18:47  ,  1 նոյեմբերի, 2017

ՀՁՖ գլխավոր քարտուղար. Ֆեդերացիան ունի հստակ կանոնակարգ, որի հիման վրա էլ որակազրկել է Գրիգոր Սահակյանին

Ֆեդերացիան ունի հստակ կանոնակարգ, որի հիման վրա էլ որակազրկել է Գրիգոր Սահակյանին. եթե մարզիկը մեր առաջին համարն է, պետք է մասնակցի ձյուդոյի, այլ ոչ թե սամբոյի մրցման: Բյուջեով մեզ հատկացված գումարով մենք պետք է ձյուդոն զարգացնենք, այլ ոչ թե սամբոն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նորանշանակ գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը (լուսանկարում՝ կենտրոնում)՝ մեկնաբանելով ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականի առաջատար, 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանին մեկ տարով որակազրկելու որոշումը:

«Այո, մենք որակազրկել ենք Գրիգոր Սահակյանին, քանի որ նա առանց ֆեդերացիայի թույլտվության մասնակցել է սամբոյի աշխարհի առաջնությանը, թեեւ առջեւում ավելի կարեւոր մրցաշար կար՝ ձյուդոյի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Ես չեմ կարողանում հասկանալ մարդկանց մոտեցումը՝ առանց ուսումնամարզական հավաք անելու, մարզիկին տանում են սամբոյի աշխարհի առաջնությանը:
Մեծ գումար ենք ծախսում ձյուդոյի վրա, մարզիկին մեր բանիմաց մարզիչների շնորհիվ բերում հասցնում ենք իր մարզավիճակի գագաթնակետին, եւ նա գնում է սամբոյի աշխարհի առաջնության:

Այսօր բոլորիս նպատակը ձյուդո մարզաձեւը բարձրացնելն է: Ձյուդոն այսօր շատ է բարդացել, նույնիսկ, օլիմպիական չեմպիոններն են Եվրոպայի, աշխարհի առաջնություններում պարտվում: Մենք մարզիկին նախապատրաստում ենք ձյուդոյի Եվրոպայի, աշխարհի առաջնությանը, իսկ նա մասնակցում է սամբոյի մրցմանը:

Գրիգոր Սահակյանը բոլորիս եւ իր ջանքերով հասել էր Եվրոպայի բրոնզե մեդալին, ինչի համար բոլորս շատ ուրախ էինք, երեւում է նաեւ մեր մարզիչի աշխատանքը: Եվրոպայից հետո նա պետք է մեկներ թիմի հետ Հունգարիա՝ ուսումնամարզական հավաքի, բայց տարան սամբոյի աշխարհի առաջնությանը՝ ասելով, թե կարող է երկուսին էլ մասնակցել...

Բայց պրոֆեսիոնալ մարզիկն իր մարզավիճակի գագաթնակետին տարվա ընթացքում հասնում է ամենաշատը երկու անգամ: Չի կարելի նման մոտեցում ցույց տալ օլիմպիական մարզաձեւի նկատմամբ:

Սամբո մարզաձեւը մեզ միայն օգնում էր նրանով, որ եթե մարզիկները սամբոյի երիտասարդների աշխարհի, Եվրոպայի արդյունքներ ունեն, ընկնում են սպորտային վաշտ: Մեր համագործակցությունը սամբոյի ֆեդերացիայի հետ այսքանն է, որ մարզիկներին չենք արգելում մասնակցել սամբոյի մրցաշարերին: Բայց տրամաբանական չէ, որ ձյուդոյի ֆեդերացիայի ներդրած գումարներով, ծախսերով մարզումային նորմալ գործընթաց անցած մարզիկին բռնում, տանում են սամբոյի մրցաշարի:

Մարզիկին որակազրկելու խնդիրը ֆեդերացիայի նախագահինն է եւ մարզչական շտաբինը: Մենք առաջին անգամ չենք այս մեթոդը կիրառում: Ֆեդերացիայի նախկին նախագահի ժամանակ ավելի խիստ է եղել, քանի որ ոչ ոք չի ցանկանա, որ  իր աշխատանքն ու տանջանքը ուրիշը վայելի. մարզիկը մեր ծախսած գումարներով սամբոյի մրցաշարի է գնում: Մենք նրան որակազրկում ենք, եւ մեկ տարի նա իրավունք չի ունենա մասնակցել ձյուդոյի մրցաշարերին:

Մենք մարզիկներին չենք արգելում մասնակցել սամբոյի մրցաշարերին, բայց եթե մարզիկը այս պահին մեր առաջին համարն է, Եվրոպայի մրցանակակիր է,  ապա միանշանակ պետք է մասնակցի աշխարհի առաջնությանը: Իսկ նա առանց որեւէ մեկին հարցնելու իր անձնական մարզիչի հետ որոշում է գնալ սամբոյի մրցաշարի, դա անընդունելի է:

Ընտրությունը մարզիկինն է, ես ոչինչ չունեմ ասելու, նրան որեւէ մեկը չի պարտադրում, նա է ընտրում, բայց պրոֆեսիոնալ մարզիկը, ով ձյուդոիստ է, չի կարող թողնել ձյուդոյի մրցաշարը եւ գնալ սամբոյի մրցման, առանց հավաքականի ավագ մարզիչի հետ խորհրդակցելու:

Այլ հարց է՝ եթե մարզիկները չեն լինում առաջին համարները, նրանք որեւէ խնդիր չունեն՝ որ մրցաշարերին ուզեն, կմասնակցեն: Իսկ Գրիգոր Սահակյանը այս պահին մեր առաջին համարն էր եւ առանց քննարկելու նա պետք է լիներ աշխարհի առաջնության մեկնող թիմի կազմում: Իսկ մարզիկն ու իր անձնական մարզիչը այս հարցում չեն համագործակցել ֆեդերացիայի հետ եւ չեն հայտնել հավաքականի ավագ մարզիչին, որ Գրիգորը մասնակցելու է սամբոյի աշխարհի առաջնությանը:

Մարզիկը կարող է ցանկություն հայտնել մասնակցել երկու աշխարհի առաջնություններին էլ, բայց սպորտից հասկացող մարդը գիտակցում է, որ Եվրոպայի առաջնությունից հետո երկու աշխարհի առաջնությունների մասնակցել եւ արդյունք անելն անհավանական է եւ ոչ պրոֆեսիոնալ, քանի որ չի կարող մարզիկը երկուսում էլ լիարժեք մարզավիճակում, իր գագաթնակետում մնալ: Իսկ մենք չենք ուզում եւ չենք կարող մարզավիճակից ընկած մարզիկին տանել աշխարհի առաջնություն:

Ֆեդերացիան ունի հստակ կանոնակարգ, որի հիման վրա էլ մենք կայացրել ենք որակազրկելու որոշումը՝ եթե առաջին համարներն ունեն առջեւում կարեւոր մրցում՝ Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն, այդ մարզիկին չեն խանգարում, չեն տանում ուրիշ մարզաձեւի մրցման: Իսկ եթե չունենք կարեւոր մրցաշար, յուրաքանչյուր մրցման էլ կարող են մեկնել, մասնակցել»,- նշեց Թաթուլ Հովհաննիսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով