11:36  ,  19 դեկտեմբերի, 2017

Ժոզե Մոուրինյո. Հնարավոր է՝ Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի առաջիկա խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» վերջին խաղերը բաց թողած Հենրիխ Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ կարող է կայանալ Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Բրիստոլ Սիթիի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում: Այդ մասին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Ես մի քանի փոփոխություն կկատարեմ մեկնարկային կազմում, սակայն ոչ շատ, քանի որ «Բրիստոլը» Չեմպիոնշիփի լավագույն թիմերից է, իսկ այդ մրցաշարն այն չէ, ինչ 5-10 տարի առաջ էր: Հիմա Չեմպիոնշիփում հանդես են գալիս շատ որակյալ թիմեր, որոնք ունեն Պրեմյեր լիգայի մակարդակի խաղացողներ:

Հնարավոր է, որ Մխիթարյանը կմասնակցի այդ խաղին: Արդեն ասել եմ, որ հիմա բարդ է նրա համար տեղ գտնել մեկնարկային կազմում: Այս պահին մենք խաղում ենք Մատայի, Լինգարդի, Ռեշֆորդի, Մարտիալի ու Լուկակուի հետ, իսկ Իբրահիմովիչն ու նշված տղաներից մեկը մնում է փոխարինողների թվում: Պետք է պահպանենք բալանսը փոխարինողների նստարանին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ESPN-ը:

«Բրիստոլ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա դեկտեմբերի 20-ին՝ Երեւանի ժամանակով 23:55-ին:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 9 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Ավելի վաղ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպանին: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել իտալական «Ինտեր», որը հետաքրքրված է նրա ծառայություններով: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 35 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառել նրան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում