13:04  ,  22 նոյեմբերի, 2017

«Սեւիլիան» աջակցել է քաղցկեղով հիվանդ Էդուարդո Բերիսոյին

Իսպանական «Սեւիլիան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հաստատելով, որ թիմի գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիսոյի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի քաղցկեղ:

«Սեւիլիայի» բժշկական շտաբը հայտնում է, որ Էդուարդո Բերիսոյի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտաբերվել: Առաջիկա թեստերը թույլ կտան որոշել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել բուժման կուրսում: «Սեւիլիան» լիովին աջակցում է իր մարզիչին եւ մաղթում արագ ապաքինում»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Ավելի վաղ իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Էդուարդո Բերիսոն անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղի ընդմիջման ժամանակ իր խաղացողներին հայտնել է, որ հիվանդ է քաղցկեղով:

Սեւիլիայում կայացած խաղի առաջին խաղակեսից հետո իսպանական ակումբը պարտվում էր 0:3 հաշվով, սակայն կարողացավ ոչ ոքի կորզել՝ 3:3: Ավելացված ժամանակում խփած երրորդ գոլից հետո «Սեւիլիայի» ֆուտբոլիստները վազել էին դեպի մարզիչը եւ գոլը տոնել նրա հետ:

Էդուարդո Բերիսոն այս մրցաշրջանից առաջ է գլխավորել «Սեւիլիան»: Դրանից առաջ նա 2014-2017-ն աշխատում էր Վիգոյի «Սելտայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում