14:44  ,  29 օգոստոսի, 2017

Հակոբ Սերոբյան. Արթուր Դավթյանի առաջարկով եզրափակիչին իր փոխարեն մասնակցեց Արթուր Թովմասյանը եւ չեմպիոն դարձավ (ֆոտո)

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, թիմի մարզիկներ Արթուր Թովմասյանն ու Արթուր Դավթյանն ամփոփել են մասնակցությունը Թայվանում անցկացված Համաշխարհային ուսանողական խաղերին:

«Գոհ եմ արդյունքներից, Արթուր Թովմասյանի, Արթուր Դավթյանի մասնակցությունից, նաեւ Արմեն Պետրոսյանից: Արթուր Դավթյանից ոսկե մեդալի ակնկալիք ունեինք: Այնպես չէր, որ նա վատ մասնակցեց, այդ պատճառով մեդալ չնվաճեց: Շատ լավ մասնակցեց: Հանդես եկավ բազմամարտում եւ նույնիսկ Եվրոպայի առաջնության արդյունքներից երկու օրերում էլ 2 միավորից ավել հավաքեց: Սա շատ մեծ արդյունք է: Բարդացրել ենք նժույգի, օղակների վարժությունները:

Օղակների վարժությունը Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանի հենակետային վարժությունը չէ, եւ մենք թիմով որոշում ընդունեցինք եզրափակիչում Արթուր Դավթյանի փոխարեն հանդես գալու հնարավորություն տալ Արթուր Թովմասյանին: Սա նախեւառաջ Արթուր Դավթյանի առաջարկն էր: Նա բրոնզե մեդալ կնվաճեր: Բայց մեր թիմի տղաները բոլոր պայքարում են ոչ միայն անհատական հաջողությունների, այլ առաջնային թիմի ընդհանուր հաջողությունների համար: Ես ուրախ եմ եւ կասկած չունեի, որ Արթուր Դավթյանն ինքը կառաջարկի Թովմասյանին իր փոխարեն հանդես գալ: Այդպես էլ եղավ: Ես իմ մասնագիտական խոսքն էլ ասացի, եւ Արթուր Թովմասյանը օղակների վարժության եզրափակիչում փայլեց:

Արթուր Թովմասյանը որակավորման փուլում մի փոքր զիջեց եւ չկարողացավ դուրս գալ  եզրափակիչ: Ինչն էլ ակնկալում էինք: Ուրախ եմ այս հաջողության համար: Ունենք չեմպիոն եւ սա լավագույն արդյունքն է Ունիվերսիադայի համար: Ուրախ եմ, որ Արթուր Թովմասյանը կրկնակի չեմպիոն դարձավ»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Ունիվերսիադայի չեմպիոն Արթուր Թովմասյանը նշեց, որ հաղթանակի հասավ Արթուր Դավթյանի եւ Հակոբ Սերոբյանի շնորհիվ:

«Ոսկե մեդալը մեր թիմային աշխատանքի արդյունքն է: Ես դարձա չեմպիոն եւ դրանում ահռելի բաժին ունի Արթուր Դավթյանը, ով եզրափակիչում իր տեղը զիջեց ինձ: Իհարկե սա նաեւ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ է, քանի որ նրա թույլտվությամբ ես կարողացա եզրափակիչում մասնացել:

Եզրափակիչում շատ լարված էի ու պատասխանատվության զգացումը մեծ էր, քանի որ ինձ վստահվել էր Արթուր Դավթյանի փոխարեն հանդես գալ: Ես զգում էի, որ պետք է լավագույնս հանդես գամ, վարժությունս կատարեմ, քանի որ սխալվելու իրավունք չունեմ, քանի որ եթե ես սխալվեի, ուրեմն ոսկե մեդալի սպասելիքները չէին արդարանա, Արթուր Դավթյանն էլ մեդալ նվաճելու հնարավորությունից կզրկվեր»,- նշեց Արթուր Թովմասյանը:

Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը համաշխարհային ուսանողական խաղերում մեդալ չնվաճեց, բայց նշում է, որ Արթուր Թովմասյանի ոսկե մեդալն իրեն ավելի է ուրախացրել:

«Համաշխարհային ուսանողական խաղերում ես դուրս եկա եզրափակիչ, բայց ես չէի կարող այն արդյունքը գրանցել, ինչ Արթուր Թովմասյանը: Այդ պատճառով ես իմ տեղը զիջեցի Արթուր Թովմասյանին, որպեսզի մենք չեմպիոնով վերադառնանք Հայաստան: Ես օղակների վարժությունում դուրս եկա եզրափակիչ, բայց ոսկե մեդալ չէի նվաճի, քանի որ դա իմ հենակետային գործիքը չէ: Դա Արթուր Թովմասյանի հենակետային գործիքն է: Ես գուցե բրոնզե մեդալ նվաճեի, բայց ավելի ուրախ եմ, որ Արթուրը ոսկե մեդալ նվաճեց եւ մեր թիմը կրկնակի չեմպիոն ունեցավ»,- ասաց Արթուր Դավթյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով