11:50  ,  8 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Անդրանիկ Հակոբյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է Լոնդոնի 30-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակներին:

Անդրանիկ Հակոբյան, բռնցքամարտ, 75կգ քաշային կարգ

Ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 6-ին:

Հայաստանի բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր (2008), աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր(2009), 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի մասնակից, Միջազգային մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր:

Ամուսնացած է, ունի դուստր

Բռնցքամարտով սկսել է զբաղվել 15 տարեկանից, Էջմիածին քաղաքում: Անդրանիկ Հակոբյանը հենց սկզբից մարզվել է Պավել Կարսլյանի ղեկավարությամբ:

Օլիմպիական խաղերի վարկանիշը վաստակել է 2010 թվականին Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում` զբաղեցնելով հինգերորդ տեղը:

Օլիմպիական խաղերից առաջ մասնակցել է վեց մարզումային հավաքների: Լոնդոն մեկնելուց առաջ վերջին հավաքը նախատեսված է անցկացնել Աբովյան քաղաքի մարզաբազայում, որտեղ կան բոլոր հնարավորությունները:

Բռնցքամարտիկների մինչեւ 75 կգ քաշային կարգում, օլիմպիական մրցաշարին մասնակցելու են 28 մարզիկներ: Կախված վիճակահանությունից Անդրանիկ Հակոբյանը կարող է իր առաջին մենամարտը անցկացնել կամ հուլիսի 28-ին կամ էլ օգոստոսի 2-ին: Եթե առաջին փուլում մեր մարզիկը ազատ եղավ, ապա բրոնզե մեդալ վաստակելու համար հարկավոր կլինի հաղթել երկու մենամարտերում, իսկ ոսկե մեդալին կարժանանա, եթե հաղթի չորս մենամարտերում: Եթե Հակոբյանը սկսի իր ելույթները հուլիսի 28-ից, երրորդ մրցանակակիր դառնալու համար հարկավոր է հաղթել երեք մենամարտերում, իսկ ոսկե մեդալին կարժանանա հինգ մենամարտ հաղթելուց  հետո:

Անհատական մարզիչն է Պավել Կարսլյանը:

Հավաքականի մարզիչն է Կարեն Աղամալյանը:

Անդրանիկ Հակոբյան

Օլիմպիական խաղերին մասնակցելն արդեն հաջողություն է: Սակայն դա նվազագույն հաջողությունն է, ինչին կարող է հասնել մարզիկը: Երբեք ձեռք բերածով պետք չէ բավարարվել: Իմ ամբողջ փորձն ու վարպետությունը ներդնելու եմ օլիմպիական մեդալ նվաճելու համար: Հիմա մտածում եմ միայն լավ նախապատրաստվելու մասին, սակայն Խաղերի մեկնարկը սարերի հետեւում չէ եւ  արդեն տրամադրվում եմ նաեւ օլիմպիական ռինգում հաջողությունների հասնելուն:  Ամեն ինչ կանեմ հայ ժողովրդին եւ իմ մարզիչներին ու երկրպագուներին ուրախացնելու համար:

Կարեն Աղամալյան

Անդրանիկ Հակոբյանին բռցնքամարտի գաղտնիքներին ծանոթացնել պետք չէ: Նա այնքան փորձ է կուտակել, որ հիմա առավել կարեւոր է նրան օլիմպիական մրցաշարին այսպես ասած, հասցնել լավ մարզավիճակում: Ունի բոլոր տվյալները մեդալ նվաճելու համար, չնայած որ դա հեշտ չի լինելու: Ես հուսով եմ, որ Հակոբյանը  կուրախացնի մեզ: Եթե նա կարողացավ լավ տրամադրվել ու ռինգում ցույց տալ այն, ինչին ընդունակ է, կարծում  եմ` մեդալ կունենանք: Իսկ մենք էլ մեր հերթին ամեն ինչ կանենք, որ նա լինի հավասարակշռված ու տրամադրված:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով