23:33  ,  21 սեպտեմբերի, 2017

Հռիփսիմե Խուրշուդյան. Ուրախ եմ, որ իմ որդին մեծանում է անկախ եւ հզոր Հայաստանում

Ուրախ եմ, որ իմ որդին մեծանում է անկախ ու հզոր Հայաստանում։ Մեր երկիրը ավելի հզոր դարձնողներից ենք նաեւ մենք՝ մարզիկներս, եւ այդ առաքելությունը սիրով ենք կատարում մեր երկրի համար։

Այսպես Հայաստանի անկախության տոնի առթիվ  շնորհավորեց Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարներից Հռիփսիմե Խուրշուդյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

«Ես 4 տարեկան եմ եղել, երբ Հայաստանն «այո» ասաց անկախությանը։ Մշուշոտ եմ հիշում խորհրդային ժամանակաշրջանը։ Անկախության առաջին կրողներից եմ ինձ համարում։ Ուրախ եմ, որ հայ ժողովուրդն ընտրեց անկախությունը, եւ այսօր մեր զավակները մեծանում են անկախ Հայաստանում։ Անկախության շունչը զգում եմ հատկապես մրցաշարերում, երբ հաղթում եմ, կանգնում պատվո հարթակի առաջին աստիճանին եւ ամենավերեւում բարձրանում է հայող եռագույնը, Հայաստանի հիմն է հնչում։ Դրանք աննկարագրելի պահեր են, հպարտության պահեր են։

Այսօրվա Հայաստանը մեր մեծերի երազած անկախ երկիրն է, ես էլ իմ որդու համար երազում եմ ավելի զարգացած եւ հարուստ Հայաստան։

Շնորհավորում եմ մեր անկախ հանրապետության 26-րդ տարեդարձը։ Շատ ուրախ եմ, որ հայուհի եմ ու հպարտորեն եմ կրում հայի անունը։ Ուրախ եմ, որ կարողանում եմ իմ հաղթանակներով ներկայացնել իմ փոքրիկ բայց միեւնույն ժամանակ հզոր երկիրը։ Սիրում եմ իմ անկախ Հայաստանը եւ դեռ մեծ հաղթանակներ եմ խոստանում պարգեւել իմ Հայաստանին, հայ ժողովրդին»,- ասել է Հռիփսիմե Խուրշուդյանը։

Հիշեցնենք, որ 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն այս օրերին սպասում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմանը դոպինգի հետ կապված իր որակազրկման վերաբերյալ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով