23:46  ,  25 հոկտեմբերի, 2017

Ռոբերտ Էմմիյանի պատասխանը սպորտի նախարարին. 80-90 հազար եվրո պետք չէ

Ռոբերտ Էմմիյանը արձագանքել է սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությանը, թե «Հրազդան» ստադիոնում աթլետիկական վազքուղի կառուցելու համար պետությունից կպահանջվի  80-90 հազար եվրո: Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ 10 հազար եվրոյից ավելի պետությունից չի ակնկալում:

«Մարզադաշտի տարածքը 8000 քմ է, որից 7000-ը բուն աթլետիկական տարածքն է: Այն ընկերությունը, որի հետ պայմանավորվածություն եմ ձեռք բերել («Հերկուլան»), այս տարածքն ամբողջությամբ Հայաստանի համար անում է 170 հազար եվրոյով: Ես փաստում եմ, որ միջազգային ֆեդերացիան եւ Եվրոպական ֆեդերացիան փոխանցում են այս գումարի 90 տոկոսը՝ 160 հազար եվրո: Հայաստանյան կողմին մնում է ներդնել զուտ 10 հազար եվրոյին համարժեք գումար եւ մեկ շերտով ասֆալտապատել մարզադաշտի հատակը: Դա մեծ գումար չէ: Ես որեւէ խնդիր չեմ տեսնում մարզադաշտում վազքուղի կառուցելու հետ կապված: Մենք նոր շինություն չենք կառուցելու, այդքան էլ վատ վիճակում չէ «Հրազդան» մարզադաշտը: Վերջերս «Հերկուլան» կազմակերպության մասնագետները այցելեցին Հայաստան, մենք եղանք մարզադաշտում, նրանք էլ փաստեցին, որ այդքան էլ մեծ աշխատանք չի պահանջվում եւ մեծ գումարներ այս մարզադաշտի վրա ներդնելու կարիք բացարձակ չկա:

Ես գումարի խնդիր չեմ տեսնում, իրականում մեծ խնդիր է մարզադաշտի կարգավիճակի հարցը: Այն գտնվում է լուծարման գործընթացում եւ շատ արագ պետք է այս մարզադաշտի հարցը լուծվի, որպեսզի եւս մեկ անգամ միջազգային ֆեդերացիայի, եվրոպական ֆեդերացիայի առջեւ ամոթով չմնանք, քանի որ նրանք սրտանց ուզում են աջակցել մեզ:

Այսօրվա դրությամբ ունենք 2 ստադիոն՝ «Հրազդանը» եւ «Հանրապետականը»: Ես շատ եմ ուզում, որ այս վազքուղին լինի Երեւանում, որպեսզի մենք կարողանանք միջազգային մրցաշարեր, Եվրոպայի առաջնություններ հյուրընկալել: «Հանրապետական» մարզադաշտն, ասում են, ֆուտբոլի ստադիոն է, աթլետներին թույլ չեն տա: Բայց իրականում ֆուտբոլիստներին էլ է հարկավոր այդ վազքուղին:

Ամեն դեպքում ես փորձում եմ հասկանալ բոլոր պատճառաբանությունները: «Հրազդան» ստադիոնն է մեզ մնում միայն Երեւանում, որը համապատասխանում է   միջազգային ստանդարտներին: Մի փաստ եմ ուզում նշել. ես այս նախագծի համար միջազգային ֆեդերացիայի եւ Եվրոպական ֆեդերացիայի ֆինանսական աջակցությունը եւ համաձայնությունը ստացել եմ դեռեւս 2010 թվականին եւ այդ տարվանից փորձում եմ որեւէ կերպ իրականացնել եւ ստանալ Հայաստանի կառավարության աջակցությունը: Այն ժամանակ երբ ես ներկայացրեցի այս նախագիծը՝ 2010 թվականին «Հրազդան» մարզադաշտը լուծարման շեմին չէր եւ ոչ էլ այդ գործըթացի մեջ էր, նման խնդիր չկար:

Ես նորից շնորհակալ եմ երկրի նախագահին, կառավարությանը, սպորտի նախարարին, որ որեւէ մեկը դեմ չէ իմ նախագծին, բոլորն էլ ուզում են՝ իրականցնենք այն: Բայց պետք չէ ձգձգել այդ կազմակերպչական հարցերը, մարզադաշտի կարգավիճակի հարցը: Այսօր է, վաղն է, չգիտեմ թե որքան ժամանակ հետո, շատ արագ պետք է այս հարցին լուծում տալ, որպեսզի մեզ աջակցող մարդիկ, կազմակերպությունը չհիասթափվեն եւ չեղյալ չհամարեն տարիների իմ ձեռք բերած այս պայմանավորվածությունը: Վերջիվերջո այս մարզադաշտը որեւէ կոնկրետ կարգավիճակ պե՞տք է ձեռք բերի, որքա՞ն պետք է այդպես անորոշ մնա:

Իսկ ինչ վերաբերվում է մարզադաշտում մյուս խնդիրներին՝ հանդերձարաններ, տեխնիկա... Եվ «Հրազդան» եւ «Հանրապետական» մարզադաշտերում հանդերձարաններ էլ կան, տրիբունաների նստարաններն էլ նորմալ վիճակում են, սանհանգույցներն էլ կան: Այսօր մեզ միայն պետք է վազքուղի: Այս հանդերձարանները, մյուս պահանջվող միջոցները չեն կարող խնդիր լինել այս նախագիծն իրականացնելու համար: Ոչ ոք չի կարող ասել, որ «Հրազդան» մարզադաշտում հանդերձարաններ չկան: Ամեն ինչ նորմալ է: Մեզ բացակայում է միայն վազքուղին, նորմալ պայմանները մարզվելու համար: Իսկ տեխնիկան Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան ձեռք կբերի, բոլոր պահանջվելիք պարագաները, ժամատախտակը, ամեն ինչ մեր միջոցներով ձեռք կբերենք:

Իսկ եթե ամեն դեպքում որեւէ կերպ «Հրազդան» ստադիոնի հարցը չլուծվի, ամենավերջին տարբերակս Արտաշատի ստադիոնն է, որն արդեն մեծ ծախսեր է պահանջում, այն պետք է հիմնանորոգվի, որպեսզի մեր մարզիկները մարզվելու ներքին առաջնությունն ու մրցաշարերն անցկացնելու տեղ ունենան: Բայց սա ասում եմ՝ վատագույն դեպքում, ամենավերջին տարբերակը կլինի: Ես լիահույս եմ, որ այս հարցը վերջապես դրական լուծում կստանա մեր կառավարության կողմից:

Ես ուզում եմ, որ միջազգային ստանդարտներին համապատասխանող ռետինե ծածկույթով վազքուղին անպայման լինի Երեւանում»,- ասաց Ռոբերտ Էմմիյանը:

Լուսինե Շահբազյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով