11:12  ,  30 սեպտեմբերի, 2017

Երեք հայ բռնցքամարտիկներ՝ Մոսկվայի պրոֆեսիոնալ ռինգում. Դավիթ Թորոսյանը մարտավկան է

Փորձում եմ հայկական բռնցքամարտի ձեռագիրը հետ բերել, ամբողջ աշխարհին ցուցադրել թե պրոֆեսիոնալ, թե սիրողական բռնցքամարտում: Դա այն ձեռագիրն է, որը չգիտես ինչու վերջին տարիներին ուղղակի խամրել էր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, պրոֆեսիոնալ ռինգում հայ բռնցքամարտիկների մարտավկա Դավիթ Թորոսյանը:

Սեպտեմբերի 30-ին Մոսկվայում երեք հայ բռնցքամարտիկներ հերթական անգամ ուժերը կփորձեն պրոֆեսիոնալ ռինգում: Մոսկովյան Punchboxing promoutions-ի կազմակերպած երեկոյին Հայաստանից կմասնակցեն Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանը եւ Գոռ Երիցյանը: Երեք բռնցքամարտիկների մրցակիցներն էլ այս անգամ պրոֆեսիոնալ ռինգում կլինեն ուկրաինացիներ:

«Ակնկալիքներս միայն հաղթանակ է: Հույս ունեմ եւ վստահ եմ, որ երեքն էլ հաղթանակով են վերադառնալու հայրենիք: Իհարկե, պարտվելն էլ չի բացառվում, բայց մենք այնպիսի մարզումային փուլ ենք անցել, որ վստահ կարող եմ ասել՝ երեքն էլ լավ մարզավիճակում են: Բայց կարծում եմ շատ գեղեցիկ հաղթանակներ ենք ունենալու՝ նոկաուտներով:

Պրոֆեսիոնալ ռինգն ուրիշ աշխարհ է, ուրիշ դռներ է բացում բռնցքամարտիկի համար: Այստեղ բոլորովին այլ բռնցքամարտ է, ամեն ինչ ուրիշ է, ուրիշ գույների եւ ընթացքի մեջ, մոտեցումներն են լրիվ այլ: Այս ամենը կհասկանան նրանք, ովքեր գոնե մեկ անգամ փորձել են իրենց ուժերը պրոֆեսիոնալ ռինգում: Իսկ մյուսները այդքան էլ չեն հասկանա՝ ինչ եմ ասում: Հայ բռնցքամարտիկներն իրենց լավ են զգում պրոֆեսիոնալ ռինգում: Գուցե ավելի լավ, քան սիրողականում»,- ասաց Դավիթ Թորոսյանը:

Հարցին, հնարավոր է պրոֆեսիոնալ ռինգում հաջողություններ գրանցելուց հետո նախկին օլիմպիականները կրկին փորձեն ուժերը օլիմպիական ռինգում՝ Տոկիո 2020-ում, Դավիթ Թորոսյան չբացառեց:

«Ըստ ԱԻԲԱ-ի օրենքների պրոֆեսիոնալ ռինգում 15 մենամարտը չգերազանցած բռնցքամարտիկը հնարավորություն ունի ուժերը չափել Օլիմպիական խաղերում: Այս իմաստով չի բացառվում, որ մեր այս տղաներից ոմանք կամ մեկը Տոկիոյի օլիմպիական հավաքականում լինի: Ցանկալի կլինի, բայց չեմ կարծում, որ մինչեւ Օլիմպիական խաղեր, օրինակ՝ Նարեկ Աբգարյանը 15-ից պակաս մենամարտեր արած լինի»,- նշեց Դավիթ Թորոսյանը:

Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի մասնակից, Հայաստանի հավաքականի 52 կգ քաշային արդեն նախկին անդամ Նարեկ Աբգարյանը 6-րդ անգամ է դուրս գալիս պրոֆեսիոնալ ռինգ: Նախկին 5 մենամարտերում միայն հաղթանակներով է ավարտել:  

«Լավ եմ պատրաստվել 6-րդ մենամարտիս: Մարզումային փուլի ընթացքում մի փոքր հոգնածություն ունեմ, բայց ռինգում ինձ շատ լավ եմ զգում, բռնցամարտ անելուց հասկանում եմ, որ լիարժեք պատրաստ եմ դուրս գալու ռինգ:

Մարզումների ընթացքում քաշս կարգավորեցի: Հանդես կգամ 55,5  կգ քաշային կարգում: Մրցակցիս արդեն ուսումնասիրել եմ: Գիտեմ՝ ինչ ոճի մարզիկ է, ինչպես է վարում իր մենամարտերը:

Պրոֆեսիոնալ ռինգում ինձ լավ եմ զգում: Վստահ եմ զգում: Ավելի հարմար եմ զգում երկար ռաունդներով մենանարտեր անելուց: Ուրախ եմ, որ նախկին 5 պոֆեսիոնալ մենամարտերում հաղթանակ եմ տոնել: Ամեն ինչ կանեմ, որ 6-րդն էլ հաղթանակով ավարտեմ»,- նշեց Նարեկ Աբգարյանը:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի օլիմպիական, Հայաստանի հավաքականի 56 կգ քաշային կարգի արդեն նախկին ներկայացուցիչ Արամ Ավագյանի համար մոսկովյան երեկոն կլինի 5-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում (4 հաղթանակ):

«Արդեն 5-րդ անգամ ուժերս չափում եմ պրոֆեսիոնալ ռինգում: Երկար մարզումային փուլ եմ անցել: Աստիճանաբար մարզիչի հետ միասին հասանք մեր ուզած մարզավիճակին: Պատրաստ եմ ռինգ դուրս գալուն: Ինձ շատ լավ եմ զգում պրոֆեսիոնալ ռինգում: Գուցե շատ ավելի լավ, քան սիրողականում: Այստեղ մոտեցումն այլ է: Ինչպես ասում են՝ պրոֆեսիոնալ ռինգում զգում եմ ինձ, ինչպես տանը: Մրցակիցս թույլ բռցնքամարտիկ չէ: Պրոֆեսիոնալ ռինգում ունի 9 մենամարտ՝ 4 հաղթանակ, 4 պարտություն, 1 ոչ-ոքի: Ես իմ մրցակիցներին երբեք չեմ թերագնահատում եւ ոչ էլ գերագնահատում եմ. եթե մարդ բռնցքամարտի մեջ է, ուրեմն բնռցքամարտիկ է եւ հարված անել գիտի: Թե ինչ կլինի սեպտեմբերի 30-ին, ռինգը ցույց կտա»,- ասաց Արամ Ավագյանը:

Գոռ Երիցյանը  երրորդ անգամ է ուժերը փորձում պրոֆեսիոնալ ռինգում: Առաջին երկու մենամարտերն ավարտել է հաղթանակով՝ նոկաուտով: Հույս ունի, որ 3-րդ մենամարտն էլ նոկաուտով կհաղթի:

«Պատրաստ եմ պայքարի: Շատ լավ եմ պատրաստվել: Լավ ճանապարհ ենք անցել Դավիթ Թորոսյանի հետ: Ֆիզիկականի վրա մեծ աշխատանք են տարել, տեխնիկայի վրա շատ ենք աշխատել: Երեքիս մրցակիցներն էլ փորձառու բռնցքամարտիկներ են: Դուրս ենք գալու ռինգ հաղթելու: Հուսամ ամեն ինչ հաջող կընթանա:

Պրոֆեսիոնալ ռինգում ես նույնպես ինձ շատ լավ եմ զգում: Հասկանում եմ, որ բռնցքամարտում ես վերջապես գտել եմ ինձ: Երրորդ փորձս է լինելու եւ ամեն ինչ անելու եմ, որ 3-րդ հաղթանակս լինի: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում արդեն ունեմ իմ նպատակները»,- ասաց Գոռ Երիցյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով