10:32  ,  11 նոյեմբերի, 2017

Էդգար Ստեփանյան. Կփորձեմ ամեն ինչ անել, որ այս հաջողությունները լինեն շարունակական (ֆոտո)

Չգիտեմ՝ ինչ կդառնայի, եթե հեծանվասպորտը չընտրեի, բայց վստահ եմ, որ սպորտում կլինեի: Սպորտային երազանքս է նախ՝ Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճելը, հետո՝ օլիմպիական մեդալակիր դառնալը: Առաջին երազանքս իրականացնելու ճանապարհին եմ եւ մեծ հույս ունեմ, որ կստացվի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, որը Վարշավայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում նվաճել է արծաթե մեդալ սկրեչ մրցաձեւում:

Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունների արդյունքներով կորոշվեն 2018 թվականի փետրվարին կայանալիք աշխարհի առաջնության մասնակցության իրավունք նվաճած լավագույն 24 հեծանվորդները: Այս պահին Հայաստանի առաջատար հեծանվորդը 23-րդն է:

20-ամյա Էդգար Ստեփանյանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է, աշխարհի փոխչեմպիոն: 2017 թվականին առաջին անգամ մեծահասակների կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը եւ զբաղեցրեց 11-րդ տեղը: Իսկ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի արծաթե մեդալը հեծանվորդի առաջին լուրջ նվաճումն է մեծահասակներում:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ Էդգար Ստեփանյանը հանդիպեց Վարշավայաից վերադառնալուց օրեր անց, քանի որ մարզիկը Երեւանում բացօթյա մարզումների պատճառով հասցրել էր մրսել եւ վատառողջ էր:

«Ուրախ եմ, որ այս առաջին լուրջ հաջողությունը մեծահասակներում բոլորին ուրախացրել է: Ես երիտասարդներում դարձել եմ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, բայց մեծահասակներում լուրջ արդյունքն այլ է, զգացողություններն այլ են, մեծահասակներում պայքարը ուրիշ աշխարհ է:

Վարշավայում երբ ավարտեցի մրցելույս, նայեցի մարզիչիս, հասկացա, որ ամեն ինչ հրաշալի է: Նրա ուրախությունը եւ դահլիճի ցնծությունը տեսնելն ամեն ինչ արժեր: Երբ օդում Հայաստանի դրոշն էր հաղթող երկրի եւ 3-րդ տեղը զբաղեցրած երկրի դրոշների հետ, հպարտության զգացումներ ունեցա, իսկ 3 հազար տեղանոց դահլիճը հոտնկայս ծափահարում էր:

Կփորձեմ ամեն ինչ անել, որ այս հաջողությունները շարունակական լինեն»,- ասաց Էդգար Ստեփանյանը:

Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի արծաթե մեդալը նվաճելու ճանապարհի, հեծանվորդի կարիերան ընտրելու, մարզաձեւի բարդությունների, խնդիրների եւ ապագա անելիքների մասին Հայաստանի առաջատար հեծանվորդը պատմել է տեսանյութում:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով