11:08  ,  19 հոկտեմբերի, 2017

Միհրան Հարությունյանը վիրահատվել է Մոսկվայում

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը վիրահատվել է Մոսկվայում։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց օլիմպիական փոխչեմպիոնը։

Հարությունյանը մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը 2016-ի հոկտեմբերի 19-ին բարդ վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում: Ապա եւս մեկ վիրահատություն ունեցել Լեհաստանում այս տարվա հուլիսին։ Որոշ ժամանակ անց ուսի վնասվածքի բարդություն էր առաջացել, ինչի պատճառով էլ ի հայտ էր եկել երրորդ վիրահատության անհրաժեշտություն։ Ըմբիշի խոսքով՝ երրորդ վիրահատությունը նախատեսվում էր դարձյալ անցկացնել Լեհաստանում, բայց վերջում որոշվել է վստահել մոսկովյան բժիշկներին:

«Հուսամ, վերջին վիրահատությունս կլինի եւ կես տարի հետո արդեն լիարժեք կվերսկսեմ մարզումներս: Խոստանում եմ, որ 6 ամիս վերականգնվելուց հետո կվերադառնամ մրցագորգ: Թե որ քաշային կարգում կշարունակեմ հանդես գալ, դեռ վերջնական որոշված չէ: Դա անպայման լինելու է օլիմպիական քաշ՝ 75 կգ կամ 80 կգ: Կընտրեմ այն քաշը, որն ինձ համապատասխան կլինի ապաքինումից հետո»,- NEWS.am Sport-ին տված նախորդ հարցազրույցում ասել էր օլիմպիական փոխչեմպիոնը։  

Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսի 30-ին Միհրան Հարությունյանն ամուսնացել է աբխազ երգչուհի Մակտինա Բեբիայի հետ: Հարսանիքը տեղի էր ունեցել Մոսկվայում:

Դրանից հետո հունահռոմեական ոճի ըմբիշը հայտարարել էր, որ ցանկանում է ուժերը փորձել խառը մենամարտերում (ММА), բայց ըմբշամարտից չի հեռանալու։ Օրերս էլ Միհրան Հարությունյանը կնոջ հետ մեկօրյա այցով Երեւանում էր։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով