16:54 30 նոյեմբերի, 2017Օլիմպիական վարկանիշային տարին հաջող էր, բայց ափսոսում եմ, որ մենք չկարողացանք 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Դեռեւս հույսներս չենք կտրում, քանի որ Սլավիկ Հայրապետյանից բացի մեր մյուս գեղասահորդները շարունակում են լինել առաջին պահեստայինները:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:
Տիկին Ստեփանյան, ինչպիսի՞ն էր տարին գեղասահորդների համար:
Տարին հագեցած էր մրցաշարերով, որոնց մեր գեղասահորդները լավ մասնակցություն ունեցան: Շատ մոտ էինք 2018թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելուն, բայց որոշ հանգամանքներ մեզ խանգարեցին:
Գնահատում եմ տարին միջին, քանի որ այն արդյունքները, որոնք մենք գրանցեցինք, իրականում լավ են: Մարզաձեւեր կան, որ պարտադիր լավագույն հնգյակում պետք է մտնեն, որ գնահատականը լինի լավ: Բայց գեղասահքում Հայաստանի մասշտաբով մեր այս տարվա արդյունքները նորմալ են: Եվրոպայի առաջնությունnւմ, օրինակ, եթե Անաստասիա Գալուստյանը զբաղեցրեց 10 կամ 12-րդ տեղը, մյուս մարզաձեւերի հետ համեմատական կարգով այս արդյունքը հավասար է լավագույն հնգյակում հայտնվելուն: Գեղասահքը շատ բարդ մարզաձեւ է` գետնի, հողի, խոտի վրա չի… Սառույցի վրա է, վերջիվերջո: Երբ սա գիտակցենք, հայավարի չմտածենք, կհասկանանք, որ այս մարզաձեւում ունենք լավ արդյունքներ եւ որ 10-րդ, 12-րդ տեղը բավական լավ արդյունք է:
Պարային զույգը շատ մոտ էր օլիմպիական ուղեգրին: Օլիմպիական խաղերին մասնակցելու ի՞նչ հնարավորություն կա:
Այս տարի փայլուն հանդես եկավ մեր զույգը` Թինա Կարապետյանը եւ Սիմոն Սենեկալը: Նրանք պետք է ուղեգիր նվաճեին: Նրանց իրականում մրցավարները խանգարեցին բարձր տեղերում հայտնվել: Անաստասիա Գալուստյանի եւ Սլավիկ Հայրապետյանի դեպքում մրցավարական անարդարություններ չեղան, բայց Սիմոնի եւ Թինայի դեպքում մրցավարները միջամտեցին: Եթե մրցավարները չլինեին, ամեն ինչ արդար դատեին, նրանք, վստահ, ուղեգիր կնվաճեին: Ամեն տեղ էլ անարդաություններ լինում են, մենք էլ միջազգային կարգի մրցավարներից խեղճ ենք, տուժեցինք: Մեր զույգին մրցավարներն այնքան հետ գցեցին, մինչեւ 8-րդ տեղում հայտնվեցինք: Շատ լավ էին հանդես գալիս: Մասնագիտական տեսանկյունից մեր զույգը հրաշալի հանդես եկավ եւ օլիմպիական ուղեգրի իրական հավակնորդներ էին:
Այս պահին մեր զույգը հնարավորություն ունի մեկնելու Օլիմպիական խաղերին: Իսրայելը ներկայացնող պարային զույգը, որն օլիմպիական վարկանիշ էր նվաճել, մասնակցության հայտ դեռ չի ներկայացրել: Նրանք ունեն անձնագրի հետ կապված խնդիր, այդ պատճառով նրանք դեռեւս մասնակցության հայտ չեն ներկայացրել:
Եթե անձնագրի հետ կապված խնդիրը չլուծվի մինչեւ դեկտեմբերի 20-ը, Իսրայելի զույգը պետք է հայտարարություն տա, ըստ որի Հայաստանի զույգը հնարավորություն կստանա մասնակցել Օլիմպիական խաղերին, քանի որ մեր պարային զույգը պահեստայինում է: Մինչեւ պաշտոնական հայտարարությունը իրավունք չունենք բարձրաձայնել: Իսկ այն, որ փոքր հնարավորություն է բացվել, ներքին կարգով ենք տեղեկացել:
Հենց Իսրայելի ֆեդերացիան հայտարարությունը տարածի, միջազգային ֆեդերացիան մեզ նամակ կուղարկի: Եթե նույնիսկ որեէ մեկը հրաժարվի մասնակցությունից Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալ անմիջապես կհայտավորվեն:
Անաստասիա Գալուստյանը ժամանակավոր դադար է վերցրել: Ինչպե՞ս արձագանքեցիք մեր առաջատար գեղասահորդուհու այս որոշմանը:
Գալուստյանը ոտքի վնասվածք ունի, այդ պատճառով խնդրել է ժամանակավորապես դադարեցնել մրցումներին մասնակցելը: Չեմ կարծում, որ Անաստասիայի այս որոշումը կապված է օլիմպիական ուղեգիր չնվաճելու հետ, քանի որ Գալուստյանն այս պահին առաջին պահեստայինն է: Նրա պարագայում էլ, եթե որեւէ մեկը հրաժարվի մասնակցությունից, Անաստասիան կհայտավորվի Օլիմպիական խաղերին: Նրա ցանկությունն է դադար վերցնելը, բայց Անաստասիան չի ավարտում մարզական կարիերան, նա շարունակում է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: 18 տարեկան երեխա է, եւ նորմալ է նրա այս որոշումը:
Սլավիկ Հայրապետյանի մասին ի՞նչ կասեք:
Մեր առաջատար գեղասահորդը նույնպես հաջող հանդես եկավ այս մրցարջանում: Օրերս նա Էստոնիայում մասնակցեց «Tallinn Trophy 2017» միջազգային մրցաշարին, որտեղ 23 մասնակիցների մեջ զբաղեցրեց 8-րդ տեղը: Այս արդյունքը գոհացնող է, քանի որ մրցաշարը վարկանիշային էր եւ մասնակիցների կազմը շատ ուժեղ էր: Նա շատ լավ մասնակցեց, միայն ափսոսում եմ, որ մեր առաջատար գեղասահորդին չհաջողվեց վարկանիշ նվաճել:
Միջազգային կարգի մրցավար չունենալու խնդրի մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է նաեւ Անաստասիա Գալուստյանը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:
Մենք ունենք միջազգային կարգի մրցավար. Սարգիս Թեւանյան: Նա միակն է, բնակվում է Վարշավայում: Սարգիս Թեւանյանը մեզ շատ է օգնում իր հնարավորությունների չափով: Այժմ միջազգային ֆեդերացիան շատ է խստացրել մրցավարների հարցը: Նախկինում այդքան բարդ չէր կարգ ստանալը: Այժմ մի շարք փուլեր, քննություններ են հանձնում, մինչեւ միջազգային կարգ ստանալը: Շատ բարդ է: Մենք 2 տարի առաջ այդ քննություններին ուղարկել էինք մեր մրցավարներից մեկին, ով մի փուլն անցել էր, մյուսը` ոչ: 2018 թվականի ամռանը Ֆրանկֆուրտում կայանալու է մրցավարական քննություն, որին կմասնակցեն մեր մրցավարները: Եթե այս քննությունները բարեհաջող անցնեն, դա չի նշանակում, որ ստանալուն պես նրանք անմիջապես հնարավորություն կստանան Եվրոպայի, աշխարհի առաջնություններ դատել: Դրա համար ժամանակ է պետք:
Ի՞նչ կասեք Հայաստանի ուժեղագույն գեղասահորդներին փոխարինող սերնդի մասին: Եթե, օրինակ, Անաստասիա Գալուստյանի դադարը երկար տեւի, նրան փոխարինողներ ունե՞նք:
Փոխարինող սերունդ ունենք: Լավ ներուժ ունենք: Բայց խնդիրն այն է, որ փոխարինող սերունդը ապագայի հարց է: Օրինակ, այս պահին, Անաստասիա Գալուստյանին փոխարինող աղջիկ չունենք: Իսկ ընդհանրապես Հայաստանում գեղասահքը զարգացում է ապրում, եւ տարիներ անց, մենք լավ գեղասահորդներ կունենանք:
Հայաստանում գեղասահքով զբաղվում է շուրջ 600 երեխա: Երեւանում է կենտրոնացված գեղասահքը, քանի որ մարզերում մարզվելու պայմաններ չկան:
Ի՞նչ մրցաշարերով կեզրափակեք տարին:
Տարին կեզրափակի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը. դեկտեմբերի 3-ին, պարային զույգը մեկնում է Խորվաթիա, որտեղ դեկտեմբերի 6-9-ը կմասնակցի «Golden Spin of Zagreb» միջազգային մրցաշարին: Վարկանիշային մրցաշար է: Այս պահին զույգը Կանադայում է: Այնտեղից անմիջապես կմեկնեն Խորվաթիա:
Բացին մրցաշարերից, ունենք նաեւ մեծ ուսումնամարզական հավաք Վարշավայի 20 լավագույն գեղասահորդների հետ դեկտեմբերի 24-ից մինչեւ հունվարի 14-ը: Վարշավայի թիմին Հայաստան է բերում Սարգիս Թեւանյանը: Այստեղ նա կանցկացնի նաեւ մի շարք սեմինարներ մեր մարզիչների, մրցավարների եւ տեխնիկական սպասարկողների համար: Իսկ արդեն հունվարին Վարշավայի թիմի հետ կմեկնենք Մոսկվա` Եվրոպայի առաջնությանը: Հավաքին կմասնակցի նաեւ Սլավիկ Հայրապետյանը: Հավաքը կլինի Երեւանի Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցում:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.