Սիրած աղջիկ չունեմ. ինձ ոգեշնչողներն առայժմ միայն հարազատներս են, Օլիմպիական խաղերում էլ ինձ կոգեշնչեն նրանք, նրանց հետ մեր թիմը, մարզիչները եւ ամբողջ Գյումրին: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 96 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, գյումրեցի Արթուր Ալեքսանյանը:
Այս օրերին Արթուր Ալեքսանյանը հավաքականի հետ վերջին մարզումներ է անցկացնում Լոնդոն մեկնելուց առաջ:
Արթուր Ալեքսանյանը օլիմպիական գորգ դուրս կգա օգոստոսի 7-ին։
Արթուր, մի քանի օր է մնացել ելույթիդ. Ի՞նչ տրամադրությամբ ես մեկնում Լոնդոն:
Տրամադրությունս շատ լավ է: Մարզավիճակս եւս: Գնում եմ հաղթելու: Այլ տրամադրություն չեմ էլ կարող ունենալ: Իրավունք չունեմ…
Անհանգստանո՞ւմ ես Խաղերից առաջ:
Անհանգստություն կա, բայց այն ինձ չի խանգարում: Կարելի է ասել` չեմ անհանգստանում: Չեմ կենտրոնանում, որ Օլիմպիական խաղեր են: Ինքս ինձ տրամադրում եմ, որ սովորական մրցումներ են: Բայց չկա մի մրցում, որից առաջ մարզիկը չմտածի եւ թեկուզ փոքրիկ անհանգստություն հոգու խորքում չունենա: Դա բնական երեւույթ է: Այդպես էլ պետք է լինի: Ուղղակի այդ անհանգստությունը միայն դու պետք է զգաս եւ ուրիշ ոչ ոք:
Ի՞նչ է քեզ համար մասնակցությունը Օլիմպիական խաղերին:
Կարիերայիս գագաթնակետն է: Յուրաքանչյուր մարզիկ իր կարիերայի ընթացքում մտածում է Օլիմպիական խաղերին մասնակցելու մասին: Ես ընդգրկվելու մասին այդքան էլ չեմ երազել, բայց բարձր արդյունքի մասին ամեն րոպե եմ երազում: Եթե մարզիկ ես, ուրեմն քո կյանքի նպատակը Խաղերում ոսկե մեդալ նվաճելը պետք է լինի:
Ի՞նչ հարաբերությունների մեջ ես հավաքականի մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ:
Ջերմ, ընկերական: Գորգից դուրս նա մեզ համար եւ ընկեր է, եւ մարզիչ, եւ հայր։ Նա մեզ շատ է օգնում իր խորհուրդներով եւ փորձում է հնարավորինս փոխանցել մեզ իր փորձը:
Ի՞նչ կամ ո՞վ է զբաղեցնում քո միտքը գոտեմարտի ընթացքում:
Գոտեմարտի ընթացքում չես կարող ուրիշ բանի կամ որեւէ մեկի մասին մտածել: Մտածում ես միայն հաղթելու, ճիշտ մարտավարության, ճիշտ քայլեր անելու մասին:
Ո՞վ է քեզ ոգեշնչում գորգի վրա` գոտեմարտելիս:
Իմ հարազատները, ինձ շրջապատող մարդիկ:
Իսկ սիրած աղջի՞կ…
Սիրած աղջիկ դեռեւս չունեմ: Այժմ միայն ես եմ եւ իմ ընտրած մարզաձեւը: Եթե նույնիսկ ունենամ էլ սիրած աղջիկ, նրա մասին չեմ մտածի կամ հիշի գորգի վրա: Գորգի վրա իմ ուղեղն աշխատում է միայն հաղթական ավարտի ուղղությամբ:
Զրուցեց Լուսինե Շահբազյանը
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում