22:44  ,  5 հոկտեմբերի, 2017

Արթուր Պետրոսյան. Սա ուղղակի խայտառակություն է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Երեւանում կայացած հետխաղյա ասուլիսում մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական խաղում լեհերից կրած խայտառակ պարտությունը 1:6 հաշվով:

«Չեմ ընդունում, որ սխալ կազմ էի ընտրել: Սա ուղղակի խայտառակություն է: Ավելի լավ կլիներ, եթե պարտվեինք տակտիկական սխալների պատճառով, քան թույլ տայինք այսպիսի պարզունակ սխալներ: Այս խաղը չի կարող օգտակար լինել: 1:6 հաշվով պարտությունից հետո ինչի՞ մասին է խոսքը:

Այս պահին դժվար է ասել, թե որն է ելքն այս իրավիճակից: Երեւի, ելքն այն է, որ ունենանք ուժեղ առաջնություն: Հույսը վերջինն է մահանում:

Անհատապես ֆուտբոլիստների գործողությունները չեմ մեկնաբանել, այսօր էլ չեմ անի դա: Կարծում եմ՝ սա ամենաօպտիմալ տարբերակն էր պաշտպանությունում: Կային բացակա խաղացողներ: Բոլոր ֆուտբոլիստները պետք է աշխատեն իրենց վրա: Ավելի լավ է գետինը մտնեի, քան գայի այստեղ եւ պատասխանեի ձեր հարցերին: 

Սա իմ մարզչական կարիերայի ամենացավալի պարտությունն էր, իսկ որպես ֆուտբոլիստ՝ եղել են ավելի ցավալի պարտություններ: Պարտավոր ենք վերականգնվել, որպեսզի չխայտառակվենք Ղազախստանում:

Մեզ թարմ արյուն է հարկավոր: Դրսում հանդես եկող ֆուտբոլիստները՝ Խորեն Բայրամյանը եւ մյուսները, կարող են թարմություն հաղորդել թիմին: Նայում եմ մեր երիտասարդական հավաքականին, որտեղ հիմնականում խաղում են Առաջին խմբի ֆուտբոլիստներ: Միակ մեր ելքը դրսից նոր ֆուտբոլիստներ բերելն է: Այս կազմով բարդ կլինի պայքարել նույնիսկ Ազգերի լիգայում: Ունենք շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ, բայց նրանց մոտ աճ չի նկատվում: Կարծում եմ՝ ֆուտբոլիստն է պատասխանատու իր աճի համար»,- ասել է Արթուր Պետրոսյանը:

Գյումրեցի մասնագետը նաեւ հայտնել է, որ Մարկոս Պիզելին հանդիպումը բաց է թողել հիվանդության պատճառով:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Լեհաստանի հավաքականը Ռոբերտ Լեւանդովսկու հեթ-տրիկի օգնությամբ հաղթեց 6:1 հաշվով, իսկ Հայաստանի թիմը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց ընտրական փուլում:

Հայաստանի հավաքականը ընտրական փուլի վերջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ հյուրընկալվելով E խմբի հետնապահ Ղազախստանի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով