10:32 11 նոյեմբերի, 2017Չգիտեմ՝ ինչ կդառնայի, եթե հեծանվասպորտը չընտրեի, բայց վստահ եմ, որ սպորտում կլինեի: Սպորտային երազանքս է նախ՝ Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճելը, հետո՝ օլիմպիական մեդալակիր դառնալը: Առաջին երազանքս իրականացնելու ճանապարհին եմ եւ մեծ հույս ունեմ, որ կստացվի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, որը Վարշավայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում նվաճել է արծաթե մեդալ սկրեչ մրցաձեւում:
Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունների արդյունքներով կորոշվեն 2018 թվականի փետրվարին կայանալիք աշխարհի առաջնության մասնակցության իրավունք նվաճած լավագույն 24 հեծանվորդները: Այս պահին Հայաստանի առաջատար հեծանվորդը 23-րդն է:
20-ամյա Էդգար Ստեփանյանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է, աշխարհի փոխչեմպիոն: 2017 թվականին առաջին անգամ մեծահասակների կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը եւ զբաղեցրեց 11-րդ տեղը: Իսկ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի արծաթե մեդալը հեծանվորդի առաջին լուրջ նվաճումն է մեծահասակներում:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ Էդգար Ստեփանյանը հանդիպեց Վարշավայաից վերադառնալուց օրեր անց, քանի որ մարզիկը Երեւանում բացօթյա մարզումների պատճառով հասցրել էր մրսել եւ վատառողջ էր:
«Ուրախ եմ, որ այս առաջին լուրջ հաջողությունը մեծահասակներում բոլորին ուրախացրել է: Ես երիտասարդներում դարձել եմ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, բայց մեծահասակներում լուրջ արդյունքն այլ է, զգացողություններն այլ են, մեծահասակներում պայքարը ուրիշ աշխարհ է:
Վարշավայում երբ ավարտեցի մրցելույս, նայեցի մարզիչիս, հասկացա, որ ամեն ինչ հրաշալի է: Նրա ուրախությունը եւ դահլիճի ցնծությունը տեսնելն ամեն ինչ արժեր: Երբ օդում Հայաստանի դրոշն էր հաղթող երկրի եւ 3-րդ տեղը զբաղեցրած երկրի դրոշների հետ, հպարտության զգացումներ ունեցա, իսկ 3 հազար տեղանոց դահլիճը հոտնկայս ծափահարում էր:
Կփորձեմ ամեն ինչ անել, որ այս հաջողությունները շարունակական լինեն»,- ասաց Էդգար Ստեփանյանը:
Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի արծաթե մեդալը նվաճելու ճանապարհի, հեծանվորդի կարիերան ընտրելու, մարզաձեւի բարդությունների, խնդիրների եւ ապագա անելիքների մասին Հայաստանի առաջատար հեծանվորդը պատմել է տեսանյութում:









Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.