22:44 5 հոկտեմբերի, 2017Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Երեւանում կայացած հետխաղյա ասուլիսում մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական խաղում լեհերից կրած խայտառակ պարտությունը 1:6 հաշվով:
«Չեմ ընդունում, որ սխալ կազմ էի ընտրել: Սա ուղղակի խայտառակություն է: Ավելի լավ կլիներ, եթե պարտվեինք տակտիկական սխալների պատճառով, քան թույլ տայինք այսպիսի պարզունակ սխալներ: Այս խաղը չի կարող օգտակար լինել: 1:6 հաշվով պարտությունից հետո ինչի՞ մասին է խոսքը:
Այս պահին դժվար է ասել, թե որն է ելքն այս իրավիճակից: Երեւի, ելքն այն է, որ ունենանք ուժեղ առաջնություն: Հույսը վերջինն է մահանում:
Անհատապես ֆուտբոլիստների գործողությունները չեմ մեկնաբանել, այսօր էլ չեմ անի դա: Կարծում եմ՝ սա ամենաօպտիմալ տարբերակն էր պաշտպանությունում: Կային բացակա խաղացողներ: Բոլոր ֆուտբոլիստները պետք է աշխատեն իրենց վրա: Ավելի լավ է գետինը մտնեի, քան գայի այստեղ եւ պատասխանեի ձեր հարցերին:
Սա իմ մարզչական կարիերայի ամենացավալի պարտությունն էր, իսկ որպես ֆուտբոլիստ՝ եղել են ավելի ցավալի պարտություններ: Պարտավոր ենք վերականգնվել, որպեսզի չխայտառակվենք Ղազախստանում:
Մեզ թարմ արյուն է հարկավոր: Դրսում հանդես եկող ֆուտբոլիստները՝ Խորեն Բայրամյանը եւ մյուսները, կարող են թարմություն հաղորդել թիմին: Նայում եմ մեր երիտասարդական հավաքականին, որտեղ հիմնականում խաղում են Առաջին խմբի ֆուտբոլիստներ: Միակ մեր ելքը դրսից նոր ֆուտբոլիստներ բերելն է: Այս կազմով բարդ կլինի պայքարել նույնիսկ Ազգերի լիգայում: Ունենք շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ, բայց նրանց մոտ աճ չի նկատվում: Կարծում եմ՝ ֆուտբոլիստն է պատասխանատու իր աճի համար»,- ասել է Արթուր Պետրոսյանը:
Գյումրեցի մասնագետը նաեւ հայտնել է, որ Մարկոս Պիզելին հանդիպումը բաց է թողել հիվանդության պատճառով:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Լեհաստանի հավաքականը Ռոբերտ Լեւանդովսկու հեթ-տրիկի օգնությամբ հաղթեց 6:1 հաշվով, իսկ Հայաստանի թիմը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց ընտրական փուլում:
Հայաստանի հավաքականը ընտրական փուլի վերջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ հյուրընկալվելով E խմբի հետնապահ Ղազախստանի հավաքականին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.