16:54  ,  30 նոյեմբերի, 2017

ՀԳՖ նախագահ. Եթե մրցավարները չմիջամտեին, Հայաստանի պարային զույգը կնվաճեր օլիմպիական ուղեգիր

Օլիմպիական վարկանիշային տարին հաջող էր, բայց ափսոսում եմ, որ մենք չկարողացանք 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Դեռեւս հույսներս չենք կտրում, քանի որ Սլավիկ Հայրապետյանից բացի մեր մյուս գեղասահորդները շարունակում են լինել առաջին պահեստայինները:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:

Տիկին Ստեփանյան, ինչպիսի՞ն էր տարին գեղասահորդների համար:

Տարին հագեցած էր մրցաշարերով, որոնց մեր գեղասահորդները լավ մասնակցություն ունեցան: Շատ մոտ էինք 2018թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելուն, բայց որոշ հանգամանքներ մեզ խանգարեցին:

Գնահատում եմ տարին միջին, քանի որ այն արդյունքները, որոնք մենք գրանցեցինք, իրականում լավ են: Մարզաձեւեր կան, որ պարտադիր լավագույն հնգյակում պետք է մտնեն, որ գնահատականը լինի լավ: Բայց գեղասահքում Հայաստանի մասշտաբով մեր այս տարվա արդյունքները նորմալ են: Եվրոպայի առաջնությունnւմ, օրինակ, եթե Անաստասիա Գալուստյանը զբաղեցրեց 10 կամ 12-րդ տեղը, մյուս մարզաձեւերի հետ համեմատական կարգով այս արդյունքը հավասար է լավագույն հնգյակում հայտնվելուն: Գեղասահքը շատ բարդ մարզաձեւ է` գետնի, հողի, խոտի վրա չի… Սառույցի վրա է, վերջիվերջո: Երբ սա գիտակցենք, հայավարի չմտածենք, կհասկանանք, որ այս մարզաձեւում ունենք լավ արդյունքներ եւ որ 10-րդ, 12-րդ տեղը բավական լավ արդյունք է:

Պարային զույգը շատ մոտ էր օլիմպիական ուղեգրին: Օլիմպիական խաղերին մասնակցելու ի՞նչ հնարավորություն կա:

Այս տարի փայլուն հանդես եկավ մեր զույգը` Թինա Կարապետյանը եւ Սիմոն Սենեկալը: Նրանք պետք է ուղեգիր նվաճեին: Նրանց իրականում մրցավարները խանգարեցին բարձր տեղերում հայտնվել: Անաստասիա Գալուստյանի եւ Սլավիկ Հայրապետյանի դեպքում մրցավարական անարդարություններ չեղան, բայց Սիմոնի եւ Թինայի դեպքում մրցավարները միջամտեցին: Եթե մրցավարները չլինեին, ամեն ինչ արդար դատեին, նրանք, վստահ, ուղեգիր կնվաճեին: Ամեն տեղ էլ անարդաություններ լինում են, մենք էլ միջազգային կարգի մրցավարներից խեղճ ենք, տուժեցինք: Մեր զույգին մրցավարներն այնքան հետ գցեցին, մինչեւ 8-րդ տեղում հայտնվեցինք: Շատ լավ էին հանդես գալիս: Մասնագիտական տեսանկյունից մեր զույգը հրաշալի հանդես եկավ եւ օլիմպիական ուղեգրի իրական հավակնորդներ էին:

Այս պահին մեր զույգը հնարավորություն ունի մեկնելու Օլիմպիական խաղերին: Իսրայելը ներկայացնող պարային զույգը, որն օլիմպիական վարկանիշ էր նվաճել, մասնակցության հայտ դեռ չի ներկայացրել: Նրանք ունեն անձնագրի հետ կապված խնդիր, այդ պատճառով նրանք դեռեւս մասնակցության հայտ չեն ներկայացրել:

Եթե անձնագրի հետ կապված խնդիրը չլուծվի մինչեւ դեկտեմբերի 20-ը, Իսրայելի զույգը պետք է հայտարարություն տա, ըստ որի Հայաստանի զույգը հնարավորություն կստանա մասնակցել Օլիմպիական խաղերին, քանի որ մեր պարային զույգը պահեստայինում է: Մինչեւ պաշտոնական հայտարարությունը իրավունք չունենք բարձրաձայնել: Իսկ այն, որ փոքր հնարավորություն է բացվել, ներքին կարգով ենք տեղեկացել:

Հենց Իսրայելի ֆեդերացիան հայտարարությունը տարածի, միջազգային ֆեդերացիան մեզ նամակ կուղարկի: Եթե նույնիսկ որեէ մեկը հրաժարվի մասնակցությունից Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալ անմիջապես կհայտավորվեն:

Անաստասիա Գալուստյանը ժամանակավոր դադար է վերցրել: Ինչպե՞ս արձագանքեցիք մեր առաջատար գեղասահորդուհու այս որոշմանը:

Գալուստյանը ոտքի վնասվածք ունի, այդ պատճառով խնդրել է ժամանակավորապես դադարեցնել մրցումներին մասնակցելը: Չեմ կարծում, որ Անաստասիայի այս որոշումը կապված է օլիմպիական ուղեգիր չնվաճելու հետ, քանի որ Գալուստյանն այս պահին առաջին պահեստայինն է: Նրա պարագայում էլ, եթե որեւէ մեկը հրաժարվի մասնակցությունից, Անաստասիան կհայտավորվի Օլիմպիական խաղերին: Նրա ցանկությունն է դադար վերցնելը, բայց Անաստասիան չի ավարտում մարզական կարիերան, նա շարունակում է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: 18 տարեկան երեխա է, եւ նորմալ է նրա այս որոշումը:

Սլավիկ Հայրապետյանի մասին ի՞նչ կասեք:

Մեր առաջատար գեղասահորդը նույնպես հաջող հանդես եկավ այս մրցարջանում: Օրերս նա Էստոնիայում մասնակցեց «Tallinn Trophy 2017»  միջազգային մրցաշարին, որտեղ 23 մասնակիցների մեջ զբաղեցրեց 8-րդ տեղը: Այս արդյունքը գոհացնող է, քանի որ մրցաշարը վարկանիշային էր եւ մասնակիցների կազմը շատ ուժեղ էր: Նա շատ լավ մասնակցեց, միայն ափսոսում եմ, որ մեր առաջատար գեղասահորդին չհաջողվեց վարկանիշ նվաճել:

Միջազգային կարգի մրցավար չունենալու խնդրի մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է նաեւ Անաստասիա Գալուստյանը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:

Մենք ունենք միջազգային կարգի մրցավար. Սարգիս Թեւանյան: Նա միակն է, բնակվում է Վարշավայում: Սարգիս Թեւանյանը մեզ շատ է օգնում իր հնարավորությունների չափով:  Այժմ միջազգային ֆեդերացիան շատ է խստացրել մրցավարների հարցը: Նախկինում այդքան բարդ չէր կարգ ստանալը: Այժմ մի շարք փուլեր, քննություններ են հանձնում, մինչեւ միջազգային կարգ ստանալը: Շատ բարդ է: Մենք 2 տարի առաջ այդ քննություններին ուղարկել էինք մեր մրցավարներից մեկին, ով մի փուլն անցել էր, մյուսը` ոչ: 2018 թվականի ամռանը Ֆրանկֆուրտում կայանալու է մրցավարական քննություն, որին կմասնակցեն մեր մրցավարները: Եթե այս քննությունները բարեհաջող անցնեն, դա չի նշանակում, որ ստանալուն պես նրանք անմիջապես հնարավորություն կստանան Եվրոպայի, աշխարհի առաջնություններ դատել: Դրա համար ժամանակ է պետք:

Ի՞նչ կասեք Հայաստանի ուժեղագույն գեղասահորդներին փոխարինող սերնդի մասին: Եթե, օրինակ, Անաստասիա Գալուստյանի դադարը երկար տեւի, նրան փոխարինողներ ունե՞նք:

Փոխարինող սերունդ ունենք: Լավ ներուժ ունենք: Բայց խնդիրն այն է, որ փոխարինող սերունդը ապագայի հարց է: Օրինակ, այս պահին, Անաստասիա Գալուստյանին փոխարինող աղջիկ չունենք: Իսկ ընդհանրապես Հայաստանում գեղասահքը զարգացում է ապրում, եւ տարիներ անց, մենք լավ գեղասահորդներ կունենանք:

Հայաստանում գեղասահքով զբաղվում է շուրջ 600 երեխա: Երեւանում է կենտրոնացված գեղասահքը, քանի որ մարզերում մարզվելու պայմաններ չկան:  

Ի՞նչ մրցաշարերով կեզրափակեք տարին:

Տարին կեզրափակի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը. դեկտեմբերի 3-ին, պարային զույգը մեկնում է Խորվաթիա, որտեղ դեկտեմբերի 6-9-ը կմասնակցի «Golden Spin of  Zagreb» միջազգային մրցաշարին: Վարկանիշային մրցաշար է: Այս պահին զույգը Կանադայում է: Այնտեղից անմիջապես կմեկնեն Խորվաթիա:

Բացին մրցաշարերից, ունենք նաեւ մեծ ուսումնամարզական հավաք Վարշավայի 20 լավագույն գեղասահորդների հետ դեկտեմբերի 24-ից մինչեւ հունվարի 14-ը: Վարշավայի թիմին Հայաստան է բերում Սարգիս Թեւանյանը: Այստեղ նա կանցկացնի նաեւ մի շարք սեմինարներ մեր մարզիչների, մրցավարների եւ տեխնիկական սպասարկողների համար: Իսկ արդեն հունվարին Վարշավայի թիմի հետ կմեկնենք Մոսկվա` Եվրոպայի առաջնությանը: Հավաքին կմասնակցի նաեւ Սլավիկ Հայրապետյանը: Հավաքը կլինի Երեւանի Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով