02:30  +04,  6 օգոստոսի, 2017

Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները՝ Շվեդիայի նկատմամբ հաղթանակի մասին (ֆոտո)

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Ամիրան Ամիրխանովը, Լուկաս Ֆիշերը եւ Արտյոմ Թավակալյանը Հայաստան-Շվեդիա խաղից հետո մեկնաբանեցին 2019թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Շվեդիայի նկատմամբ տնային հաղթանակը 82:69  հաշվով:

Ամիրան Ամիրխանով («Ուրարտու», Հայաստան)

«Բոլորիս շնորհավորում եմ այս հրաշալի հաղթանակի կապակցությամբ։ Սլովակիայի դեմ հաղթանակը թվում էր, թե Հայաստանի հավաքականին ուղղակի հաջողությունն է ժպտացել, բայց այս հաղթանակով մենք ապացուցեինք, որ իրականում մեզնից պետք է վախենալ։ Սա Հայաստանի հաղթանակն է։ Ազգայի հավաքականով խաղալով այս կարգի բարձր մրցաշարում՝ աշխարհի առաջնության ընտրական առաջին փուլում, իսկապես շատ բարդ է։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մարզադահլիճ եկած երկրպագուներին։ Նրանք մեզ մեծ ուժ տվեցին այս դժվար խաղը հաղթահարելու։ Մի պահ մենք ձախողում էինք, բայց երկրպագուների եւ մարզիչի շնորհիվ առաջ անցանք հաշվի մեջ։ Խաղահրապարակից այնպիսի տպավորություն էր, թե մեզ եկել էին երկրպագելու ոչ թե 3000, այլ 10 հազարից ավելի երկրպագուներ։ Ես հույս ունեմ, որ այս ամենը մեր հավաքականի երկար ու հաղթական ճանապարհի դեռ միայն սկիզբն է, առջեւում հաղթանակներն ու աշխարհի առաջնություն դուրս գալն է»։

Լուկաս Ֆիշեր («Գրան Կանարիա», Իսպանիա)

Ես եւ թիմակիցներս հենց սկզբից հավատում էինք մեր հաղթանակին։ Ես նույնպես կարծում էի, որ մենք կարող ենք հաղթել։ Մենք հրաշալի թիմ ունենք, չնայած շատ երիտասարդ ենք եւ հաղթանակի ծարավ։ Մեզնից յուրաքանչյուրը դուրս է գալիս խաղահրապարակ հաղթելու նպատակով։ 

Մեր թիմի ոգին են նաեւ երկրպագուները։ Նրանք ուղղակի հիասքանչ են եւ մեզ կյանք են հաղորդում։ Արդեն երկրորդ խաղն է, ես տեսնում եմ մի խումբ երիտասարդների, ովքեր մեզ հետ հավասար ասես խաղան։ Այդ երկրպագուներին առանձնահատուկ սիրում եմ։ Նրանք խենթ են։ Երկրպագուների աջակցությունը եւ նրանց ստեղծած տոնական մթնոլորտը մեզ օգնում է արդեն երկրորդ խաղում հաղթանակ տանել։

Արտյոմ Թավակալյան («Դելավեր Սթեյթ», ԱՄՆ)

Ինքս իմ այսօրվա խաղից գոհ եմ։ Սլովակների հետ խաղը մի փոքր բարդ ստացվեց ինձ համար, բայց շվեդների հետ խաղում կարողացա տեմպ հավաքել։ Ամեն խաղից առաջ մենք տղաներով խոստանում ենք, որ պետք է հաղթենք։ Երբեք չենք մտածում, որ կարող ենք հաղթանակը բաց թողնել։ Մեզ նաեւ մեծ մոտիվացիա եւ ճիշտ ուղղորդում է տալիս մարզիչը, ինչի շնորհիվ արդեն երկրորդ խաղն է հաղթում ենք։ Առջեւում ունենք արտագնա խաղեր, որոնք բարդ են լինելու, բայց կրկին գնալու ենք հաղթելու նպատակով։

Հայաստանի հավաքականի բասկետբոլիստներին, բացի լրագրողներից, նախկին «Միկա» մարզահամալիրի միջանցքում սպասում էին նաեւ մեծ թվով երկրպագուներ, ովքեր հաղթական խաղից հետո ցանկանում էին լուսանկարվել Հայաստանը ներկայացնող բասկեբոլիստների հետ։ Երբ Հայաստանի թիմի անդամները դուրս եկան մարզահամարիլից, երկրպագուներն անմիջապես շրջապատեցին նրանց եւ տեւական ժամանակ չէին թողնում մարզիկներին մոտենալ ավտոբուսին։ Երկրպագուները մեկը մյուսին հերթ չտալով սելֆի էին անում բարձրահասակ բասկետբոլիստների հետ, ոմանք էլ բասկետբոլի գնդակները ձեռքներին սպասում էին իրենց հերթին գնդակի վրա ինքնագրեր ունենալու ակնկալիքով։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով