10:08  ,  1 սեպտեմբերի, 2017

Դավիթ Թորոսյանը՝ Համբուրգից. Ուրախ եմ այս մեդալի համար, քանի որ սա լուրջ հաջողություն է

Շնորհավորում մարզասերներին, քանի որ մենք եկանք այս հզոր առաջնությանը, որին մասնակցում էին աշխարհի բոլոր երկրներից եւ նրանց մեջ դարձանք մեդալակիր։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Համբուրգից ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը։

Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը Գերմանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ:

64 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Եվրոպայի չեմպիոն Բաչկովը բավարարվեց բրոնզե մեդալով՝ կիսաեզրափակիչում 0:5 հաշվով պարտվելով կուբացի Էնդի Գոմես Կրուզին։

2009 թ. աշխարհի առաջնության 75 կգ քաշայինների պայքարում Անդրանիկ Հակոբյանի նվաճած արծաթե մեդալից հետո, Հայաստանի բռնցքամարտիկներն աշխարհի առաջնություններում մեդալ չէր նվաճել։

Պարոն Թորոսյան, աշխարհի առաջնության բրոնզե մեդալով եք վերադառնում Հայաստան։ Ձեզ գոհացնու՞մ է բրոնզը, թե ոսկե մեդալի ակնկալիքով էիք։

Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում համառ պայքարում պարտվեց։ Հնարավորություն ուներ ավելի բարձր տեղ գրավել, բայց սա բռնցքամարտ է՝ 5 մրցավարներով։ Անգլիա, Բելառուս, Իտալիա... Այս երկրները մեկական մեդալ նվաճեցին, շատ երկրներ ընդհանրապես մեդալ չնվաճեցին։ Մենք եկանք աշխարհի առաջնության 2 բռնցքամարտիկով եւ նվաճեցինք մեդալ։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալը բավական լուրջ հաջողություն է։ Այն ինձ բավարարում է։ Ճիշտ է՝ ավելին էինք ուզում, բայց, աշխարհում 3-րդ լավագույնը լինելը լավ արդյունք է մեր փոքր երկրի համար, այն էլ՝ վերջին 5-6 տարիների այսօրինակ անհաջողություններից հետո. անհասկանալի է, թե ինչ է վերջին տարիներին դարձել բռնցքամարտը։

Հովհաննես Բաչկովին ուրախացրե՞լ է բրոնզե մեդալը, թե՞ ամեն դեպքում Եվրոպայի չեմպիոնը ձգտում էր նաեւ աշխարհի չեմպիոնի կոչմանը։

Աշխարհի առաջնության մեդալը, որպես այդպիսին, ուրախացրել է, բայց մի փոքր ընկճված է, քանի որ ուղին բռնել էր դեպի ոսկե մեդալը։ Ցանկությունը մեծ էր, բայց մինչեւ վերջ իր ցանկությունը չիրականացրեց։ Իրականում, ես ուրախ եմ այս մեդալի համար, քանի որ սա լուրջ հաջողություն է։ Եվրոպայի առաջնությունից հետո, որը մեծ փառքով անցավ Բաչկովը, աժմ էլ աշխարհի առաջնությունից մեդալ նվաճեց: Կարծում եմ՝ այս կարճ ժամանակում՝ 2 ամսում Եվրոպայի առաջնությունից հետո նաեւ աշխարհի առաջնությանը պատրաստվել ու մեդալ նվաճել, այդքան էլ հեշտ բան չէ։

Ի՞նչ կասեք Բաչկովի մրցակից, կուբացի Կրուզի մասին։  

Մրցակիցը, անկեղծ, հզոր բռնցքամարտիկ էր։ Կուբացի էր, իսկ նրանք շատ հզոր են սիրողական բռնցքամարտում։ Մենք նեղանալու ոչ առիթ ունենք, ոչ՝ պատճառ։ Մենք մերն արեցինք, ճիշտ է՝ առավելագույնը չարեցինք, բայց արեցինք մեր եղածի եւ ունեցած հնարավորությունների առավելագույնը։

Պարոն Թորոսյան, դեռ 9 ամիս եք գլխավորում Հայաստանի հավաքականը եւ արդեն ունենք Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր։ Նախկինում հաջողությունը մշտապես շրջանցում էր հայ բռնցքամարտիկներին։ Ի՞նչն  է եղել խնդիրը։

Թե ինչպես հաջողությունները շրջվեցին մեր կողմը՝ զբաղված չեմ դրանց ուսումնասիրություններով։ Այդ վերլուծությունները թողնում եմ հասարակության եզրակացությանը։ Ամեն մարդ մի տեսակետ ունի. եղել է այն, ինչ եղել է։ Իսկ այժմ կատարվում է այն, ինչ պետք է տեղի ունենա հայկական բռնցքամարտում։ Մեր տղաներն ունեն բոլոր հնարաորությունները Եվրոպայի, աշխարհի առաջնություններից մեդալներով վերադառնալու, չեմպիոններ դառնալու համար։

Ռինգում հաջողության հասնելու գաղտնիքը մարզիկի՞, թե՞ մարզիչի համառ ցանկության մեջ է։

Համատեղ ցանկության մեջ է։ Եթե կողմերից մեկի ցանկությունը պակաս է կամ ոչ բավարար, հաջողությունը չի լինի։ Մոլորված մարդիկ երբեմն ասում են, թե կարճ ժամանակում հնարավոր չէ հաջողության հասնել։ Ի՞նչ է նշանակում՝ կարճ ժամանակում... Բռնցքամարտիկին 1 վայրկյանն էլ բավարար է չեմպիոն դառնալու համար կամ հակառակը՝ պարտվելու։ 10 վայրկյանում կարելի է բռնցքամարտիկից ստանալ «սուպերմարտիկ» եւ նույն 10 վայրկյանում կարելի է «վերջացնել» լավ բռնցքամարտիկին։ Սրանք մարզիկի ներաշխարհի խնդիրներ են, որոնք շատերը չեն էլ գիտակցում։ Բռնցքամարտն այնպիսի մարզաձեւ է, որ մեկ բառը բռնցքամարտիկին կարող է ջնջել, երկու բառը դարձնել չեմպիոն։

Ասում են՝ օլիմպիական մրցափուլի առաջին երկու տարիների Եվրոպայի, աշխարհի առաջնությունները սովորաբար թույլ են եւ չեն համեմատվում Օլիմպիական խաղերին նախորդող երկու, մասնավորապես, վերջին տարվա առաջնությունների հետ։ Համամի՞տ եք այս կարծիքի հետ։ Այս աշխարհի առաջնությունը ուժե՞ղ էր։

Սա սիրողական խոսակցության բնութագիր է։ Ի՞նչ է նշանակում՝ աշխարհի առաջնությունն ուժեղ չէ։ Այս առաջնությունում աշխարհի չեմպիոն կար, անգամ մեկ մենամարտ չհաղթեց, Եվրոպայի չեմպիոններ կային, որ մեկնարկային մենամարտերից դուրս մնացին, Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ կային, որ կես քայլ չարեցին։ Ինչպե՞ս կարող է առհասարակ աշխարհի առաջնությունը ուժեղ չլինել։ Այդ տեսակները զուտ երկրպագուների  խոսակցություն է։ Աշխարհի առաջնությունը միշտ ուժեղ է եղել եւ այդպիսին էլ կմնա։ Այս առաջնությունն էլ շատ ուժեղ էր։

Ի՞նչ կասեք մրցավարության մասին։

Այս անգամ վատ չէր։ Որոշակի կողմնապահություններ կար, որոշ երկրներին, մասնավորապես Ուզբեկստանին, Ղազախստանին, ինչ-ինչ առավելություններ էին տալիս։ Ինձ համար շատ անհասկանալի էր։ Ուզբեկներին եւ ղազախներին մարտերը նվիրաբերում էին, բայց մյուս երկրների, այդ թվում եւ մեր հանդեպ, նորմալ մրցավարություն էր։

Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր նաեւ Կարեն Տոնականյանը (60 կգ), որը 1/8 եզրափակիչում 0:5 հաշվով պարտվեց ուզբեկ Էլնուր Աբդուրահիմովին:  

Կարեն Տոնականյանին հաջողվեց միայն հաղթահարել 1/16-րդ եզրափակիչը։ Ի՞նչ գնահատական կտաք նրա մրցելույթին։

Կարեն Տոնականյանը լավ մեկնարկեց աշխարհի առաջնությունում, գեղեցիկ հաղթանակ տարավ ավստրալացու նկատմամբ, բայց 1/8 եզրափակիչում, անկեղծ կլինեմ, ռեալ տարվեց։ Մենք բողոքելու ոչինչ չունենք. նա պարտվեց եւ դրանով ամեն ինչ ասված է։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով