12:34  ,  30 օգոստոսի, 2017

Հակոբ Սերոբյան. Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի պատերն էլ արդեն քանդվում են

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը բարձրաձայնում է մարզիկների կյանքի համար վտանգ սպառնացող հին մարզագույքի եւ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի ձգձգվող վերանորոգման խնդրի մասին։

Հիշեցնենք, որ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան միջազգային ֆեդերացիայից նոր մարզագույք էր նվեր ստացել՝ ցատկահարթակ, զուգափայտ, օղակներ, պտտաձող: Սակայն ցատկահարթակը տեղադրելու հետ կապված խնդիրներ կան: Այժմն նաեւ խնդիր է մյուս մարզագույքերի տեղադրումը, քանի որ մարզադպրոցի հատակը եւ պատերը նորոգման կարիք ունեն։

«Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի վերանորգման հարցը դեռեւս լուծված չէ։ Մեզ հարկավոր են հովանավորներ, որպեսզի վերջապես այդ դպրոցի գոնե հատակն ու պատերը վերանորոգվեն եւ նոր մարզագույքը տեղադրվի։ Այն մարզագույքը, որով այժմ մարզվում են մեր տղաները, իսկապես վտանգավոր է նրանց կյանքի համար։ Մասնավորապես պտտաձողը, քանի որ պտտաձողից ընկնելը վատ հետեւանքներ կարող է ունենալ։

Նախկինում ասելի էի, որ թույլ չեմ տալու տեղադրվի ազատ վարժությունների ցատկահարթակը։ Բայց արդեն նաեւ մյուս մարզագույքն էլ տեղադրելու կարիք չկա, քանի որ շատ շուտ շարքից դուրս կգան։ Եթե մենք ունենայինք մի հովանավոր, որը վերանորոգեր թեկուզ միայն հատակը, չնայած դպրոցի պատերն էլ արդեն քանդվում են։

Այս պայմաններում մեր մարմնամարզիկները մարզվում եւ մեդալներ են նվաճում, իսկ պատկերացնում եք՝ ինչ հաջողությունների կհասնենք, եթե նորմալ պայմաններում մարզվենք։ Շատ բան չենք ուզում: Մի դահլիճ լիներ, մեր մարզագույքը տեղադրեինք, արդեն մտահոգվելու ոչինչ չէինք ունենա»,- ասաց Հակոբ Սերոբյանը։

Շարքից դուրս եկած գույքն ու վատ պայմաններն արդեն ազդում են Եվրոպայի, աշխարհի առաջնություններում հայ մարզիկների արդյունքների վրա։

«Այս շրջանում մենք նախապատրաստվում ենք տարվա կարեւորագույն մրցմանը՝ աշխարհի առաջնությանը, որը կայանալու է Մոնրեալում՝ հոկտեմբերի 2-8-ը։

Աշխարհի առաջնությանը մասնակցելու ենք 3 մարմնամարզիկով՝ Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյան, Եվրոպայի փոխչեմպիոններ Արթուր Դավթյան եւ Վահագն Դավթյան։

Խնդիր ունենք Արթուր Դավթյանի վարժության հետ։ Աշխարհի առաջնության համար պետք է հենացատկի նրա երկրորդ ցատկը բարդացնենք։ Բայց մեր դահլիճի հենացատկի փոսը շատ վատ վիճակում է։ Կարելի է ասել՝ փոս չունենք։ Արդեն ցատկերի համար այդ փոսը շատ վտանգավոր է։ Եթե ռիսկի գնանք ու փորձարկենք երկու պտույտով ցատկը, միանշանակ վնասվածք է ստանալու մեր մարզիկը։ Առաջին անգամ ցատկ փորձելուց միշտ էլ մարզիկները վայր են ընկնում։ Բայց եթե ես գնամ դրան, ինձ երբեք չեմ ների, եթե իմ սանը վնասվածք ստանա մարզման ընթացքում։ Հենց այդ օրը կավարտեմ մարզչական գործունեությունս եւ դուրս կգամ դահլիճից։

Իսկ եթե մենք ուզում ենք, որ Արթուր Դավթյանն աշխարհի առաջնությունում պայքարի մրցանակային տեղերի համար, դուրս գա եզրափակիչ, մեզ պետք է երկրորդ նոր ցատկ ունենալ։

Մինչ աշխարհի առաջնությունը Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը կմասնակցեն Փարիզում սեպտեմբերի 16-17-ը անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության փուլին։ Դրանից հետո այնտեղ կմնանք եւ Ֆրանսիայի, Չինաստանի թիմերի հետ համատեղ հավաք կանցկացնեն եւ հենց այնտեղից էլ կմեկնենք Կանադա: Դրսում մարզումներին կփորձարկենք Արթուր Դավթյանի նոր ցատկը։

Մյուս մեր տղաների համար եւս այս աշխարհի առաջնությունը շատ բարդ է լինելու։ Մրցակցությունը շատ մեծ է։ Իսկ լավ արդյունքների համար մեզ միանշանակ պետք են լավ պայմաններ եւ վտանգ չսպառնացող գործիքներ»,- նշեց Հակոբ Սերոբյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով