17:11  ,  16 օգոստոսի, 2017

Հաբեթնակ Կուրղինյան. Ազատ ոճի հայ ըմբիշները յուրահատուկ են գորգի վրա, հավասարակշռված ու հանգիստ (ֆոտո)

Ուժեղ թիմով ենք մեկնում աշխարհի առաջնության։ Գնում ենք մեդալների հետեւից: Սպասելիքներ ունեմ Վալոդյա Ֆրանգուլյանից, Գրիգոր Գրիգորյանից եւ Լեւան Բերիանիձեից։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբծամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը։

Այս օրերին ազատ ոճային ըմբիշները վերջին ուսումնամարզական հավաքն են անցկացնում աշխարհի առաջնությունից առաջ, որը տեղի է ունենալու օգոստոսի 21-25-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ՝ Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Գեորգի Կետոեւ (97 կգ), Լեւան Բերիանիձե (125 կգ):

Երեւանյան ուսումնամարզական հավաքը անցնում է Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ։ Հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատարին օգնում է թիմի երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանը։

Պարոն Կուրղինյան, աշխարհի առաջնության մեկնարկին մնացել են հաշված օրեր։ Ի՞նչ մարզավիճակում եւ ի՞նչ տրամադրվածությամբ է թիմը մեկնում մրցավայր։

Ազատ ոճայինները գտնվում են գերազանց մարզավիճակում, լիարժեք պատրաստ ենք աշխարհի առաջնությանը։

Տարվա կարեւոր մրցաշարի նախապատրաստական փուլն անցել ենք ըստ ծրագրվածի, մի քանի ուսումնամարզական հավաքներ անկացրեցինք։ Այժմ վերջին հավաքն ենք անում «Օլիմպավանում»։ Սա մեր անցած մարզումային ճանապարհի, խնդիրների, տղաների ֆիզիկական ու հոգեբանական վիճակն ի մի բերելու հավաքն է։ Մանրամասն ուսումնասիրել ենք գորգի վրա տղաների աշխատանքը, գոտեմարտերը, տեխնիկական եւ տակտիկական սխալները, բացթողումները։ Կարծում եմ աշխարհի առաջնության մրցագորգ ազատ ոճայինները վստահ դուրս կգան եւ հաղթանակներով կավարտեն։

Ի՞նչ կարգով կազմեցիք աշխարհի առաջնության կազմը։ Սա լավագո՞ւյն թիմն է, որով կարող էր Հայաստանը ներկայանալ ԱԱ-ին։

Աշխարհի առաջնության կազմն ընտրել ենք ըստ արդյունքների։ Ուժեղ թիմով ենք մեկնում։ Այս պահին նրանք են ամենաուժեղները եւ աշխարհի առաջնությունում այս ըմբիշները պատրաստ են պայքարել մեդալների համար։ Միանշանակ՝ գնում ենք մեդալների։ Այս տղաները բոլորն էլ լավ արդյունքներ ունեն, բոլոր էլ միջազգային մրցահարթակում՝ Եվրոպայի առաջնությունում, միջազգային մրցաշարերում մրցանակային տեղերի համար են պայքարել։ Մեր մարզիկներն իսկապես ուժեղ են՝ ոչ միայն ֆիզիկապես, այլեւ հոգեպես։

Ի՞նչ ակնկալիքով եք մեկնում Փարիզ։

Բոլորից էլ ակնկալիքներ ունեմ։ Եթե մարզիկը մտնում է գորգ, ուրեմն այդ մարզիկը պատրաստ է հաղթանակի, ուրեմն ես սպասում եմ նրանից հաղթանակ։ Բայց եթե ավելի օպտիմալ գնահատենք իրավիճակը, մինչս օրս մասնակցած մրցումների արդյունքները ցույց են տալիս, թե ովքեր կարող են մեդալներ նվաճել։ Այս պահին մեդալների սպասելիքներ ունեմ Ֆրանգուլյանից, Գրիգորյանից, Բերիանիձեից։ Բայց մեդալ նվաճելու հնարավորությունները մեծ են նաեւ Գարիկ Բարսեղյանի եւ Գեորգի Կետոեւի համար։ 

Պարոն Կուրղինյան, նշեցիք հոգեբանական պատրաստվածության մասին՝ խնդիր, որը մշտապես ուղեկցում է հայ մարզիկներին ամեն մրցաշարում։ Ինչպե՞ս են ազատ ոճայինները հաղթահարում հոգեբանական խնդիրները։ 

Հոգեբանական խնդիրներ գորգի վրա ունենում ենք։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարզիկ էլ խոշոր մրցաշարում գորգ դուրս գալուց որոշակի հոգեբանական ճնշվածություն ունենում է՝ անկախ ազգությունից։ Մարզումների, հավաքների ընթացքում աշխատում ենք նաեւ այդ խնդիրների վրա, զրույցներ ենք ունենում։ Բայց ինչ էլ ասենք, ինչպես էլ անենք, յուրաքանաչյուր ըմբիշ պետք է գիտակցի, որ գորգում ինքը միայնակ է, ինքն է դուրս գալիս մրցակցի դեմ պայքարի, ոչ ոք չկա ու դուրս չի գալու գորգ՝ իրեն օգնի, ինքն է ու իր մրցակիցը։

Առավել եւս մրցակցիդ ազգությունը կապ չունի՝ դիմացինդ հայ է, ռուս, ամերիկացի, թե մեր հարեւան երկրներից, անհատների պայքար է։ Մենք տղաները կարողանում են հաղթահարել այդ խնդիրը։ Հոգեբանորեն գորգ դուրս գալու պատրաստ լինելը պայմանավորված է լավ մարզավիճակում գտնվելով։ Մենք փորձում ենք եւ վստահություն ստեղծել մարզիկի մեջ, եւ ֆիզիկապես ուժեղ ըմբիշ դարձնել նրան։

Ինչո՞վ են առանձնանում հայ ըմբիշները գորգի վրա մյուս երկրների ըմբիշներից։

Մեր ըմբիշները, մասնավորապես ազատ ոճայինները, շատ յուրահատուկ են գորգի վրա, հատուկ ընդգծված բնավորությամբ, վարքագծով։ Ես մի բառով մեր տղաներին կնկարագրեի, որպես հավասարակշռված մարզիկներ։ Օրինակ՝ Վալոդյա Ֆրանգուլյանը շատ հավասակշռված, հանգիստ բնավորության տեր մարդ է ինչպես գորգում, այնպես էլ գորգից դուրս։ Նրան շատ դժվար է հունից հանել։ Նույնը կասեմ նաեւ Գարիկ Բարսեղյանի մասին։ Գրիգոր Գրիգորյանը մի փոքր տաքարյուն է գորգի վրա, շուտ է բռնկվում եւ միշտ փորձում ենք նրան հանդարտացնել։ Գեորգի Կետոեւն ու Լեւան Բերիանիձեն լինելով Հայաստանի հավաքականի անդամներ, ազգությամբ հայ չեն, բայց նրանք եւս յուրահատուկ են գորգի վրա՝ Հայաստանի հավաքականի ֆոնին երկուսն էլ շատ հանգիստ, քայլերը հաշվարկած։ Հատկապես Բերիանիձեն յուրահատուկ հանգստություն եւ հավասարակշռվածություն ունի գորգի վրա։ Նրանք վրացիներ են, բայց մոտ են մեզ, կովկասցուն բնորոշ բնավորության տեր մարդիկ են։

Ազատ ոճայինները աշխարհի առաջնության մրցավայր կմեկնեն օգոստոսի 23-ին, պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 25-26-ին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով