13:56  ,  28 սեպտեմբերի, 2017

Սպորտի նախարար. Հայկական ֆուտբոլը կզարգանա, երբ Գագիկ Ծառուկյանն ունենա իր մեծ ներդրումները

Հայկական ֆուտբոլը կզարգանա, երբ Գագիկ Ծառուկյանի մեծ ներդրումները լինեն այնպես, ինչպես մյուս մարզաձեւերում է: Բասկետբոլն ապացուցեց, որ մենք կարող ենք հաջողություններ, հաղթանակներ ունենալ խաղային մարզաձեւերում: Բայց մեր տարբերությունն այն է, որ երբեք ինտերնետով մարզիչ չենք ընտրում եւ գումարները չենք ափսոսում լավագույն մարզիչներին հավաքական հրավիրելու համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որն ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին:

Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրեց սպորտի նախարարության 2016 թվականի սեպտեմբերի 1-ից միներւ 2017 թվականի սեպտմեբերի 25-ը իրականացրած ծրագրերը՝ մասսայական, մանկապատանեկան սպորտում ձեռք բերած նվաճումները, Հայաստանի սպորտի բարձրագույն նվաճումները վերջին մեկ տարում, նախարարը խոսեց նաեւ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք», «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» անցկացված մրցույթների մասին:

«Արդեն լրացել է պաշտոնավարմանս մեկ տարին եւ այս տարվա ընթացքում մեծ թվով աշխատանքներն ենք իրակացրել, բարձրագույն նվաճումներ ունեցել հայկական սպորտում:

Պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզաձեւերի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների Հայաստանի հավաքականների մարզիկները Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում նվաճել են 148 մեդալ՝ 30 ոսկե, 34 արծաթե եւ 83 բրոնզե մեդալ, ձմեռային ունիվերսիադայի 1 բրոնզե մեդալ: Սպորտն այն ոլորտն է, որը բոլորի համար տեսանելի եւ չափելի է»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Խոսելով հայկական սպորտում առկա խնդիրներին, նախարարն անդրադարձավ ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամների դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում որակազրկված մարզիկների ճակատագրին:

«2008 եւ 2012 թվականների Օլիմպիական խաղերի մեդալակիրների դոպինգի խնդիրն առկա է: Բայց 12 թվականից հետո ՀԱՕԿ նախագահի հանձնարարականով ստեղծվեց հակադոպինգային կազմակերպություն: 2013-ից մենք այլեւս դոպինգի դեպքեր չենք գրանցել, բացի մեկ դեպքից՝ պատանի ըմբիշի, ով մկանային համակարգն արագ զարգացնելու նպատակով, ֆիթնես ակումբի մարզիչ, եթե կարելի է նրանց մարզիչ անվանել, հավելանյութեր էր հանձնարարել:

Սպասում ենք ամսվա վերջում միջազգային ֆեդերացիայի նիստին, որը կայանալու է Բուխարեստում, որտեղ պարզ կլինի մեր մարզիկների ճակատագիրը»,- նշեց նախարարը:

Ֆուտբոլի  թեմայով հարցը սպորտի նախարարը փորձեց շրջանցել, բայց ամեն դեպքում ներկայարցեց խաղային մարզաձեւերը զարգացնելու իր տեսլականը, օրինակ բերելով բասկետբոլը:

«Հայկական ֆուտբոլը զարգացում կլինի այն ժամանակ, երբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս մարզաձեւում ունենա իր մեծ ներդրումներն, ինչպես մյուս մարզաձեւերում: Ֆուտբոլում խնդիրները շատ են, պարտությունները ցավալի են, բոլորս էլ տխրում ենք: Դեռ 2 տարի առաջ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկեցինք ֆուտբոլի հարցը: Նա ինձ հարցրեց, թե հնարավոր է խաղային ձեւերը զարգացնել Հայաստանում: Ես միանշանակ պատասխանեցի, որ հնարավոր է միայն  մեկ պայմանով՝ եթե լինի համապատասխան ուշադրություն, ներդրումներ, միասնական աշխատանք: Նախադեպն արդեն ունենք. արդյունքն ունեցանք բասկետբոլում: Մենք երբեք ինտերնետով մարզիչ չենք ընտրում: Խաղային մարզաձեւերում զարգացում եւ հաղթանակներ կլինեն, եթե գումարները, ներդրումները չխնայվեն գլխավոր մարզիչներ ընտրելու համար: Բասկետբոլն ապացուցեց, որ մենք կարող ենք հաջողություններ ունենալ նաեւ խաղային ձեւերում»,- շեշտեց նախարարը:

Ասուլիսի վերջում Հրաչյա Ռոստոմյանը դժգոհեց, որ լրագրողները Լեւոն Արոնյանի հաղթանակը բաց թողեցին եւ անմիջապես անցան հարցերին:

«Պետք է սկսեինք Լեւոն Արոնյանի հաղթանակով, շնորհավորանքով: Բոլորիս շնորհավորում եմ այս փառահեղ հաղթանակի կապակցությամբ: Այս հաղթանակով եւս մեկ անգամ ապացուցվեց, որ Հայաստանը շախմատային գերտերություն է: Եվ հույս ունեմ, որ Լեւոն Արոնյանը կհասնի աշխարհի չեմպիոնի տիտղոսին»,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով