23:52  ,  17 օգոստոսի, 2017

Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ դրեց «Վարդարի» հաղթանակին «Ֆեներբահչեի» նկատմամբ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի առաջին խաղում Մակեդոնիայի «Վարդարն» ընդունեց թուրքական «Ֆեներբահչեին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի եւ «Վարդարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը հանդես էր գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը:  

Հայ ֆուտբոլիստը գոլի դրվագում շանս չտվեց սլովակ պաշտպան Մարտին Շկրտելին եւ «Էսպանյոլի» նախկին դարպասապահ, կամերունցի Կարլոս Կամենիին:

Ավելացված երկրորդ րոպեին դաշտի տերերը կարողացան նաեւ կրկնապատկել հաշիվը: Ինքնագոլի հեղինակ դարձավ թուրք կիսապաշտպան Մեհմետ Տոպալը:

Ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաեւ «Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Պատասխան հանդիպումը Ստամբուլում տեղի կունենա մեկ շաբաթ անց:

Եվրոպայի լիգա, որակավորման վերջին փուլ, առաջին հանդիպում

«Վարդար» (Մակեդոնիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 2:0

Տիգրան Բարսեղյան, 20, Մեհմետ Տոպալ, 90+2, ինքնագոլ

Հեռացումներ՝ Բոբան Գրնչարով («Վարդար»), 89, երկրորդ դեղին քարտ - Ժոզեֆ Սոուզա («Ֆեներբահչե»), 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով