15:56  ,  28 սեպտեմբերի, 2017

Լեւոն Արոնյան. Սկզբում պարտքերս կտամ, մյուսներն էլ թող սպասեն

Եթե իմ թիմը, իմ ընտանիքը, Արիանան ինձ այսքան չօգնեին, դժվար թե ես կարողանայի հաղթանակի հասնել: Շատ շնորհակալ եմ նրանց եւ շատ զգացված, որ բոլորն իրենց գործը թողած ինձ էին օգնում:

Այս մասին ասել է շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանը Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ ամփոփելով մասնացկությունը Թբիլիսիում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությանը:

«Բոլոր ուժեղագույն շախմատիստների նպատակը աշխարհի չեմպիոն դառնալն է: Իմ նպատակը նույնպես: Այդ իմաստով ինձ համար այս մրցաշարը շատ լարված էր, եւ ես հպարտ եմ, որ կարողացա այս լարվածությանը դիմանալ եւ հաղթող դառնալ, նվաճել է հավակնորդների մրցաշարի ուղեգիր:

Կիսաեզրափակիչում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ մրցախաղը շատ բարդ էր: Ինձ համար կարծես լավ էր ընթանում դասական մասը: Բայց բլիցում ներքին հուզմունքս շատ էր: Եվ դրանով է պայմանավորված, որ արագ շախմատի եւ բլիցի պարտիաները որակով շատ ցածր էին:

Խաղեր կային, որ նկատում էի՝ իմ դիրքն այդքան լավ չէ, բայց ուղիղ հաղթանակի ձեւեր իմ հակառակորդների կողմից չէի տեսնում:

Ինձ համար մեծ հպարտություն է, որ իմ խաղը մոտեցնում են մեծ շախմատիստ Տիգրան Պետորսյանի խաղին: Ես միշտ փնտրել եմ մոտ ճանապարհներ, որ նմանվեմ նրան իմ խաղաոճով, բայց միշտ չի ստացվել, քանի որ նա հանճարեղ շախմատիստ էր, իսկ ես մի փոքր ավելի տաքարյուն եմ: Բայց նպատակս հենց դա է՝ նմանվել նրան:

Ես եղա Ռուսթավելիում, այն տան բակում, որտեղ ապրել է Տիգրան Պետրոսյանը: Ինձ համար դա միստիկական պահ էր: Միշտ հետաքրքիր է ինձ համար, թե մեծ շախմատիստները որտեղ են ապրել, ինչ տներում են ապրել: Հիշում եմ, երբ 15-16 տարեկան էի, Փարիզում գնացի իմ սիրած շախմատիստի՝ Ալյոխինի գերեզման: Ինձ համար դրանք հատուկ պահեր են: Միշտ փորձում եմ լինել նման վայրերում, եթե հնարավոր է լինում:

Աշխարհի գավաթի խաղարկության ամբողջ ընթացքում ինձ շատ օգնեց մեր թիմը: Իմ կողքին էր Վարդան Գեղամյանը, ով բացի իմ օգնականը լինելուց նաեւ հուսամ ապագայում իմ շատ մոտ ընկերն է լինելու: Ազատ օրերին զբոսնում էինք Թբիլիսիում, զբաղվում էինք սպորտով, շատ էինք քայլում: Իմ հաջողության գրավականը երեւի այն է, որ այս տարին ես լավ չսկսեցի: Երբ ունենում ես վատ տարի, այդ ժամանակ ավելի լավ ես ճանաչում, թե ովքեր են քո հարազատները, մտերիմները, քեզ համար սրտացավ մարդիկ, ովքեր են իրականում հավատում քո հաջողությանը եւ ովքեր չեն հավատում:

Կարիերայիս ընթացքում շատ դժվարություններ եմ ունեցել, վատ տարիներ են եղել, անհաջող մրցելույթներ: Նման օրերին ինձ մեծ ուժ է տալիս Արիանան: Նա ինձ ոգեշնչում է, խորհուրդներ տալիս: Այդ ուղղորդումների շնորհիվ շատ փոփոխություններ եղան իմ մեջ,  եւ ես սկսեցի ավելի պրոֆեսիոնալ մոտենալ շախմատին: Այսուհետեւ կձգտեմ այսպես շարունակել շախմատ խաղալ»,- ասաց Լեւոն Արոնյանը:

Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունում Լեւոն Արոնյանը 120  հազար ԱՄՆ դոլար պարգեւավճար ստացավ: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչի վրա է պատրաստվում ծախսել գումարը, Լեւոն Արոնյանը կատակեց:

«Ռուսական մի լավ խոսք կա, ասում է՝ սկզբում պարտքերս կտամ, մյուսներն էլ թող սպասեն (ծիծաղում է): Ես էլ եմ այդպես անելու: Սկզբից կփորձեմ այդ հարցերը լուծել»:

Սեպտեմբերի 30-ին կայանալու է Լեւոն Արոնյանի եւ Արիանայի հարսանիքը:

NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, նախաամուսնական հուզմունքը չէր խանգարում մրցաշարի ընթացքում, Լեւոն Արոնյանի խոսքով, ավելի ոգեւորում էր իրեն առկա հուզմունքը:

«Միշտ լինում է ժամանակ փոփոխվելու եւ նոր կյանք սկսելու: Ես դրան պատրաստ եմ, ամուսնության մտքի մեջ մեծ կարեւորություն եմ տեսնում եւ այդ մտքից արդեն մեծ բավականություն եմ ստանում: Այդպես էր նաեւ մրցաշարի օրերին:

Այս հաղթանակը նվեր է այն մարդկանց, ովքեր իրականում հավատում են իմ հաջողությանը եւ երբեք իրենց հավատը չեն կորցնում»,- ասաց Լեւոն Արոնյանը: 

Երբ Լեւոն Արոնյանը պատասխանում էր լրագրողներից մեկի հարցին, այն մասին, թե որ մրցախաղն էր ամենաբարդը, այդ ընթացքում ասուլիսի սրահ եկավ աշխարհի կրկնակի գավաթակրի հարսնացուն՝ Արիանան, ում Թբիլիսիից վերադառնալիս Լեւոն Արոնյանը դեռեւս չէր հանդիպել: Ի դեպ, ճանապարհից անմիջապես Լեւոն Արոնյանը եկել էր լրագրողների հետ հանդիպման եւ չէր հասցրել հանդիպել հարսնացուին:

Նրանց հանդիպումը տեղի ունեցավ լրագրողների եւ տեղախցիկների առջեւ: Իսկ լրագրողի հարցի պատասխանը մնաց կիսատ: Լեւոն Արոնյանը շփոթվեց:

«Կներեք, երբ թագուհին գալիս է, մարդիկ միշտ կորցնում են իրենց»,- ասաց Արոնյանն ու շարունակեց: «Ինձ համար այս մրցաշարում կարեւորը հավակնորդների մրցաշարի ուղեգիրն էր: Երբ հաղթեցի Վաշյե-Լագրավին, արդեն հաջորդ մրցախաղի համար շատ դժվար էր ուժերս հավաքել: Երբ դու իրականացնում ես քո նպատակը, դրանից հետո միշտ բարդ է լինում արդեն կենտրոնանալը, պետք է նոր ուժեր գտնես, որ պայքարես: Այդ առումով ինձ համար ավելի բարդ ստացվեց եզրափակիչում Լին Դիրենի հետ մրցախաղը: Այս մրցախաղում ինձ շատ օգնեց Վարդան Գեղամյանը, ով կարողացավ իմ մեջ արթնացնել ջղայնությունը, եւ կարողացա հաղթել:

Մրցաշարի ընթացքում դահլիճում շատ էր աղմուկը, որը երբեմն ինձ խանգարում էր եւ զայրանում էի: Ես շախմատիստ եմ, ես շատ եմ հարգում իմ աշխատանքը եւ ուզում եմ, որ ուրիշներն էլ հարգեն:

Ես թայ-բրեյքից չէի վախենում: Միշտ, երբ սկսում եմ յուրաքանչյուր խաղ, ուզում եմ անպայման այդ հաղթող դուրս գամ: Բայց այս մրցաշարում մրցակիցներս շատ լավ էին խաղում, չէին ցանկանում պարտվել: Մասնավորապես Դին Լիրենը այնպիսի երկու պարտիան փրկեց, որ ես ուղղակի ապշած էի այդ խաղերից հետո»,- ամփոփեց Լեւոն Արոնյանը:

Կիսաեզրափակիչի ժամանակ իր ապրումների պատմեց նաեւ Արիանա Կաոիլին:

«Շատ հպարտ եմ Լեւոնի հաջողությունով: Ես զգում էի Լեւոնին Վաշյե-Լագրավի խաղի ժամանակ եւ սիրտս կանգնում էր այդ մրցախաղի ընթացքում, մինչեւ հասկացա, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Մարդիկ չգիտեն Լեւոն Արոնյանի ջանքերը, դժվարությունները՝ հաջողության հասնելու համար: Եվ շատ հպարտ եմ նրանով»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով