21:53  ,  9 նոյեմբերի, 2017

Արմեն Գյոզալյան. Էդգար Ստեփանյանը կատարեց իր հնարավորությունների առավելագույնը

Երբ հայտարարեցին Էդգար Ստեփանյան՝ արծաթե մեդալակիր եւ բարձրացավ Հայաստանի դրոշը, մի քանի հայերով Վարշավայի մարզահրապարակում այնպիսի ցնծության ալիք բարձրացրինք, որ ամբողջ դահլիճը ծափահարում էր: Երբեք բախտ չէի ունեցել տեսնել Հայաստանի դրոշը մեծահասակների մրցաշարերի հաղթողների հետ օդում ծածանվելիս:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանը, ում գլխավորությամբ հայ հեծանվորդը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին մեդալը նվաճեց հեծանվային սպորտում:

Հիշեցնենք, որ Էդգար Ստեփանյանը օրերս Վարշավայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում նվաճել է արծաթե մեդալ: Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունների արդյունքներով կորոշվեն 2018 թվականի փետրվարին կայանալիք աշխարհի առաջնության մասնակցության իրավունք նվաճած լավագույն 24 հեծանվորդները: Այս պահին Հայաստանի առաջատար հեծանվորդը 23-րդն է:

«Շատ գոհ եմ Էդգար Ստեփանյանի արդյունքից աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում: Որպես անձնական մարզիչ նրա արծաթե մեդալի արդյունքը գնահատում եմ գերազանց: Առաջին անգամ էր Էդգար Ստեփանյանը մեծահասակների կազմում մասնակցում աշխարհի գավաթի խաղարկությանը եւ մեզ համար շատ պատասխանատու էր: Նա կատարեց իր հնարավորությունների առավելագույնը: Մեր հեծավորդն իր այս արդյունքով գլխից բարձր ցատկ կատարեց իր երկրորդ տեղի արդյունքով: Լինելով 20 տարեկան եւ մրցելով աշխարհի ուժեղագույնների հետ՝ ներդրեց իր հնարավորությունների առավելագույնը: Ստեփանյանի մրցակիցները աշխարհի չեմպիոն, օլիմպիական մրցանակակիր էին, Եվրոպայի չեմպիոններ, աշխարհի գավաթակիրներ: Այս պահի դրությամբ Էդգար Ստեփանյանն աշխարհի լավագույն 24 հեծանվորդների մեջ է:

Առաջիկայում ունենք աշխարհի գավաթի խաղարկության եւս մի քանի փուլ: Ցավոք, բաց կթողնենք երկրորդ եւ երրորդ փուլերը: Կմասնակցենք դեկտեմբերին Պորդտուգալիայում կայանալիք չորրորդ փուլին: Այդ երկու փուլերը կայանալու են Կանադայում եւ Չիլիում: Շատ հեռու են այս պետությունները եւ շատ ծախսատար: Տեսնենք, թե ինչպես կստացվի: Մենք հասկանում ենք, որ այս պահին մեր մարզիկը 23-րդն է եւ չմասնակցելով աշխարհի գավաթի խաղարկության փուլերին, կարող է հետ ընկնել, քանի որ յուրաքանչյուր փուլ շատ միավորներ է տալիս: Օրինակ՝ Լեհաստանում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին մեկնելուց առաջ 69-րդ հորիզոնականում էր Էդգար Ստեփանյանը, իսկ գավաթի խաղարկության արծաթե մեդալը մեզ տվեց միանգամից 450 միավոր: 

Մինչ աշխարհի գավաթի խաղարկությունը Էդգար Ստեփանյանը մասնակցել էր 6 մրցաշարի: Իսկ Վարշավայում Էդգարի հետ մեկնարկի դուրս եկած յուրաքանչյուր հեծանվորդ տարվա ընթացքում մասնակցել է նվազագույնը 14 միավոր տվող միջազգային մրցաշարի: Դե պատկերացրեք, եթե Էդգարը հնարավորություն ունենար մասնակցել այդքան մրցաշարերի եւ յուրաքանչյուր մրցաշարից թեկուզ 100 միավոր էլ վաստակեր, մենք խնդիր չէինք ունենա: Այս մրցաշարով էդգարը 69-րդ տեղից բարձրացավ 23-րդ տեղ, իսկ Հայաստանը՝ 31-րդ տեղ: Այժմ Հայաստանը պաշտոնապես աշխարհի առաջնության երրորդ զամբյուղում է: Տարվա վերջում եթե մեր երկիրը միավորներով ավելի բարձր տեղ զբաղեցնի, ավելի լավ զամբյուղում կհայտնվի:

Մենք ունենք դեռեւս աշխարհի գավաթի խաղարկության 2 փուլ՝ Պորտուգալիայում դեկտեմբերին, Մինսկում՝ հունվարին եւ փետրվարին արդեն աշխարհի առաջնությունն է: Ուղղակի շատ ափսոս կլինի, որ այս պահին լինելով աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունք ունեցող լավագույն 24-ի մեջ, կորցնենք մեր դիրքը եւ չկարողանանք կրկին լավագույնների շարքում լինել: Այդ պատճառով մեր ամբողջ ուժը կներդնենք միավորներ տվող հաջորդ մրցաշարերում եւ վերջին երկու փուլերում լավագույնս ներկայանալու համար»,- նշեց անձնական մարզիչը:

Էդգար Ստեփանյանի մարզումները ոչ մի օր կանգ չեն առնում, միակ խոչընդոտը եղանակային պայմաններն են, իսկ արտագնա մարզումների մասին մարզիչն ու մարզիկը նույնիսկ չեն մտածում, քանի որ կրկին ֆինանս չկա:

«Նոր ենք վերադարձել մրցումներից, բայց չենք հանգստանում, առաջին օրվանից շարունակում ենք մարզումները: Մարզվում ենք մեր մարզադպրոցում, բացօթյա պայմաններում, քանի որ փակ տանիքով հեծանվահրապարակ չունենք: Եղանակային վատ պայմանների դեպքում հեծանվամարզասարքի վրա ենք մարզվում: Իհարկե, սա չի կարող տալ այն արդյունքը, ինչ խճուղին կամ հեծանվահրապարակը: Բայց հեծանվահրապարակում չենք կարող մարզումներ անել հասկանալի պատճառներով, քանի որ մեր հրապարակը բացօթյա է եւ փայտից:

Արտագնա հավաքների, մարզումների մասնակցելու նպատակների մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ նման որոշումները կայացնում է ֆեդերացիան»,- պատմեց Արմեն Գյոզալյանը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով