11:34  ,  26 սեպտեմբերի, 2017

Ալբերտ Ազարյանը մտահոգ է. սպորտի նախարարը լիահույս է (ֆոտո)

Կարծում եմ, շատ մոտ ապագայում Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը կվերանորոգվի, մի քանի միլիոն դրամի խնդիր է։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը` մեկնաբանելով Ալբերտ Ազարյանի մարզադպորցի վերանորոգման հարցը։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայից նվեր ստացած մարզագույքի տեղադրման համար հարկավոր է մարզադահլիճի հատակի բետոնապատում, որպեսզի նոր գույքը երկար ծառայի։

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի առաջնությունների քառակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը մտահոգված է մարզադպորցի անմխիթար վիճակով։

«Արդեն երկար տարիներ իմ մարզադպրոցը վերանորոգման կարիք ունի։ Այս շենքը 1964 թվականին է կառուցվել։ Վերջին անգամ այստեղ վերանորոգում եղել է 20 տարի առաջ։ Մարզադպրոցն ունի մոտ 300 երեխա։ Անհարմար է, որ ծնողները գալիս են, մտնում դահլիճ հենց մուտքից  երեւում է դպրոցի անմխիթար վիճակը, գործիքների մաշված, դահլիճի հատակի քարուքանդ վիճակը։ Եվ հենց առաջին տպավորությունը ոչ դրական է միշտ լինում։

Մարզադպրոցի վերանորոգումը, ըստ քաղաքապետարանի, պետք է դեռ անցյալ տարի իրականացվեր, բայց այդպես էլ չարեցին։ Հետո ասացին, որ այս տարվա ծրագրի մեջ է մտած, բայց ինչպես տեսնում եք՝ ոչինչ չի արվել եւ այս տարի այլեւս չի արվի, քանի որ արդեն դասերը, մարզումները սկսվել են, արձակուրդներն ավարտվել են։

Բազմիցս խոսվել է, որ այս մարզադպրոցի վերանորոգման հարցն առաջնային է։ Ազատ վարժությունների ցատկահարթակի հատակն ամբողջությամբ փտած է, քարուքանդ։ Մենք ունենք նոր գույք, որը նվեր ստացանք միջազգային ֆեդերացիայից։ Օլիմպիական կոմիտեի աջակցությամբ նոր գույքը տեղափոխվեց Հայաստան, հասավ մեզ եւ այժմ այն մեր պահեստային սենյակում դրված է։ Չենք կարող տեղադրել, քանի որ պետք է բետոնապատվի դահլիճի հատակն ամբողջությամբ։ Օղակների վարժության, պտտաձողի ճոպաններն ամրացվածն են հատակին, իսկ այս դահլիճի հատակը փայտից է եւ արդեն լրիվ մաշված։ Երբ մարզիկները վարժություն են անում, հատակի փայտը շարժվում է։ Աստված չանի, մի օր հատակի ճոճից պոկվեն այդ ճոպանները: Դրանք պետք է բետոնի տակ լինեն։

Վտանգավոր է նաեւ հենացատկի փոսը։ Այն պետք է սպունգով լցնենք, որ պտույտներից հետո փոսի մեջ ցատկելիս ինչ-որ մի տեղ իրենց չհարվածեն, վնասվածք չստանան։

Պատերը քանդվում են, խոնավությունից փտել են։ Ջեռուցման համակարգ ունենք, ձմռան ամիսներին էլ ջեռուցման վճարման խնդրի առաջ ենք կանգնում, քանի որ ամիս է լինում 950 հազարից ավելի գումար է գալիս։

Խնդիրները շատ են։ Շատ անելիք կա այս մարզադպրոցում։ Բայց այս պահին առաջնայինը մարզագործիքների ամրացման, հատակը կառուցելու հարցն է»,- պատմել է Ալբերտ Ազարյանը NEWS.am Sport-ի թղթակցին։

Թե երբ վերջապես կլուծվի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի վերանորոգման հարցը, պարզաբանեց Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

«Դպրոցը Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ է։ Ես եւս շատ ուզում եմ, որ այդ դպորցը շուտ վերանորոգվի։ Ինքս զրուցել եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ եւ, իմ կարծիքով, շատ շուտ մարզադպրոցի վերանորոգման հարցը լուծվելու է։

Եթե ավելի անկեղծ լինենք, մարզադպրոցի վերանորոգման հարցը այդքան էլ գլոբալ խնդիր չէ, չլուծվող հարց չէ։ Այդքան էլ բարդ աշխատանք չէ, մեծ ֆինանսներ չի պահանջում։ Կարեւորն այն է, որ արդեն ունենք նոր մարզագույք եւ լիահույս եմ, որ Տարոն Մարգարյանը որքան հնարավոր է շուտ կլուծի մարզադպրոցի վերանորոգման հարցը։

Մենք պետական կառույց ենք եւ իրականում չենք կարող համայնքային կառույցի վրա ներդրում անել պետական գումար։ Սա քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոց է, ներդրումը պետք է քաղաքապետարանն անի։ Դպրոցի վերանորոգումն ընդամենը մի քանի միլիոն դրամի խնդիր է եւ չեմ կարծում, որ շատ երկար կձգձգվի այս հարցը։

Իմ կարծիքով շատ մոտ ապագայում դահլիճը վերանորոգված կլինի»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշել էր, որ հավաքականը առանձին մարզադահլիճի կարիք ունի: Հայաստանի հավաքականը մարզվում է միայն Ալբերտ Ազարյանի մարզադպրոցում։ Երեւանի «Օլիմպավանում» մարմնամարզիկների համար այդպես էլ առանձին դահլիճ չկառուցվեց։

«Մարմնամարզության դահլիճ «Օլիմպավանում» չկառուցեցինք, քանի որ տարածքի խնդիր ունեինք։ Կառուցեցինք այնպիսի դահլիճներ, որոնցում մարզվելու հնարավորություն կունենան միանգամից մի քանի մարզաձեւի ներկայացուցիչներ։ Տարածքը փոքր էր եւ փորձեցինք ունիվերսալ դահլիճներ դարձնել։ Առաջիկայում դեռ մարմնամարզիկների համար առանձին տեղ, մարզադահլիճ կառուցելու ծրագրեր չունենք։ Բայց սպորտի նախարարությունը ունի տարածք, այսինքն՝ ես աչքիս տակ ունեմ տարածք, որտեղ կարող ենք հրաշալի մարզադահլիճ կառուցել մարմնամարզիկների հավաքականի համար։ Բայց այս պահին այդ դահլիճի կառուցումն առաջնահերթ չէ մեզ համար։ Լավ կլինի, որ ունենանք։ Բայց դեռ այնքան խնդիր ունենք, որ դրան դեռ հերթը չի հասել»,- նշեց նախարարը։

Մինչ Երեւանի քաղաքապետարանը կորոշի, թե երբ վերանորոգել մարզադպրոցը, Հայաստանի 3 առաջատար մարմնամարզիկներ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ այս օրերին Փարիզում Ֆրանսիայի հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք են անում Կանադայում հոկտեմբերին անցկացվելիք աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ ամենօրյա մարզումներ անցկացնելով այնպիսի մարզադահլիճում, ինչիպիսին կուզեին ունենալ Երեւանում։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով