17:53  ,  10 նոյեմբերի, 2017

Նշանակումներ ՀԲՖ-ում. Կարեն Աղամալյանը՝ երիտասարդականի ավագ մարզիչ, օլիմպիական Վլադ Մարգարյանը՝ մարզիչի օգնական (ֆոտո)

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում նոր նշանակումներ են եղել: Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Կարեն Աղամալյանը  նշանակվել է երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ: Աղամալյանին կօգնի Ռիո-2016-ի օլիմպիական Վլադ Մարգարյանը: Մեծահասակների գլխավոր մարզիչի պաշտոնում փոփոխություն չի եղել, այն կշարունակի գլխավորել Դավիթ Թորոսյանը:

Երեւանի «Օլիմպավանում» կայացավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 10-րդ համաժողողովը, որը վարում էր ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը:

Ֆեդերացիայի նիստին մասնակցում էին բռնցքամարտի մարզիչներ, մարզիկներ, ֆեդերացիայի գործկոմը: Նիստին մասնակցում էին քիչ թվով մարզիչներ, նիստերի դահլիճը, նախորդ նիստների համեմատ այդքան էլ լեցուն չէր, ինչը, կարծես, ՀԲՖ նախագահին դուր չեկավ: Ֆեդերացիայի նիստը Արթուր Գեւորգյանի առաջարկով մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի 2017 թվականի ամփոփումով:

«Այն ձեռագիրը, որը սեփականացրել եմ, արդարացրել է իրեն, այս մասին փաստում են մեր արդյունքները: Այս տարվա մեր գլխավոր մրցաշարերը Խարկովում կայացած Եվրոպայի առաջնությունն էր եւ Համբուրգում կայացած աշխարհի առաջնությունը: Երկուսից էլ վերադարձանք մեդալներով: Այս տարի արեցինք հնարավորությունների առավելագույնը: Կնախապատրաստվենք 2019 թվականին, քանի 2018 թվականին լուրջ մրցաշարեր չունենք, բացի մինչեւ 22 տարեկաննների Եվրոպայի առաջնությունը:

Այս տարին ինձ համար, ինչպես նաեւ հայկական բռնցքամարտի համար հատկանշական էր նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտում ունենած մեր հաջողություններով: Մեր բռնցքամարտիկները 14 մենամարտ անցկացրեցին պրոֆեսիոնալ ռինգում, որից 12-ում տեխնիկական նոկաուտով հաղթեցին: Ես շատ ուրախ եմ, որ զուգահեռ աշխատում ենք նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների վրա, բայց դեռեւս լիարժեք չենք կարող ասել, որ մեր 3 բռնցքամարտիկները վերջնական հաջողություն են ասել սիրողական բնռցքամարտին: Ինչպես կորոշի ֆեդերացիայի նախագահը, այդպես էլ կաշխատենք»,- ասաց Դավիթ Թորոսյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչի հաշվետվությունը որեւէ հարց չառաջացրեց դահլիճում: Արթուր Գեւորգյանն իր հերթին մեծահասակների 2017 թվականի արդյունքները գնահատեց լավ:

 «Բռնցքամարտում ասում են՝ հաղթողներին չեն դատում: Վերջին 7-8 տարիների ընթացքում մենք չենք ունեցել նման արդյունք: Հովհաննես Բաչկովը դեռ չի տեղափոխվի պրոֆեսիոնալ ռինգ, նա դեռ իր ասելիքը ունի սիրողական բռնցքամարտում: 2018 թվականին ունենք մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնություն: Մենք պետք է լավ պատրաստվենք, որպեսզի կարողանանք 2019-ից նվաճել օլիմպիական ուղեգրեր: 2018 թվականը կլինի մարզավիճակը պահելու, փորձարկումների տարի»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Անդրադառնալով խնդիրներին, ֆեդերացիայի նախագահն ընդգծեց մարզչությունը եւ տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում է մարզիչների որակավորման հերթական քննությունը, որը լինելու է գործնական: Որակավորման քննությունը մարզիչներին կտա երկու աստղ:

Արթուր Գեւորգյանը կատարեց նոր նշանակումներ: Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, ով այս շրջանում ֆեդերացիայում որեւէ պաշտոն չէր զբաղեցնում, նշանակվեց երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ՝ փոխարինելով Դերենիկ Ոսկանյանին: Երիտասարդների երկրորդ մարզիչ նշանակվեց հավաքականի արդեն նախկին անդամ, Ռիո-2016-ում 69 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վլադ Մարգարյանը: Ավագ տարիքի պատանիների հավաքականի մարզիչ Արշավիր Գրիգորյանին փոխարինեց նախկին բռնցքամարտիկ Արտյոմ Սիմոնյանը, երկրորդ մարզիչ՝ Ռոբերտ Պետրոսյանը: Կրտսեր տարիքի պատանիների հավաքականը կշարունակի մարզել Աշոտ Ավետիսյանը: Կանանց բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կգլխավորի Խաչիկ Խաչատրյանը, ով երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանի անձնական մարզիչն է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով