12:12  ,  16 դեկտեմբերի, 2017

Մոուրինյո. Պատրաստ ենք հունվարին վաճառել Մխիթարյանին եւ Շոուին

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հունվարին վաճառել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և պաշտպան Լյուկ Շոուին: Այդ մասին հայտարարել է անգլիական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Կարծում եմ՝ արդեն հունվարին «Մանչեսթեր Յունայթեդը» կքննարկի առաջարկներ Մխիթարյանի եւ Շոուի վերաբերյալ, եթե լավ գին լինի: Այդպիսին է իմ մոտեցումն այն դեպքերում, երբ ակումբն ինձ որեւէ բան է առաջարկում խաղացողների վաճառքի հարցով: Ամեն ֆուտբոլիստ ունի իր արժեքը: Եթե խաղացողը երջանիկ չէ թիմում եւ խնդրում է վաճառել իրեն այն գնով, որն ընդունելի կլինի ակումբի համար, ապա ես չեմ կարող մերժումով պատասխանել: Անցյալում այդպես է եղել Դեպայի եւ Շնեյդերլինի դեպքում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան» ու Միլանի «Ինտերը»:

ESPN-ը հաղորդել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը վիճել են նոյեմբերի 25-ին տեղի ունեցած Անգլիայի առաջնության 13-րդ տուրի խաղից հետո:

Պորտուգալացի մասնագետը դժգոհ է եղել «Բրայթոնի» դեմ խաղում Մխիթարյանի գործողություններից եւ այդ մասին խոսել է բոլոր ֆուտբոլիստների ներկայությամբ: Մխիթարյանը չի համաձայնել քննադատությանը եւ շարունակել է մարզիչի հետ վիճաբանությունը միջանցքում:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Բրայթոնին» հաղթել էր նվազագույն հաշվով մրցակցի ինքնագոլի շնորհիվ, Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 71-րդ րոպեին՝ ստանալով ամենացածր գնահատականը: Այդ խաղից հետո Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» 8 հանդիպումներից 7-ում չի ընդգրկվել նույնիսկ պահեստայինների թվում:

Մոուրինյոն Մխիթարյանի բացակայությունը բացատրել էր ներթիմային մրցակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ