15:56  +04,  23 օգոստոսի, 2017

Մաքսիմ Մանուկյանի մայր. Ներքուստ զգում էի եւ հավատում, որ որդիս հաղթանակով է վերադառնալու (live՝ «Զվարթնոցից»)

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայ մարզասեր երկրպագուները արդեն մի քանի ժամ սպասում են հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին եւ Մաքսիմ Մանուկյանին:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը օգոստոսի 23-ին վերադառնում է հայրենիք: NEWS.am Sport-ը ֆեյսբուքյան հեռարձակմամբ ներկայացնում է դիմավորումը «Զվարթնոցում»:

Չեմպիոններին դիմավորողներից սպասասրահում ամենահուզվածը Մաքսիմ Մանուկյանի մայրն էր՝ տիկին Սվետան, ով փորձում էր հնարավորինս աննկատ մնալ բազմության մեջ:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մաքսիմ Մանուկյանի մայրը պատմեց, որ միշտ հավատացել է որդու հաղթանակին:

«Աննկարագրելի հուզված եմ, լարված: Այս զգացողությունը դեռ երեկվանից է: Անչափ երջանիկ եմ, որ չեմպիոնի մայր եմ: Մաքսիմ Մանուկյանն իրականացրեց իր հոր երազանքը, եւ ես երջանիկ եմ:

Ես ուզում եմ, որ Հայաստանի, աշխարհի բոլոր մարզիկների մայրերը ապրեն այս զգացողությունները, ինչ ես ապրեցի երեկ եւ այսօր արթնացա, որպես չեմպիոնի մայր:

Գոտեմարտերին չեմ հետեւել: Սովորաբար չեմ հետեւում, քանի որ շատ ծանր է ինձ համար: Բայց ներքուստ զգում էի եւ հավատում, որ իմ որդին հաղթանակով է գալու տուն»,- ասաց Մաքսիմ Մանուկյանի մայրը:

Հիշեցնենք, որ 30-ամյա ըմբիշը նախկինում մեդալներ չէր նվաճել մեծահասակների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով