11:50 18 օգոստոսի, 2017Ուժեղ թիմով ենք մասնակցում ամառային ուսանողական համաշխարհային խաղերին: Մեր թիմի կազմում են նաեւ Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոնները: Անկնալում ենք այս ունիվերսիադայից վերադառնալ ավելի շատ մեդալներով, մասնավորապես ոսկե մեդալներով, քան նախորդ տարիներին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Թայվանից ասաց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, Թայվանում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը:
Օգոստոսի 19-30-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում կանցկացվի 29-րդ համաշխարհային ուսանողական ամառային մարզական խաղերը, որին մասնակցելու է 131 երկրի 7639 մարզիկ, վիճարկվելու է 275 մեդալ 21 մարզաձեւերում:
«Մասնակից երկրների ու մարզիկների քանակով, մրցաշարի մակարդակով ունիվերսիադան Օլիմպիական խաղերից հետո երկրորդ խոշոր մարզական միջոցառումն է:
Ունիվերսիադա-2017-ում Հայաստանը կունենա 16 մասնակից: Հայ մարզիկները հանդես կգան 7 մարզաձեւերում՝ ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո, ուշու:
Ծանրամարտում Հայաստանը ներկայանում է ուժեղագույններով՝ Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյան, օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյան եւ Գոռ Մինասյան: Ծանրորդները կմասնակցեն Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանի ղեկավարությամբ:
Սպորտային մարմնամարզությունում Հայաստանի ուժեղագույն մարզմնամարզիկներից Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանն է մասնակցելու, 2-րդ համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն Արթուր Թովմասյանը եւ երիտասարդ Արմեն Պետրոսյանը:
Ձյուդո մարզաձեւում հանդես կգան Անդրանիկ Չափարյանը եւ Շահեն Աբաղյանը:
Այս տարի մասնակիցներ ունենք նաեւ սուսերամարտում՝ Մայքլ Հովհաննիսյան եւ Լիլիթ Էվոյան:
Թաեքվոնդոյից մեդալների համար կպայքարեն Սերգեյ Վարդազարյանը եւ Արմեն Գրիգորյանը:
Ջրացատկում հանդես կգան Ազատ Հարությունյանը եւ Վլադիմիր Հարությունյանը:
Մասնակից ունենք նաեւ ուշու մարզաձեւում՝ Կարապետ Թեւոսյան եւ Հայկ Գասպարյան:
Ընտրել ենք այնպիսի մարզաձեւեր, որոնցում հայ մարզիկները վստահ առաջատար են եւ կարող են մեդալների համար պայքարել: Մինչ այս, նախորդ Ունիվերսիադաներում ունեցել ենք հաջողություններ՝ ինչպես Արթուր Թովմասյանի ոսկե մեդալը օղակների վարժությունում: Այս տարի թիմն իսկապես ուժեղ է նախորդ տարիների համեմատ: Մեզ հետ են օլիմպիական փոխչեմպիոնները, Եվրոպայի չեմպիոն, փոխչեպիոն, նրանք իսկապես անգերազանցելի են մրցահարթակում: Մեծ հույսերով ենք մեկնել եւ պատրաստ ենք լավ ավարով վերադառնալ հայրենիք:
29-րդ համաշխարհային ուսանողական խաղերն այս տարի կոնկրետ մարզական միջոցառումներից են բաղկացած լինելու: Կազմակերպիչ երկրի նախաձեռնությամբ, այս տարի Ունիվերսիադան զերծ կմնա պաշտոնական հյուրերից եւ հյուրընկալումներից, միջոցառումներից: Շեշտը դրված է միայն մարզական միջոցառումների եւ մրցումների վրա:
Հայաստանում եւս կպահպանվի ոչ պաշտոնական վերաբերմունքը: Հայաստանի պատվիրակությունը պաշտոնական հյուրեր չի ունենալու Թայբեյում: Բայց ինձ ուրախացնում է այն փաստը, որ Հայաստանում մարզաձեւերի նկատմամբ ուսանողության վերաբերմունքը փոխվում է, ուսանողական մրցաշարերը աստիճանաբար ձեռք են բերում մեծ մասսայականություն ու սեր, ինչպես դրանք ընդունվում են Ամերիկայում, եվրոպական երկրներում: Իսկ Համաշխարհային ուսանողական խաղերն ավելի լուրջ վերաբերմունքի եւ արձագանքի են արժանանում հասարակության եւ ուսանողության շրջանում: Միայն թե օրինակ Ունիվերսիադայի չեմպիոնին, ուսանող չեմպիոններին ուսման ընթացքում ընդառաջումներ չկան, կամ կան՝ քիչ են: Լավ կլիներ, եթե օրինակ Համաշխարհային ուսանողաան խաղերի չեմպիոնի ուսման վարձը քիչ լիներ կամ մեկ տարի անվճար կրթություն ստանային»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.