09:05  ,  23 օգոստոսի, 2017

Արմեն Նազարյանը՝ Փարիզից. Դեռ Ռիո-2016-ի ժամանակ էի սպասում, որ Մաքսիմ Մանուկյանը կդառնա չեմպիոն

Ես դեռ Օլիմպիական խաղերի ժամանակ էի սպասում, որ Մաքսիմ Մանուկյանը կդառնա չեմպիոն։ Նա տաղանդավոր ըմբիշ է, իսկ գոտեմարտերը շատ դիտարժան են։ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում աշխարհի նորընծա չեմպիոն Մաքսիմ Մանուկյանի մասին  Փարիզից ասաց կրկնակի օլիմպիական, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանը։

«Այսօր իմ եւ ամբողջ հայության ուրախությունը շատ մեծ է։ Ուրախությունից այնքան բղավեցի, որ ձայնս մի փոքր կտրվել է։

Մաքսիմ Մանուկյանն այսօր ուղղակի փայլեց Փարիզի գորգում։ Եթե անկեղծ, ես վաղուց էի սպասում եւ հավատում, որ Մաքսիմը մի օր դառնալու է մեծ չեմպիոն։ Նա իր մարզական կարիերայի ընթացքում հաղթել է շատ մեծ մարզիկների եւ հետեւելով նրա մարզական ուղուն, միշտ մտածում էի, որ նա պետք է դառնա չեմպիոն։ Իսկ ավելի անկեղծ՝ սպասում էի, որ Ռիո-2016-ում պետք է դառնա օլիմպիական չեմպիոն։ Մաքսիմ Մանուկյանը շատ տաղանդավոր ըմբիշ է, շատ գեղեցիկ հնարքներ ունի։ Բոլորը հիանում են նրա հնարքներով։ Նա շատ գեղեցիկ եւ դիտարժան գոտեմարտեր է անցկացնում։

Նա այսօր անցկացրեց 5 հաղթական գոտեմարտ եւ ամբողջ մրցումային օրվա ընթացքում ամենագեղեցիկ գոտեմարտերը Մաքսիմ Մանուկյանինն էին։ Մյուս բոլոր եզրափակիչներն անհետաքրքիր էին եւ ավարտվում էին 2։1, 1։1 հաշիվներով։ Իսկ Մաքսիմ Մանուկյանի բոլոր գոտեմարտերն էլ ավարտվում էին խոշոր հաշվով՝ նրա հնարքների շնորհիվ։ Այսպես Մաքսիմ Մանուկյանի գոտեմարտերը ոչ մի մրցավար չի կարողանա գողանալ, միավոր խլել, նրա դեմն ուղղակի առնել չի լինի։ Նա այսպիսի ըմբիշ է։

Շնորհավորում եմ հայ ազգյին, որ կրկնապատկվեց աշխարհի ոսկե մեդալը, երկրորդ անգամ բարձրացավ մեռ եռագույնը, աշխարհը լսեց Հայաստանի հիմնը։ Իսկ դահլիճում այնքան շատ հայ կար, այնպիսի ուրախություն էր տիրում, որ աննկարագրելի է։ Ուրախ եմ, որ Հայաստանն այսպիսի ըմբիշներ ունի եւ կարծում եմ, որ այս ըմբիշները կպայքարեն մինչեւ Օլիմպիական խաղեր եւ նույն ուրախությունը կպարգեւեն նաեւ Օլիմպիական խաղերում»,- ասաց Արմեն Նազարյանը։

Կրկնակի օլիմպիական չեմպիոնն առանձնացրեց նաեւ աշխարհի առաջնությունում 66 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանին, ով պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում։

«Շատ լավ հանդես եկավ նաեւ Կարեն Ասլանյանը։ Հատկապես, մեծ ուշադրության էր արժանի Կարեն Ասլանյանի սփոփիչ գոտեմարտում ադրբեջանցու նկատմամբ 7։1 հաշվով հաղթանակը։ Բրոնզե մեդալի համար պայքարում նա հանդիպեց ռուս ըմբիշի, որը փորձով եւ տիտղոսներով բարձր ըմբիշ էր։ Կարեն Ասլանյանն այդքան էլ չէր զիջում Սուրկովին։ Նա դեռ երիտասարդ ըմբիշ է։ Նրան դեռ ժամանակ է պետք մեծահասակների մրցագորգում հարմարվելու համար։ Նա դեռ գոտեմարտում է պատանիների եւ երիտասարդների ոգով։ Տաքարյուն ըմբիշ է։ Բայց այսօր մեծ հնարավորություն ուներ բրոնզե մեդալ նվաճել, քանի որ մեկ միավորով պարտվեց ռուս ըմբիշին»,- նշեց Արմեն Նազարյանը։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում նվաճեց երկու մեդալ՝ Արթուր Ալեքսանյանի եւ Մաքսիմ Մանուկյանի ոսկե մեդալները:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով