15:20  +04,  21 դեկտեմբերի, 2017

Արամ Ավագյան, Գոռ Երիցյան, Նարեկ Աբգարյան. 2017-ին՝ միայն հաղթանակներ պրոֆեսիոնալ ռինգում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի մոսկովյան Punchboxing promoution ակումբում հանդես եկող հայաստանցի բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանը եւ Նարեկ Աբգարյանն ամփոփել են անցնող տարին:

Արամ Ավագյան

Տարին հագեցած էր մենամարտերով: Այս տարի անցկացրեցի 6 պրոֆեսիոնալ մենամարտ, 6-ում հաղթանակ տոնեցի: Ծավալուն մարզումներ ունեցանք ամբողջ տարվա ընթացքում: Յուրաքանչյուր մենամարտից առաջ հավաքներ անցկացրեցինք եւ լավ մարզավիճակում, պատրաստված դուրս եկանք ռինգ: Սիրողականից հետո պրոֆեսիոնալ ռինգում ամեն ինչ այլ է: Դավիթ Թորոսյանի խորհուրդները լսելով, մեր առջեւ դրված խնդիրները փորձեցինք հաղթահարել: Նույնը կշարունակվի նաեւ հաջորդ տարի: Բայց սա չի նշանակում որ սիրողականից կհեռանանք: Ես ինքս կպայքարեմ մինչեւ 2020թ. Օլիմպիական խաղեր եւ եւս մեկ անգամ ուժերս կփորձեմ Օլիմպիական խաղերում:

Գոռ Երիցյան

Բարդ, բայց շատ հետաքրքիր տարի էր: 2017 թվականի մայիսից ես միացա Արամին եւ Նարեկին: Կարելի է ասել, դեռ նոր եմ սկսում քայլերս պրոֆեսիոնալ ռինգում: Արդեն անցկարցել եմ 4 մենամարտ`4 հաղթանակ: Յուրաքանչյուր հաղթանակից հետո ավելի ոգեւշնչված վերադառնում ենք մարզումների: Ինքս գոհ եմ իմ այս տարվա աշխատանքից, կարծում եմ` գոհ է նաեւ Դավիթ Թորոսյանը:

Նարեկ Աբգարյան

Ինձ համար  եւս հագեցած տարի էր: Անցկացրեցի 6 մենամարտ: Պրոֆեսիոնալ ռինգում արդեն ունեմ 8 մենամարտ, 8 հաղթանակ, որից 5-ը նոկաուտով: Վալենսիայում կայացած մենամարտս մի փոքր բարդ ստացվեց: Մրցակիցս ոչ մի կերպ չէր ցանկանում հանձնվել: Առաջիկայում արդեն նշանակված է հաջորդ մենամարտս: Կայանալու է փետրվարին եւ ունենալու եմ շատ ուժեղ մրցակից. ամերիկացի է, ով ունի 8 հաղթանակ, 2 պարտություն, ունի նաեւ փոքր գոտի: Սա թերեւս կլինի իմ լուրջ մրցակիցը համեմատած մյուս մրցակիցներիս: Ես նույնպես նպատակ ունեմ Տոկիո-2020-ի ուղեգրի համար պայքարել, բայց զուգահեռ նաեւ կփորձեմ նվաճումներ ձեռք բերել պրոֆեսիոնալում: Մենք շատ դժվար մարզումներ ենք ունենում, բայյց այդ ամենը մի նպատակի համար է. Եթե ինչպես հարկն է չմարզվենք, չենք կարողանա հասնել այն կետին, որին ձգտում ենք: Պարզ է, որ մենամարտից մենամարտ մրցակիցները պետք է ուժեղանան, բայց մենք էլ ենք ուժեղանում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս