14:35  ,  28 օգոստոսի, 2017

Հայաստանի հավաքականի մեդալակիրներն ու մարզիչներն ամփոփեցին աշխարհի առաջնությունը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտեց երկու բրոնզե մեդալով: Հայաստանի համար մեդալներ նվաճեցին 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն եւ 97 կգ քաշային Գեւորգի Կետոեւը։ Մյուս քաշային կարգերում Հայաստանի 3 ներկայացուցիչներ Գարիկ Բարսեղյանը, Վալոդյա Ֆրանգուլյանն ու Գրիգոր Գրիգորյանը մնացին առանց մեդալների։

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիրներ Լեւան Բերիանիձեն եւ Գեորգի Կետոեւը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին աշխարհի առաջնությունում իրենց մասնակցությունը:

Լեւան Բերիանիձե.

«Ուրախ եմ, որ կարողացա Հայաստանի համար իմ երկրորդ մեդալնը նվաճել: Գոտեմարտերը բարդ էին: Մցակիցներիցս Ռուսաստանի ներկայացուցիչը շատ լավ ըմբիշը: Բայց ես գիտեի դա եւ հոգեբանորեն պատրաստվել էի նրան հաղթելու: Ինչ-որ տեղ չէի սպասում, որ այդքան հեշտ կարող էր ստացվել: Դա երեւի նրանից էր, որ ժամանակի ընթացքում քաշս պահել էի, թարմ էի զգում, լավ էի զգում եւ կարողացա այդ գոտեմարտը վարել այնպես, որ իմ օգտին լինի եւ առանձնապես լուրջ խնդիրներ չունեցա աշխարհի առաջնությունում:

Նույն ոգով մարզումներով մրցաշարերով կշարունակեմ մինչեւ օլիմպիական մրցափուլի ավարտն ու Օլիմպիական խաղերը»:

Գեորգի Կետոեւ.

«Հայաստանի համար նվաճեցի իմ առաջին մեդալը: Ոսկի չէ, բայց բրոնզե մեդալն էլ է ինձ շատ ուրախացնում եւ ոգեւորում է: Հայաստանն իմ երկրորդ հայրենիքն է, ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում եւ ուրախ եմ, որ Հայաստանի դրոշն եմ ներկայացնում, մրցաշարերում բարձրացնում Հայաստանի դրոշը:

Ես երկար տարիներ եմ մարզվում եւ մասնակցում մրցումների: Բոլոր մրցակիցներիս անգիր գիտեմ: Ես այս առաջնությունում հաղթեցի այն ըմբիշին, ում պարտվել էի Օլիմպիական խաղերում: Կարծում եմ՝ Օլիմպիական խաղերին գուցե այդքան էլ պատրաստ չէի, ինչպես այս աշխարհի առաջնությունում: Լինում է երբեմն այդպես, որ թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես պատրաստ ես լինում գորգբ դուրս գալուն, բայց ինչ-որ մի բան չի ստացվում: Հետագայում երբ նույն մրցակցիդ հետ հանդիպում ես գորգում, հասկանում ես, որ նախորդ մրցմանը այդքան էլ լավ պատրաստ չէիր:

Ես շարունակելու եմ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ, մեդալներ նվաճել, այդպես մինչեւ Տոկիո-2020: Նպատակս ու քայլերս դեպի հաջորդ Օլիմպիական խաղերն են»:

2017 թվականի հունիսի 19-ից թիմի գլխավոր մարզիչի պարտականությունները ժամանակավոր ստանձնած Հաբեթնակ Կուրղինյանի համար աշխարհի առաջնությունն առաջին լուրջ փորձությունն էր։ Հաբեթնակ Կուրղինյանին աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում եւ Փարիզում օգնում էր թիմի երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանը։

Հաբեթնակ Կուրղիանյան.

«Այս երկու մեդալների համար շնորհավորում եմ մեր թիմին, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային: Ընդհանուր թիմի մրցելույթներից գոհ եմ: Կան իհարկե սխալներր, դրանց վրա կաշխատենք: Մյուս երեկ ըմբիշների մասնակցությունն էլ գնահատում եմ բավարար: Նրանք բոլորն էլ կարող էին մեդալներ նվաճել, բայց ինչ-որ բան ստացվեց: Այս առաջնությունում չստացվեց եւ վստահ եմ, որ մյուս աշխարհի առաջնությունում մեդալներ կնվաճեմ մեր մյուս ըմբիշները, քանի որ մեծ ներուժ ունեն Հայաստանի հավաքականի ըմբիշները»:

Լուսինե Շահբազյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով