23:41  +04,  28 հոկտեմբերի, 2017

Արթուր Գեւորգյան. Մարզիկները տուժում են մարզիչների անգրագիտության պատճառով

Հայաստանի առաջնության արդյունքներն ինձ չեն գոհացնում. այսպիսի արդյունքների չէի սպասում: Մարզիկները տուժում են մարզիչների անգրագիտության պատճառով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, ով բռնցքամարտի Հայաստանի առաջնությունից հետո ամփոփեց արդյունքները:

Պարոն Գեւորգյան, ամփոփելով Հայաստանի առաջնության արդյունքները, ի՞նչ ներուժ եք տեսնում բռնցքամարտիկների մեջ եւ ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք:

Ցավալի է, բաց խնդիրներն ավելի շատ են, քան պոտենցիալը: Այս տարի շատ ավելի վատ էին արդյունքները, քան սպասում էինք: Մարզական ակումբներում, դպրոցներում սերնդափոխություն անելու խնդիր ունենք: Պետք է լուրջ հետազոտություններ անենք, մարզական ակումբներում եւ դպրոցներում, թե ինչպես են ընթացնում մարզումային գործընթացները: Այն մարզավիճակում եւ այն մարզական գիտելիքերով, որ մարզիկները գալիս են մասնակցելու Հայաստանի առաջնությանը, ինձ չի բավարարում:

Իսկ ի՞նչն է այս վիճակի պատճառը: Առաջնությունն, ասես հիշեցնում է ավելի շատ մարզիչների, քան մարզիկների պայքար:

Համամիտ եմ, որ այս առաջնությունը մարզիչների պայքար է հիշեցնում. կա նման բան: Մարզիչները, եթե խելացի լինեն, այս պայքարը կտեղափոխվի ռինգ՝ մարզիկների միջեւ: Քանի որ մարզիկները ունակ չեն, մարզիչներն են իրար մեջ պայքարում: Մարզիչի լավ աշխատանքը երեւում է ռինգում՝ իր սանի միջոցով:

Այս ամենին զուգահեռ այս տարի հայկական բռնցքամարտում եղան լուրջ նվաճումներ. Հովհաննես Բաչկովը դարձավ Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս հաջողությունները հիմք չեն կարո՞ղ լինել  փոխարինող սերնդի համար:

Հաջողություններ իհարկե կան: Եվ ֆեդերացիան, եւ ավագ մարզիչները, մարզչական թիմը, որը աշխատում է ֆեդերացիայում, շատ լավ են աշխատում, իսկ ֆեդերացիան հետեւողական է այդ աշխատանքներին: Մենք որդեգրել ենք ռոտացիոն համակարգ. ով լավ չի աշխատում, նրան փոխարինում է մյուսը, ընտրում ենք լավագույններին եւ շարունակում ենք աշխատել: Բայց խնդիրն այստեղ այլ է. մենք մարզիկին ճանաչում ենք Հայաստանի առաջնությունում, երբ նրանք դուրս են գալիս ռինգ, այդպես նաեւ հասկանում ենք ընտրված մարզիչի աշխատանքը: Բայց շատ կարեւոր եւ հիմնական աշխատանք կա անելու մինչեւ այդ:

Այսինքն՝ խնդիրն ավելի շատ մարզիչերի՞ մեջ է, թե՞ մարզիկների:

Խնդիրը մարզիչների գիտելիքների մեջ է: Մարզիկները՝ բռնցամարտիկները բոլորն էլ լավն են, տղամարդ տղերք են: Եթե մարդ գալիս է բռնցքամարտի, ուրեմն վախկոտ չի, տղամարդ տղա է: Թե նրան ինչպես են սովորեցնում՝ բռնցքամարտել, լավ, թե վատ, արդեն մարզիչի խնդիրն է, գիտելիքների խնդիրն է: Այս ամենը հիմք ընդունելով՝ ակումբների ղեկավարները պետք է հետեւություններ անեն եւ չաշխատող մարզիչներին փոխարինեն:

Ֆեդերացիան ի՞նչ լուծում է տեսնում այս խնդրի համար: Գուցե Հայաստանի առաջնությունից հետո մշակվի՞ որեւէ նոր ծրագիր՝ հետագայում մարզիչների հետ կապված խնդրի լուծում գտնելու համար:

Կա արդեն մշակված ծրագիր: Հայաստանի սպորտի նախարարության հետ արդեն կա նախնական պայմանավորվածություն, որ հետագայում ուսումնասիրվի բոլոր մարզադպրոցների գործող մարզիչներին: Այդ ուսումնասիրությունների հիման վրա, համոզված եմ, որ շատ փոփոխություններ կանենք ոլորում:

Ես արդեն 3 տարի է համոզվում եմ եւ ինքս էլ հստակ որոշել եմ, որ հայկական բռնցքամարտում բարեփոխումներ մտցնելու եւ զարգացում ունենալու համար պետք է մարզչական թիմի հետ տարվեն լուրջ աշխատանքներ, մշտապես լինեն փոփոխություններ: Այսօր արդեն նախարարության հետ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ մեր որդեգրած քաղաքականությունը ներմուծենք նաեւ մարզական ակումբներում, մարզադպորցներում:

Ստացվում է, որ բռնցքամարտիկները տուժում են մարզիչների պատճառով:

Այո, այդպես է… Մարզիկները տուժում են մարզիչների անգրագիտության պատճառով: Ծնողը երեխային տանում է մարզադպրոց, չի ճանաչում մարզիչին, բայց ուզում է, որ իր երեխան դառնա լավ բռնցամարտիկ: Դրա պատասխանատվությունը պետական ապառատի վրա է:

Այսօր Հայաստանի առաջնությում հանդես եկած 10 քաշային կարգերից ո՞ր քաշում լուրջ հույսեր կարող ենք ակնկալել, ո՞ր քաշային կարգում տեսաք նոր նվաճումների հույս:

Այսօր ինձ գոհացրեց 49 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչում նվաճած Արթուր Հովհաննիսյանը, ով նաեւ Ռիո-2016-ում մեր օլիմպիականն էր: Նա բավականին լավ հանդես եկավ: Նա դեռ իր խոսքը կասի սիրողական բռնցքամարտում:

Մեր ուժեղագույն բռնցամարտիկ Հովհաննես Բաչկովը 64 կգ քաշային այսօր չէր մասնակցում Հայաստանի առաջնությանը: Նա շուտով կվերադառնա հավաքական եւ նույնպես իր խոսքը դեռ կասի: Լավագույններից Հայաստանի առաջնությանը չմասնակցեց նաեւ Նարեկ Մանասյանը, ով վիրահատվել է: Այնպես որ, հավաքականում լավ բռնցքամարտիկներ կան… Ինձ ավելի շատ մտահոգում է նոր սերունդը, որում դեռեւս չեմ տեսնում այդ ներուժը, բայց լինելու է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ