Գոհ եմ երիտասարդների գոտեմարտերից: Ուշ թե շուտ՝ մեր հավաքականում սերնդափոխություն է լինելու: 97 կգ քաշային կարգում հետագայում Արթուր Ալեքսանյանին փոխարինող Հայկ Խլոյանին մեծ գորգերում փորձը պակասում է:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երեւանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշար, որին մասնակցում էին 14 երկրի 181 ըմբիշ:
Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը 62 մասնակցով նվաճեց 1 ոսկե, 3 արծաթե եւ 6 բրոնզե մեդալներ: Հայաստանի միակ ոսկե մեդալակիրը դարձավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից 63 կգ քաշային Արմեն Մելիքյանը: Արմեն Բաբալարյանը երեւանյան միջազգային մրցաշարի մրցագորգ դուրս բերեց հիմնականում երիտասարդներից բաղկացած կազմ: Թիմում էին նաեւ մեծահասակների հավաքականի ներկայացուցիչներ, բայց առաջատարներն ազատված էին մրցաշարից, որպեսզի նախապատրաստվեն աշնանն անցկացվելիք աշխարհի առաջնությանը:
«Մրցաշարին մեծ կազմով մասնակցեցինք: Բնական է, որ հավաքականի ամենաուժեղները չէին կարող մասնակցել, որովհետեւ նրանք տարվա ընթաքում շատ մրցաշարերի են մասնակցում: Որոշեցինք, որ նրանց հանգիստ թողնենք: Այնպես չի, որ լիարժեք հանգիստ ենք թողել, շուտով մեկնարկում է թիմի առաջին հավաքը: Այս մրցաշարից էլ լավագույն մասնակցություն ունեցածները կմիանան հավաքականին եւ կսկսենք պատրաստվել աշնան մրցաշարերին, աշխարհի առաջնությանը: Ամեն մրցաշարից առաջ տղաները քաշ են գցում, մասնակցում: Այդ ամենը հոգնեցնում է ըմբիշներին, որոնք արդեն բավականին տարիքով են: Այդ պատճառով այս անգամ շեշտը դրեցինք երիտասարդների վրա, որպեսզի նաեւ հասկանանք, թե հետագայում ինչ սերնդափոխություն ենք ունենալու:
Եզրափակիչի 4 մասնակից ունեցանք, եւ Արմեն Մելիքյանը դարձավ միակ ոսկե մեդալակիրը: Մելիքյանի մրցակիցը՝ Յուրա Կարապետյանը շատ լավ հանդես եկավ: Երիտասարդական հավաքականում նա 60 կգ քաշային կարգում է, իսկ այստեղ 63-ում մտավ եզրափակիչ՝ հաղթելով մեծահասակների Եվրոպայի առաջնության մրցանակակրի:
Գոհ եմ երիտասարդների գոտեմարտերից: Ուշ թե շուտ մեր հավաքականում սերնդափոխություն է լինելու: Այս երիտասարդների, ինչպես նաեւ ինձ համար նպատակային էր Երեւանում այսպիսի միջազգային մրցաշար ունենալը, որպեսզի մենք էլ հասկանանք՝ որ քաշերում ինչ սերնդափոխություն ենք ունենալու, որ քաշում խնդիր ունենք: Այս պահին Օլիմպիական խաղերի համար խնդրային է 87 կգ քաշային կարգը: Անընդհատ պրպտում եմ, փորձարկում եմ, բայց նույն ըմբիշներ են դեռեւս: Նույնը չեմ կարող ասել գերծանր քաշային կարգի մասին: Այս մրցաշարում ունեցանք անակնկալ. Մ-23 Արամայիս Հարությունյանը դուրս եկավ եզրափակիչ:
Հայկ Խլոյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին, որը 5 տարվա դադարից հետո առաջին անգամ մրցագորգ դուրս եկավ: Խլոյանը հաղթեց, բայց սխալ գոտեմարտ վարեց: Հայկը ծնկաչոք դիրքից գլորում հնարքը շատ լավ է կատարում, անգամ Եվլոեւին գրեթե գլորել էր, բայց բռնվածքը բաց թողեց: Նշեմ, որ մարզումներին Խլոյանը նույնիսկ Արթուրին է կարողանում գլորել: Քառորդ եզրափակիչում պարտվեց այն մրցակիցն, ում մի քանի անգամ հաղթել էր: Սա նշանակում է, որ Հայկ Խլոյանի մոտ կա ոչ կայուն գոտեմարտելու ոճ: Այսինքն՝ կարող է հաղթել ուժեղ ըմբիշի, հետո պարտվել սովորական մրցակցի: Հայկ Խլոյանն այս քաշային կարգում նվեր չի ոչ ոքի համար, ուղղակի նրա փորձը մեծ գորգերում դեռ չի բավականացնում:
Բենուր Փաշայանի հուշամրցաշարն ինձ համար լավ հնարավորություն եղավ հասկանալու, թե ինչ ունենք եւ ինչ աշխատանք ունենք անելու հետագայի համար:
Այս առաջնությունը մեր նախապատրաստական փուլի մեկնարկն էր: Հուլիսի 5-ից Ծաղկաձորում կանցնենք մեր առաջին հավաքը աշխարհի առաջնությանն ընդառաջ: Հավաքը կավարտենք հուլիսի 19-ին: Այնպես որ, Բենուր Փաշայանի հուշամրցաշարով մեկնարկեցինք»,- ասաց Արմեն Բաբալարյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:05 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի