17:20 4 սեպտեմբերի, 2017Հունահռոմեական ըմբշամարտում պարտեր դրությունը վերադառանում է: 2018 թվականի հունվարի 1-ից պարտեր դրությունը կգործի, բայց ոչ թե չորեքթաթ դրությամբ, այլ պառկած, իսկ վերեւից աշխատողը գործողությունը կանի կողքից:
Այս մասին հայտնեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը, որի խոսքով հունառոմեական ըմբշամարտի կանոններում կան դրական փոփոխություններ, որոնք կգործեն հունվարի 1-ից, օլիմպիական քաշային կարգերն էլ դարձել են 6-ը:
«Օրենքների փոփոխությունը եղավ: Պարտեր դրությունը վերադարձավ: Մի քանի ամսից փոփոխությունների վերջնական փաթեթը կստանանք: Այն օրենքները, որոնք հունվարի 1-ից կգործեն, մեզ համար նորություն չեն: Դրանք նախկինում էլ են գործել՝ 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերից մինչեւ 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերը: Չնչին փոփոխություններ կան այս օրենքների մեջ, որոնք կարելի է ասել, դրական են: Պարտեր վիճակը նորից վերադառնում է հունահռոմեական ըմբաշամարտ:
Տնական խոսքերով նկարագրեմ, թե որքան կարեւոր է պարտեր դրությունը հունահռոմեական ըմբշամարտի համար. ինչքան համով ճաշ եփենք, եթե աղն ու պղպեղը քիչ գցենք, ճաշը կորցնում է իր համը: Նույնը հունահռոմեական ըմբշամարտում է. եթե պարտեր դրությունը չկա, միեւնույն գոտեմարտը կորցնում է իր «համը»:
Կանգնած դրությունից ամբողջ աշխարհն էլ սովորել է սումո վիճակում գոտամարտել: Պարտեր դրության համար լուրջ մասնագիտական մոտեցում է պետք, որը վստահ բոլոր երկրները չեն տիրապետում: Սրա համար լուրջ աշխատանք է պետք: Պարտերով միշտ առանձնացել են այն երկրները, որտեղ ըմբշամարտը դրված է եղել լավ հիմքերի վրա: 100 հազարավոր մարզիկներ կանգնած դրությունից սովորում են գոտեմարտել, բայց պարտերն ամբողջ կյանքի ընթացքում այդպես էլ չեն սովորում»,- մեկնաբանեց օլիմպիական չեմպիոնը:
Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հունվարի 1-ից կվերսկսի հանդես գալ պաշտոնական մրցաշարերում: Այս մասին իր խոսքում նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:
«Սեպտեմբրի 28-ից հոկտեմբերի 2-ը Արսեն Ջուլֆալակյանը եւ Սարգիս Քոչարյանը կմասնակցեն Ղազախստանում կայանալիք Ուլիխանովի անվան մրցաշարին: Արսենն ամառվանից մրցաշարերի չի մասնակցել: Նա հունվարից կպատրաստվի նոր օրենքներով պաշտոնական մրցաշարերին: Սա կլինի փորձնական մրցում Արսենի համար»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչը ներկայացրեց նաեւ հունահռոմեական ըմբամարտի փոփոխված նոր օլիմպիական քաշերը:
«Մեկ այլ փոփոխություն է եւս եղել՝ օլիմպիական քաշային կարգերի կրճատումը: Օլիմպիական քաշերը դարձել են 6-ը՝ 60, 67, 77, 87, 97 եւ 130: Սրան հակառակ ավելացրել է ոչ օլիմպիական քաշերի քանակը՝ 55, 63, 72 եւ 82: Աղջիկները թող չնեղանան,ես շատ եմ սիրում աղջիկներին, բայց աղջիկների մեղքն է, որ հունահռոմեական ոճում օլիմպիական քաշերը դարձավ 6-ը: Նախկինում, երբ աղջիկները չէին մասնակցում ըմբշամարտում, կար 10 հունահռոմեական եւ 10 ազատ ոճի քաշային կարգեր: Համաշխարհային ցուցանիշով ըմբշամարտը 3-րդ օլիմպիական մեդալներ վերցնելու քանակով՝ աթլետիկայից ու լողից հետո: Բայց քանի որ աղջիկները շարունակեցին տղաներին հավասարազոր գոտեմարտել, բաժանեցին քաշային կարգերը՝ 6 հունահռոմեական, 6 ազատ ոճ եւ 6 աղջիկներին:
Մաքսիմ Մանուկյանի քաշային կարգը դեռեւս չենք որոշել. Նա պաշտոնական մրցաշարերում երեւի հանդես կգա 82 կգ քաշային կարգում, իսկ արդեն Օլիմպիական խաղերի համար կարծում եմ նրա համար հարմար քաշ կլինի 87-ը»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.