18:06 13 հոկտեմբերի, 2017Այն, որ միջազգային ստանդարտներին համապատասխանող վաղքուղին կառուցելու համար Հայաստանի կառավարությունից պահանջում է ընդամենը 10 հազար եվրոյին համարժեք գումար, չի համապատասխանում իրականությանը: Ավելի քան 80-90 հազար եվրո գումար պետք է ներդնի պետությունը, չհաշված մարզադաշտի հատակի կառուցապատումը, հանդերձարաններ, տեխնիկան:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն, անդրադառնալով Ռոբերտ Էմմիյանի նախագծի՝ Հայաստանում միջազգային ստանդարտներով ռետինե ծածկույթով վազքուղու կառուցման ձգձգման պատճառներին:
Հիշեցնենք, որ դեռ 2015 թվականին Ռոբերտ Էմմիյանը դիմել էր Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիային եւ միջազգային ֆեդերացիային՝ Երեւանի «Հրազդան» ստադիոնում ռետինե ծածկույթով վազքուղի կառուցելու նախագծին աջակցելու հարցով: Համաձայնություն կար նաեւ Հայաստանի կառավարության կողմից՝ ֆինանսական աջակցության մի մասը ապահովելու հարցում: Ըստ Ռոբերտ Էմմիյանի կանխատեսումների՝ վազքուղին պետք է պատրաստ լիներ 2016 թվականի մայիսին, եթե Հայաստանի կառավարությունը ժամանակին կատարեր ֆինանսական փոխանցումները: Սակայն 2016 թվականի դեկտեմբերին Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ «Հրազդան» ստադիոնում միջազգային ստանդարտներին համապատասխանող ռետինե ծածկույթով վազքուղի կառուցելու Ռոբերտ Էմմիյանի նախագիծը հնարավոր չէ իրականացնել, քանի որ «Հրազդանը» սնանկ է ճանաչված: Լեգենդար մարզիկը չհրաժարվեց իր երազանքից եւ միջազգային ֆեդերացիային նորից խնդրեց երկարաձգել պայմանավորվածությունը եւ կառուցման ժամկետը մինչեւ 2017 թ. հուլիսի վերջ: Բայց Հայաստանի կառավարությունն ու սպորտի նախարարությունն այդպես էլ պատասխան չտվեցին:
«Ռոբերտ Էմմիյանի նախագիծը շատ լավն է: Այս նախագիծն արժանացել է նաեւ ՀՀ նախագահի հավանությանը եւ կառավարությանը հանձնարարվել է զբաղվել այս նախագծով: Բայց պարոն Էմմիյանի նախագիծն իրականություն դարձնելու համար կա մի մեծ խնդիր՝ մարզադաշտի խնդիրը: Այս խնդիրը ես բացատրել եմ նաեւ Ռոբերտ Էմմիյանին. միակ մարզադաշտը, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին՝ վազքուղի կառուցելու համար, դա «Հրազդան» մարզադաշտն է: «Հրազդանի» սեփականատեր Աշոտ Աղաբաբյանն էլ է կողմ, որ ստադիոնում կառուցվի միջազգային ստանդարտներին համապատասխանող ռետինե ծածկույթով վազքուղի: Միջազգային ֆեդերացիան նույնպես ուսումնասիրել է մարզադաշտը եւ տվել իր հավանությունը՝ այդտեղ վազքուղի կառուցելու համար: Բայց մենք հայտնվել ենք հիմար իրավիճակում. օրենքով չի կարելի լուծարման մեջ գտնվող հիմնարկում պետական գումար ծախսել: Առհասարակ մենք չենք կարող գումար ներդնել «Հրազդան» ստադիոնի վրա եւ այնտեղ վազքուղի կառուցել, քանի դեռ այդ կառույցը հայտարարված է սնանկ եւ լուծարման մեջ է: Եթե նույնիսկ օրենքն էլ չլինի, պարզ տրամաբանություն է պետք հասկանալու համար, որ կառավարությունը պետական գումար չի կարող ներդնել այդ կառույցի վրա: Ես տեղյակ եմ, որ Աշոտ Աղաբաբյանը տվել է իր համաձանությունը, որ վազքուղին կառուցվի եւ այնտեղ մարզվի Հայաստանի աթլետիկայի հավաքականը: Ոչ ոք դեմ չէ այս նախագծին, մարզաշխարհում չկա մի մարդ, որ կողմ չլինի Ռոբերտ Էմմիյանի նախագծին: Չկա մեկը, որ ասի՝ մեզ վազքուղի պետք չէ, բայց հարցն այն է, որ այդ մարզադաշտում այս պահին հնարավոր չէ ոչինչ անել, քանի դեռ կառույցը լուծարման մեջ է: Երբ լուծարման գործընթացն ավարտվի, մարզադաշտը որեւէ կոնկրետ կարգավիճակ ձեռք կբերի, ինչ-որ մեկը կգնի, որեւէ կառույցի ենթակայության տակ կհայտնվի, միայն այդ ժամանակ նոր հաստատ, ես որպես սպորտի նախարար՝ վստահեցնում եմ, որ միանգամից Ռոբերտ Էմմիյանի նախագծի իրականացման գարծընթացը կսկսվի:
Այս պահին «Հրազդան» մարզադաշտն իր բոլոր ենթակառուցվածքներով գտնվում է լուծարման գործընթացքում» ,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Նախագծի նախնական բյուջեն, ըստ Ռոբերտ Էմմիյանի, իրականում կազմում էր 1 մլն ԱՄՆ դոլար, բայց Հայաստանի համար միջազգային կազմակերպությունը համաձայնել էր իրականացնել 380 հազար ԱՄՆ դոլարով, որից 160 հազար դոլարը ներդնելու էր միջազգային ֆեդերացիան: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռոբերտ Էմմիյանը հայտնեց, որ այժմ նախկին 220 հազար դոլարի փոխարեն, Հայաստանի կառավարությունն այս նախագիծն իրականցնելու համար պետք է ներդնի ընդամենը 10-12 հազար դոլար, քանի որ 170 հազար եվրոյից 160 հազար դոլարը տրամադրում է միջազգային ֆեդերացիան:
Սպորտի նախարարը, սակայն, հերքում է Ռոբերտ Էմմիյանի հաստատած 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը: Ըստ Հրաչյա Ռոստոմյանի, կառավարության կողմից պահանջվող ներդրվելիք գումարն իրականում ավելի մեծ է:
«10-12 հազար եվրո ներդրումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մեր կառավարությունից պահանջվող ներդրվելիք գումարն ավելի մեծ է. շուրջ 90 հազար եվրո է մնացել հայաստանյան կողմի վրա ներդրում անելու: Մենք 120 հազար եվրոյին էլ էինք համաձայն: Այնպես չի, որ այս նախագծի իրականացման ձգձգումը Հայաստանի կողմից գումարի չափի խնդիրն է եղել: Որպեսզի թյուր կարծիք չստեղծվի, իրականությունն այն է, որ պետությունը չի արել ոչ թե նրա համար, որ գումարի խնդիր է եղել, այլ չի անում, քանի որ նշածս խնդրի առաջ ենք կանգնած: Այն ժամանակ էլ, երբ նախագիծը նոր ներկայացվեց Ռոբերտ Էմմիյանի կողմից, բոլորս էլ միանշանակ կողմ էինք:
Բացի այն, որ մեր պետության կողմից տրամադրվող գումարի չափը կազմում է շորջ 90 հազար եվրո, դրանից բացի կա եւս մեծ ներդրում՝ հանդերձարաններ, սանհանգույցներ կառուցելու, տեխնիկա տեղադրելու համար: Միայն ռետինե վազքուղին չէ... Մինչ վազքուղին կառուցելը, նախ պետք է մարզադաշտի հատակը հիմքից կառուցվի, ասֆալտապատվի, որպեսզի հարթ լինի եւ ռետինե ծածկույթի ամորտիզացիան ճիշտ պահպանվի: Սպորտում հատակը եթե հարթ չլինի, ամեն պահի մարզիկները կարող են վայր ընկնել:
Երբ «Օլիմպավանում» բասկետբոլի դահլիճի հատակն էին կառուցում, մինչեւ վերջնական հատակը, մի քանի շերտերով կառուցվեց, ամորտիզացիան բազմիցս ստուգվեց, ավելի քան 7-10 սմ հատակը բարձրացավ: Միջազգային ստանդարտներին համապատասխանող ժամանակակից հատակ ստացան միջազգային մասնագետները: Այսպիսի աշխատանք է մեզ պետք «Հրազդան» ստադիոնում կատարել, հետո նոր ռետինե ծածկույթով վազքուղին դնել:
Հավաստիացնում եմ՝ պետությունը կողմ է այս նախագծին, եւ ՀՀ նախագահի կողմից կա հանձնարարական, որ անենք: Խնդիրը լուծարման մեջ գտնվող կառույցն է: Ուրիշ մարզադաշտ էլ, ցավոք, չունենք: Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները երբ եկել էին Հայաստան, նրանց ուղեկցեցի Երեւանի «Սպարտակ» ստադիոն: Եթե անկեղծ լինեմ՝ ցանկություն ունեի այդ մարզադաշտը «խելքի բերել», բայց այնտեղ 4 թե 5 վազքուղի է, ըստ միջազգային ստանդարտների, պետք է 8 + 2 լինի վազքուղիների քանակը: Միակ հարմար մարզադաշտը «Հրազդան» է: Սպասենք, տեսնենք ինչպես կորոշվի մարզադաշտի ճակատագիրը» ,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.