17:20  ,  4 սեպտեմբերի, 2017

Պարտեր դրությունը վերադառնում է, Արսեն Ջուլֆալակյանը վերսկսում է մրցելույթները

Հունահռոմեական ըմբշամարտում պարտեր դրությունը վերադառանում է: 2018 թվականի հունվարի 1-ից պարտեր դրությունը կգործի, բայց ոչ թե չորեքթաթ դրությամբ, այլ պառկած, իսկ վերեւից աշխատողը գործողությունը կանի կողքից:

Այս մասին հայտնեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը, որի խոսքով հունառոմեական ըմբշամարտի կանոններում կան դրական փոփոխություններ, որոնք կգործեն հունվարի 1-ից, օլիմպիական քաշային կարգերն էլ դարձել են 6-ը:

«Օրենքների փոփոխությունը եղավ: Պարտեր դրությունը վերադարձավ: Մի քանի ամսից փոփոխությունների վերջնական փաթեթը կստանանք: Այն օրենքները, որոնք հունվարի 1-ից կգործեն, մեզ համար նորություն չեն: Դրանք նախկինում էլ են գործել՝ 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերից մինչեւ 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերը: Չնչին փոփոխություններ կան այս օրենքների մեջ, որոնք կարելի է ասել, դրական են: Պարտեր վիճակը նորից վերադառնում է հունահռոմեական ըմբաշամարտ:

Տնական խոսքերով նկարագրեմ, թե որքան կարեւոր է պարտեր դրությունը հունահռոմեական ըմբշամարտի համար. ինչքան համով ճաշ եփենք, եթե աղն ու պղպեղը քիչ գցենք, ճաշը կորցնում է իր համը: Նույնը հունահռոմեական ըմբշամարտում է. եթե պարտեր դրությունը չկա, միեւնույն գոտեմարտը կորցնում է իր «համը»:

Կանգնած դրությունից ամբողջ աշխարհն էլ սովորել է սումո վիճակում գոտամարտել:  Պարտեր դրության համար լուրջ մասնագիտական մոտեցում է պետք, որը վստահ բոլոր երկրները չեն տիրապետում: Սրա համար լուրջ աշխատանք է պետք: Պարտերով միշտ առանձնացել են այն երկրները, որտեղ ըմբշամարտը դրված է եղել լավ հիմքերի վրա:  100 հազարավոր մարզիկներ կանգնած դրությունից սովորում են գոտեմարտել, բայց պարտերն ամբողջ կյանքի ընթացքում այդպես էլ չեն սովորում»,- մեկնաբանեց օլիմպիական չեմպիոնը:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հունվարի 1-ից կվերսկսի հանդես գալ պաշտոնական մրցաշարերում: Այս մասին իր խոսքում նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:  

«Սեպտեմբրի 28-ից հոկտեմբերի 2-ը Արսեն Ջուլֆալակյանը եւ Սարգիս Քոչարյանը կմասնակցեն Ղազախստանում կայանալիք Ուլիխանովի անվան մրցաշարին: Արսենն ամառվանից մրցաշարերի չի մասնակցել: Նա հունվարից կպատրաստվի նոր օրենքներով պաշտոնական մրցաշարերին: Սա կլինի փորձնական մրցում Արսենի համար»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը ներկայացրեց նաեւ հունահռոմեական ըմբամարտի փոփոխված նոր օլիմպիական քաշերը:

«Մեկ այլ փոփոխություն է եւս եղել՝ օլիմպիական քաշային կարգերի կրճատումը: Օլիմպիական քաշերը դարձել են 6-ը՝ 60, 67,  77, 87, 97 եւ 130:  Սրան հակառակ ավելացրել է ոչ օլիմպիական քաշերի քանակը՝ 55, 63,  72 եւ  82:  Աղջիկները թող չնեղանան,ես շատ եմ սիրում աղջիկներին,  բայց աղջիկների մեղքն է, որ հունահռոմեական ոճում օլիմպիական քաշերը դարձավ 6-ը: Նախկինում, երբ աղջիկները չէին մասնակցում ըմբշամարտում, կար 10 հունահռոմեական եւ 10 ազատ ոճի քաշային կարգեր: Համաշխարհային ցուցանիշով ըմբշամարտը 3-րդ  օլիմպիական մեդալներ վերցնելու քանակով՝ աթլետիկայից ու լողից հետո: Բայց քանի որ աղջիկները շարունակեցին տղաներին հավասարազոր գոտեմարտել, բաժանեցին քաշային կարգերը՝ 6 հունահռոմեական, 6 ազատ ոճ եւ 6 աղջիկներին:

Մաքսիմ Մանուկյանի քաշային կարգը դեռեւս չենք որոշել. Նա պաշտոնական մրցաշարերում երեւի հանդես կգա 82 կգ քաշային կարգում, իսկ արդեն Օլիմպիական խաղերի համար կարծում եմ նրա համար հարմար քաշ կլինի 87-ը»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս