21:16  ,  29 սեպտեմբերի, 2017

Հայ շախմատիստները՝ Լեւոն Արոնյանի հաղթանակի մասին

Հայաստանի առաջատար շախմատիստներից մի քանիսը աշխարհի գավաթի խաղարկությունում Լեւոն Արոնյանի հաղթանակից հետո NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել են Հայաստանի հավաքականի առաջին համարի փառահեղ նվաճման մասին:

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյան

Շատ մեծ հպարտություն եմ ապրում, շատ ուրախ եմ Լեւոն Արոնյանի համար, որ նա կարողացավ եւս մեկ բարձունք գրավել։ Այս հաղթանակը նա նվաճեց այն պահին, երբ շատ կարեւոր շրջան էր կարիերայի համար։ Հպարտ եմ, որ նրան երկրորդ անգամ է հաջողվում գրավել աշխարհի գավաթը:

Այս հաղթանակը Լեւոն Արոնյանի համար կրկնակի կարեւոր էր, քանի որ ստացվել էր այնպես, որ նա 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր չուներ, եւ սա վերջին հնարավորությունն էր։  

Հոգեբանորեն շատ բարդ է, երբ խաղում ես ոչ միայն չեմպիոնի կոչման, գավաթը նվաճելու համար, այլ նաեւ ուղեգիր նվաճելու համար։ Դա կրկնակի լարվածություն է ստեղծում։

Նոկաուտ համակարգով մրցաշարերը շատ լարված են եւ մեծ էներգիա վերցնող մրցաշարեր են։ Ես ինքս մասնակցել եմ աշխարհի 7-8 նոկաաուտ համակարգով մրցաշարերի եւ կարող եմ ասել, որ նոկաուտ համակարգով մրցաշարերից ավելի լարված, ավելի շատ էներգիա խլող մրցաշարեր շատ քիչ են, քանի որ ընդամենը 2 պարտիա է տրվում յուրաքանչյուր մրցախաղի համար։ Այս դեպքում յուրաքանչյուր քայլի գինը շատ բարձր է։

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյան

Առաջին տուրերում բավական վստահ էր հանդես գալիս Լեւոն Արոնյանը։ Հետո մի քանի խաղերում ստիպված եղավ լրացուցիչ պարտիաներ խաղալ։ Ընդհանուր մրցաշարում 1-2 պահ է եղել, որ կասկածելի է եղել հաջորդ փուլ անցնելու հավանականությունը։ Ինչ վերաբերում է եզրափակիչին, մեծ առավելությամբ խաղաց։ Վստահ էի, որ հիմնական պարտիաներում կհասնի հաջողության, բայց շահած դիրքերում չկարողացավ հաղթել եւ ոչ ոքի արեց։ Իսկ լրացուցիչ արագ շախմատում ընդհանրապես շանս չտվեց մրցակցին եւ շատ հետշ 2 հաղթանակ տարավ։

Եզրափակչում չինացի Դին Լիրենը շատ համառ դուրս եկավ։ Իրականում չինացիներն այդպիսին են։ Նա շատ ուժեղ մրցակիցների էր դուրս թողել պայքարից։ Եթե հենց մրցաշարի սկզբում ասեին, որ Արոնյանը կլինի եզրափակիչում եւ կհաղթի, դա շատ հավանական տարբերակներից էր։ Բայց որ եզրափակիչում կմրցի Դին Լիրենի հետ եւ կհաղթի, դա երեւի ոչ մեկ չէր կարող սպասել։ Երկուսն էլ արժանի մրցակիցներ էին: Շատ պատվաբեր է՝ հաղթել նման մրևցաշարում եւ Լեւոն Արոնյանը հրաշալի նվեր մատուցեց ինքն իրեն իր հարսանիքի նախաշեմին՝ դառնալով կրկնակի աշխարհի գավաթակիր։

Հուսանք, որ լավ կպատրաստվի եւ հաջող կգա արդեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մցրաշարում։

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյան

Սա շատ մեծ հաղթանակ էր բոլորիս համար։ Անչափ ուրախ եմ: Լեւոն Արոնյանը շատ տպավորիչ եւ ոգեւորիչ խաղեր է ցուցադրում։ Հույս ունեմ, որ նա այսպես կշարունակի մինչեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշար եւ վստահ եմ, որ հաղթանակ կտանի նաեւ հակավնորդների մրցաշարում։

Կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյան

Մինչեւ վերջ հետեւել եմ Լեւոն Արոնյանի պարտիաներին։ Ինձ համար շատ սպասված ու լարված էր հատկապես Վաշյե-Լագրավի հետ խաղը։ Սրտի տրոփյունով էի հետեւում խաղին եւ շատ ուրախացա, որ հաղթահարեց Վաշյե-Լագրավի արգելքը եւս։ Այս մրցախաղից հետո արդեն գրեթե վստահ էի, որ Լեւոն Արոնյանը նվաճելու է աշխարհի գավաթը։

Միջազգային վարպետ Արման Միքայելյան

Ես նույնպես մինչեւ վերջ հետեւեցի նրա մրցախաղերին։ Հատկապես շատ լարված էին եզրափակիչի պարտիաները։ Բայց արդեն վստահ էի, որ նա հաղթելու է։ Չինացի մրցակիցը շատ ուժեղ էր, նա այսօր աշխարհի լավագույն 10 շախմատիստների ցուցակում է։ Նա շատ ուժեղ մրցակիցների հաղթեց մինչեւ եզրափակիչ եւ սպասելի էր, որ եզրափակիչում շատ բարդ մրցակից է լինելու Լեւոն Արոնյանի համար։  Շատ ուրախ եմ, որ Լեւոն Արոնյանին հաջողվեց հաղթել։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով