18:06  ,  13 հոկտեմբերի, 2017

Սպորտի նախարար. Ոչ ոք դեմ չէ Ռոբերտ Էմմիյանի նախագծին, բայց հայտնվել ենք հիմար իրավիճակում

Այն, որ միջազգային ստանդարտներին համապատասխանող վաղքուղին կառուցելու համար Հայաստանի կառավարությունից պահանջում է ընդամենը 10 հազար եվրոյին համարժեք գումար, չի համապատասխանում իրականությանը: Ավելի քան 80-90 հազար եվրո գումար պետք է ներդնի պետությունը, չհաշված մարզադաշտի հատակի կառուցապատումը, հանդերձարաններ, տեխնիկան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն, անդրադառնալով Ռոբերտ Էմմիյանի նախագծի՝ Հայաստանում միջազգային ստանդարտներով ռետինե ծածկույթով վազքուղու կառուցման ձգձգման պատճառներին:

Հիշեցնենք, որ դեռ 2015 թվականին Ռոբերտ Էմմիյանը դիմել էր Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիային եւ միջազգային ֆեդերացիային՝ Երեւանի «Հրազդան» ստադիոնում ռետինե ծածկույթով վազքուղի կառուցելու նախագծին աջակցելու հարցով: Համաձայնություն կար նաեւ Հայաստանի կառավարության կողմից՝ ֆինանսական աջակցության մի մասը ապահովելու հարցում: Ըստ Ռոբերտ Էմմիյանի կանխատեսումների՝ վազքուղին պետք է պատրաստ լիներ 2016 թվականի մայիսին, եթե Հայաստանի կառավարությունը ժամանակին կատարեր ֆինանսական փոխանցումները: Սակայն 2016 թվականի դեկտեմբերին Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ «Հրազդան» ստադիոնում միջազգային ստանդարտներին համապատասխանող ռետինե ծածկույթով վազքուղի կառուցելու Ռոբերտ Էմմիյանի նախագիծը հնարավոր չէ իրականացնել, քանի որ «Հրազդանը» սնանկ է ճանաչված: Լեգենդար մարզիկը չհրաժարվեց իր երազանքից եւ միջազգային ֆեդերացիային նորից խնդրեց երկարաձգել պայմանավորվածությունը եւ կառուցման ժամկետը մինչեւ 2017 թ. հուլիսի վերջ: Բայց Հայաստանի կառավարությունն ու սպորտի նախարարությունն այդպես էլ պատասխան չտվեցին:

«Ռոբերտ Էմմիյանի նախագիծը շատ լավն է: Այս նախագիծն արժանացել է նաեւ ՀՀ նախագահի հավանությանը եւ կառավարությանը հանձնարարվել է զբաղվել այս նախագծով: Բայց պարոն Էմմիյանի նախագիծն իրականություն դարձնելու համար կա մի մեծ խնդիր՝ մարզադաշտի խնդիրը: Այս խնդիրը ես բացատրել եմ նաեւ Ռոբերտ Էմմիյանին. միակ մարզադաշտը, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին՝ վազքուղի կառուցելու համար, դա «Հրազդան» մարզադաշտն է: «Հրազդանի» սեփականատեր Աշոտ Աղաբաբյանն էլ է կողմ, որ ստադիոնում կառուցվի միջազգային ստանդարտներին համապատասխանող ռետինե ծածկույթով վազքուղի: Միջազգային ֆեդերացիան նույնպես ուսումնասիրել է մարզադաշտը եւ տվել իր հավանությունը՝ այդտեղ վազքուղի կառուցելու համար: Բայց մենք հայտնվել ենք հիմար իրավիճակում. օրենքով չի կարելի լուծարման մեջ գտնվող հիմնարկում պետական գումար ծախսել: Առհասարակ մենք չենք կարող գումար ներդնել «Հրազդան» ստադիոնի վրա եւ այնտեղ վազքուղի կառուցել, քանի դեռ այդ կառույցը հայտարարված է սնանկ եւ լուծարման մեջ է: Եթե նույնիսկ օրենքն էլ չլինի, պարզ տրամաբանություն է պետք հասկանալու համար, որ կառավարությունը պետական գումար չի կարող ներդնել այդ կառույցի վրա: Ես տեղյակ եմ, որ Աշոտ Աղաբաբյանը տվել է իր համաձանությունը, որ վազքուղին կառուցվի եւ այնտեղ մարզվի Հայաստանի աթլետիկայի հավաքականը: Ոչ ոք դեմ չէ այս նախագծին, մարզաշխարհում չկա մի մարդ, որ կողմ չլինի Ռոբերտ Էմմիյանի նախագծին: Չկա մեկը, որ ասի՝ մեզ վազքուղի պետք չէ, բայց հարցն այն է, որ այդ մարզադաշտում այս պահին հնարավոր չէ ոչինչ անել, քանի դեռ կառույցը լուծարման մեջ է: Երբ լուծարման գործընթացն ավարտվի, մարզադաշտը որեւէ կոնկրետ կարգավիճակ ձեռք կբերի, ինչ-որ մեկը կգնի, որեւէ կառույցի ենթակայության տակ կհայտնվի, միայն այդ ժամանակ նոր հաստատ, ես որպես սպորտի նախարար՝ վստահեցնում եմ, որ միանգամից Ռոբերտ Էմմիյանի նախագծի իրականացման գարծընթացը կսկսվի:

Այս պահին «Հրազդան» մարզադաշտն իր բոլոր ենթակառուցվածքներով գտնվում է լուծարման գործընթացքում» ,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Նախագծի նախնական բյուջեն, ըստ Ռոբերտ Էմմիյանի, իրականում կազմում էր 1 մլն ԱՄՆ դոլար, բայց Հայաստանի համար միջազգային կազմակերպությունը համաձայնել էր իրականացնել 380 հազար ԱՄՆ դոլարով, որից 160 հազար դոլարը ներդնելու էր միջազգային ֆեդերացիան: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռոբերտ Էմմիյանը հայտնեց, որ այժմ նախկին 220 հազար դոլարի փոխարեն, Հայաստանի կառավարությունն այս նախագիծն իրականցնելու համար պետք է ներդնի ընդամենը 10-12 հազար դոլար, քանի որ 170 հազար եվրոյից 160 հազար դոլարը տրամադրում է միջազգային ֆեդերացիան:

Սպորտի նախարարը, սակայն, հերքում է Ռոբերտ Էմմիյանի հաստատած 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը: Ըստ Հրաչյա Ռոստոմյանի, կառավարության կողմից պահանջվող ներդրվելիք գումարն իրականում ավելի մեծ է:

«10-12 հազար եվրո ներդրումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մեր կառավարությունից պահանջվող ներդրվելիք գումարն ավելի մեծ է. շուրջ 90 հազար եվրո է մնացել հայաստանյան կողմի վրա ներդրում անելու: Մենք 120 հազար եվրոյին էլ էինք համաձայն: Այնպես չի, որ այս նախագծի իրականացման ձգձգումը Հայաստանի կողմից գումարի չափի խնդիրն է եղել: Որպեսզի թյուր կարծիք չստեղծվի, իրականությունն այն է, որ պետությունը չի արել ոչ թե նրա համար, որ գումարի խնդիր է եղել, այլ չի անում, քանի որ նշածս խնդրի առաջ ենք կանգնած: Այն ժամանակ էլ, երբ  նախագիծը նոր ներկայացվեց Ռոբերտ Էմմիյանի կողմից, բոլորս էլ միանշանակ կողմ էինք:

Բացի այն, որ մեր պետության կողմից տրամադրվող գումարի չափը կազմում է շորջ 90 հազար եվրո, դրանից բացի կա եւս մեծ ներդրում՝ հանդերձարաններ, սանհանգույցներ կառուցելու, տեխնիկա տեղադրելու համար: Միայն ռետինե վազքուղին չէ... Մինչ վազքուղին կառուցելը, նախ պետք է մարզադաշտի հատակը հիմքից կառուցվի, ասֆալտապատվի, որպեսզի հարթ լինի եւ ռետինե ծածկույթի ամորտիզացիան ճիշտ պահպանվի: Սպորտում հատակը եթե հարթ չլինի, ամեն պահի մարզիկները կարող են վայր ընկնել:  

Երբ «Օլիմպավանում»  բասկետբոլի դահլիճի հատակն էին կառուցում, մինչեւ վերջնական հատակը, մի քանի շերտերով կառուցվեց, ամորտիզացիան բազմիցս ստուգվեց, ավելի քան 7-10 սմ հատակը բարձրացավ: Միջազգային ստանդարտներին համապատասխանող ժամանակակից հատակ ստացան միջազգային մասնագետները: Այսպիսի աշխատանք է մեզ պետք «Հրազդան» ստադիոնում կատարել, հետո նոր ռետինե ծածկույթով վազքուղին դնել:

Հավաստիացնում եմ՝ պետությունը կողմ է այս նախագծին, եւ  ՀՀ նախագահի կողմից կա հանձնարարական, որ անենք: Խնդիրը լուծարման մեջ գտնվող կառույցն է: Ուրիշ մարզադաշտ էլ, ցավոք, չունենք: Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները երբ եկել էին Հայաստան, նրանց ուղեկցեցի Երեւանի «Սպարտակ»  ստադիոն: Եթե անկեղծ լինեմ՝ ցանկություն ունեի այդ մարզադաշտը «խելքի բերել», բայց այնտեղ 4 թե 5 վազքուղի է, ըստ միջազգային ստանդարտների, պետք է 8 + 2 լինի վազքուղիների քանակը:  Միակ հարմար մարզադաշտը «Հրազդան»  է: Սպասենք, տեսնենք ինչպես կորոշվի մարզադաշտի ճակատագիրը» ,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով