինքս փորձում եմ չբացակայել մարզադահլիճից, շատ եմ մարզվում: Որպես իմ հաջողության գրավական կնշեմ աշխատասիրությունը եւ հաջողության հասնելու մեծ ցանկությունը: Եթե ուզում ես չեմպիոն դառնալ, պետք է շատ աշխատասեր լինես, մեծ ցանկություն ունենաս եւ ձգտես դրանք իրականություն դարձնել:

2017-ի ամենաերջանիկ օրը...

Այս տարի մի քանի հիշարժան օրեր ունեցա, որոնք երբեք չեն մոռացվի: Առաջինը՝ երբ դարձա Եվրոպայի չեմպիոն, կանգնեցի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին եւ հայկական բռցնքամարտում երկար դադարից հետո կրկին ի պատիվ Հայաստանի հնչեց մեր հիմնը եւ բարձրացավ մեր եռագույնը: Ապա նաեւ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելուս օրը: Այս ամենից զատ եւս մեկ հիշարժան օր ապրեցի, որն ինձ անսահման երջանկություն պարգեւեց. ծնվեց երկրորդ որդիս՝ սեպտեմբերի 22-ին՝ անմիջապես աշխարհի առաջնությունից հետո:

2017-ում իրակացած երազանքը...

Այն հաջողությունները, որոնք ունեցա այս տարում, իմ երազանքներն էին: Թե Եվրոպայի ոսկե մեդալը, թե աշխարհի առաջնության բրոնզե մեդալը իմ նպատակներն են եղել տարվա սկզբից: Միակ երազանքս, որ չստացվեց, աշխարհի առաջնության ոսկե մեդալն էր, քանի որ ցանկանում էի աշխարհի չեմպիոնի տիտղոսն էլ նվաճել: Բայց ստացվեց այն, ինչ ունենք:

Չեմպիոնի Նոր Տարին...

Նոր Տարին իմ ամենասիրած տոնն է: Դեկտեմբերի 31-ի գիշերից մինչեւ Սուրբ ծնունդ իմ ամենասիրելի օրերն են: Դրանից հետո ձմեռն այլեւս չեմ սիրում: Շատ լավ, բարձր տրամարդությամբ եմ պատրաստվում դիմավորել, ընտանիքիս հետ: Հավատում եմ Ամանորի գիշերվա հրաշքին, ինչ-որ խորհրդավորություն կա այդ գիշերվա մեջ: Երբ ամեն տարվա վերջին օրը գիշերը քնում ես եւ արթնանում ես նոր տարում, արդեն իսկական հրաշք է: Բայց ինձ համար հրաշքն այն է, երբ ամեն Նոր Տարվա առավոտ արթնանանում եմ եւ տեսնում ավագ որդուս կողքիս պառկած: Կրտսեր որդիս դեռ փոքր է, իր ոտքով չի կարողանում գալ ինձ մոտ:

2018-ի երազանքը...

2018-ում կփորձեմ պահպանել այս հաջողություններս, ապա նաեւ բարելավել: Հնարավոր ամեն ինչ կանենք, որ հայկական սպորտը, բռնցքամարտն առաջ շարժվի, նոր հաղթանակներ գրանցի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով