11:50  +04,  18 օգոստոսի, 2017

Հովհաննես Գաբրիելյանը՝ Թայբեյից. Ակնկալում ենք ոսկե մեդալներ

Ուժեղ թիմով ենք մասնակցում ամառային ուսանողական համաշխարհային խաղերին: Մեր թիմի կազմում են նաեւ Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոնները: Անկնալում ենք այս ունիվերսիադայից վերադառնալ ավելի շատ մեդալներով, մասնավորապես ոսկե մեդալներով, քան նախորդ տարիներին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Թայվանից ասաց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, Թայվանում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը:

Օգոստոսի 19-30-ը  Թայվանի մայրաքաղաք Թայբեյում կանցկացվի 29-րդ համաշխարհային ուսանողական ամառային մարզական խաղերը, որին մասնակցելու է 131 երկրի 7639 մարզիկ, վիճարկվելու է 275 մեդալ 21 մարզաձեւերում:

«Մասնակից երկրների ու մարզիկների քանակով, մրցաշարի մակարդակով ունիվերսիադան Օլիմպիական խաղերից  հետո երկրորդ խոշոր մարզական միջոցառումն է:

Ունիվերսիադա-2017-ում Հայաստանը կունենա 16 մասնակից: Հայ մարզիկները հանդես կգան 7 մարզաձեւերում՝  ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո, ուշու:

Ծանրամարտում Հայաստանը ներկայանում է ուժեղագույններով՝  Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյան, օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյան եւ Գոռ Մինասյան: Ծանրորդները կմասնակցեն Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանի ղեկավարությամբ:

Սպորտային մարմնամարզությունում Հայաստանի ուժեղագույն մարզմնամարզիկներից Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանն է մասնակցելու, 2-րդ համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն Արթուր Թովմասյանը եւ երիտասարդ Արմեն Պետրոսյանը:

 Ձյուդո մարզաձեւում հանդես կգան Անդրանիկ Չափարյանը եւ Շահեն Աբաղյանը:

Այս տարի մասնակիցներ ունենք նաեւ սուսերամարտում՝ Մայքլ Հովհաննիսյան եւ Լիլիթ Էվոյան:

Թաեքվոնդոյից մեդալների համար կպայքարեն Սերգեյ Վարդազարյանը եւ Արմեն  Գրիգորյանը:

Ջրացատկում հանդես կգան Ազատ Հարությունյանը  եւ Վլադիմիր Հարությունյանը:

Մասնակից ունենք նաեւ ուշու մարզաձեւում՝ Կարապետ Թեւոսյան եւ Հայկ Գասպարյան:

Ընտրել ենք այնպիսի մարզաձեւեր, որոնցում հայ մարզիկները վստահ առաջատար են եւ կարող են մեդալների համար պայքարել: Մինչ այս, նախորդ Ունիվերսիադաներում ունեցել ենք հաջողություններ՝ ինչպես Արթուր Թովմասյանի ոսկե մեդալը օղակների վարժությունում: Այս տարի թիմն իսկապես ուժեղ է նախորդ տարիների համեմատ: Մեզ հետ են օլիմպիական փոխչեմպիոնները, Եվրոպայի չեմպիոն, փոխչեպիոն, նրանք իսկապես անգերազանցելի են մրցահարթակում: Մեծ հույսերով ենք մեկնել եւ պատրաստ ենք լավ ավարով վերադառնալ հայրենիք:

29-րդ համաշխարհային ուսանողական խաղերն այս տարի կոնկրետ մարզական միջոցառումներից են բաղկացած լինելու: Կազմակերպիչ երկրի նախաձեռնությամբ, այս տարի Ունիվերսիադան զերծ կմնա պաշտոնական հյուրերից եւ հյուրընկալումներից, միջոցառումներից: Շեշտը դրված է միայն մարզական միջոցառումների եւ մրցումների վրա:

Հայաստանում եւս կպահպանվի ոչ պաշտոնական վերաբերմունքը: Հայաստանի պատվիրակությունը պաշտոնական հյուրեր չի ունենալու Թայբեյում: Բայց ինձ ուրախացնում է այն փաստը, որ Հայաստանում մարզաձեւերի նկատմամբ ուսանողության վերաբերմունքը փոխվում է, ուսանողական մրցաշարերը աստիճանաբար ձեռք են բերում մեծ մասսայականություն ու սեր, ինչպես դրանք ընդունվում են Ամերիկայում, եվրոպական երկրներում: Իսկ Համաշխարհային ուսանողական խաղերն ավելի լուրջ վերաբերմունքի եւ արձագանքի են արժանանում հասարակության եւ ուսանողության շրջանում: Միայն թե օրինակ Ունիվերսիադայի չեմպիոնին, ուսանող չեմպիոններին ուսման ընթացքում ընդառաջումներ չկան, կամ կան՝ քիչ են: Լավ կլիներ, եթե օրինակ Համաշխարհային ուսանողաան խաղերի չեմպիոնի ուսման վարձը քիչ լիներ կամ մեկ տարի անվճար կրթություն ստանային»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս