17:14  ,  22 նոյեմբերի, 2017

Ռաֆայել Վահանյան. Աշոտ Անաստասյանը հրաշալի շախմատիստ էր եւ հիասքանչ մարդ (ֆոտո)

Աշոտ Անաստասյանը հրաշալի շախմատիստ էր եւ հիասքանչ մարդ: Նրա հիշատակին նվիրված այս մրցաշարին մասնակցում են շատ շախմատիստներ, ինչը խոսում է Աշոտ Անաստասյանի հանդեպ մեծ հարգանգի մասին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:

Ծաղկաձորում մեկնարկել է միջազգային գրոսմայստեր, Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված կայծակնային խաղի հուշամրցաշար: Մասնակցում է 200 շախմատիստ 14 երկրից, այդ թվում՝ 29 միջազգային գրոսմայտեր, 28 միջազգային եւ ՖԻԴԵ վարպետներ:

Հուշամրցաշարի հաղթող դարձան Արման Փաշիկյանը (Հայաստան)՝ 9 միավոր, Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս)՝ 9 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը (Հայաստան)՝ 9 միավոր։

«Բոլորիս համար շատ կարեւոր մրցաշար է, նվիրված մեր լավ ընկերոջ, միջազգային գրոսմայտեր Աշոտ Անաստասյանին: Նա հրաշալի մարդ էր եւ շախմատիստ: Նրա անվան հուշամրցաշարին նույնիսկ ես եմ մասնակցում, ինչպես նաեւ մեր անվանի շախմատիստներ, կանանց եւ տղամարդկանց հավաքականների անդաները»,- ասաց Ռաֆայել Վահանյանը:

Մրցանակային հիմնադրամը 2500 ԱՄՆ դոլար էր: Հուշամրցաշարին մասնակցում էին նաեւ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրեասյանը, Էլինա Դանիելյանը, Մարիա Գեւորգյանը, Լիլիթ Գալոյանը:

Հուշամրցաշարի պարգեւատրումը եւ փակման արարողությունը կկայանա երեկոյան ժամը 19-ին: Նույն ժամին մեկնարկելու է նաեւ «Ծաղկաձոր օփեն» միջազգային մրցաշարը, որն անցկացվելու է մինչեւ դեկտեմբերի 2-ը Ծաղկաձորում:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով