00:53  ,  20 օգոստոսի, 2017

Բոսնիայի թիմի մարզիչ. Շնորհավորում եմ Հայաստանի թիմին լավ խաղի համար

«Մենք մի փոքր վախենում էինք այս խաղից, քանի որ Հայաստանի թիմի խաղաոճն արդեն գիտեինք: Շնորհավորում եմ Հայաստանի թիմին լավ խաղի համար»:

2019 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի վերջին տուրում բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի դեմ տարած հաղթանակից հետո ասաց Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչի առաջին օգնական Մենսուր Բայրամովիչը: Բոսնիացիների գլխավոր մարզիչ Դուշկո Վույոչեւիչը վատառողջ լինելու պատճառով չէր ժամանել Երեւան:

Հիշեցնենք, որ Հայաստանը Բոսնիա-Հերցեգովինային պարտվեց 66:83 հաշվով: Բոսնիացիները դուրս եկան աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հիմնական փուլ:

«Այս խաղը շատ կարեւոր եւ որոշիչ էր ինչպես մեր թիմի, այնպես էլ Հայաստանի թիմի համար: Մենք շատ ենք հարգում Հայաստանի թիմին, քանի որ որակավորման փուլի մեր հանդիպումների ընթացքում Հայաստանի թիմը ցույց տվեց հրաշալի խաղ: Իսկ ամբողջ որակավորման փուլի ընթացքում Հայաստանի թիմն ունեցավ լավ արդյունքներ: Մենք մի փոքր վախենում էինք այս խաղից, քանի որ գիտակցում էինք՝ մեր առջեւ գուցե երկար տարիների հավաքական չէ, բայց երիտասարդ թիմ է: Գուցե անփորձ, բայց արդեն լավ խաղ ցուցադրող:

Շնորհավորում եմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչին եւ հավաքականի անդամներին այսօրվա լավ խաղի համար: Շնորհակալ եմ երկրպագուներին, որ այսպիսի հրաշալի մթնոլորտ էին ստեղծել եւ այդպես երկրպագում են ազգային հավաքականին, խաղահարապարակում գտնվող բասկետբոլիստներին: Կարծում եմ, խաղահրապարակում գտնվող յուրաքանչյուր բասկետբոլիստ իրեն լավ էր զգում այս մթնոլորտում խաղալիս:

Մենք խաղը վերցրեցինք մեր ձեռքը չորրորդ քառորդում: Ես չգիտեմ, թե տղաներին երկրորդ շունչ եւ այդքան էներգիա որտեղից եկավ վերջին քառորդում: Գուցե պատճառը Ռայան Բոթրայթի հոգնածությունն էր, թե ընդմիջումից հետո մեր տակտիկայի փոփոխությունը լավ աշխատեց: Չորրորդ քառորդում մեր թիմի տղաները գերազանց խաղացին: Մենք միշտ տարբեր ենք խաղում, երբեք նույն տեխնիկայով չենք խաղում, քանի որ չենք բավարարվում մեր լավ խաղով»,- ասաց Մենսուր Բայրամովիչը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2019-ի ընտրական մրցաշարի նախնական փուլի նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը տնային հաղթանակներ էր տարել Սլովակիայի (75:61) եւ Շվեդիայի (82:69) նկատմամբ, Սարաեւոյում պարտվել էր Բոսնիա-Հերցեգովինային (85:98), Բրատիսլավայում հաղթել էր Սլովակիային (92:78), Ուպսալայում 70:93 հաշվով պարտվել էր շվեդներին:

Հայաստանի հավաքականը կազմավորվել է այս տարի եւ առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնությանը:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով