00:29  +04,  6 օգոստոսի, 2017

Շվեդիայի թիմի մարզիչ. Հայաստանն ԱԱ-2019-ի ընտրական առաջին փուլը հաղթահարելու մեծ հնարավորություններ ունի

Շնորհավորում եմ հայերին։ Հայաստանն աշխարհի առաջնության ընտրական առաջին փուլը հաղթահարելու մեծ հնարավորություններ ունի։ Պետք է լավ պատրաստվենք Հայաստանի հետ մեր տնային հանդիպմանը։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բասկետբոլի տղամարդկանց Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ, բոսնիացի Վեդրան Բոսնիչը, որի գլխավորած թիմը 2019թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում 69:82 հաշվով պարտվեց Հայաստանի հավաքականին։

«Շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին, հայերին այս հաղթանակի կապացությամբ։ Կարծում եմ, Հայաստանի հետ խաղում մենք խնդրի առաջ կանգնեցինք հենց առաջին խաղակեսից, երբ իմ թիմի տղաները շատ թերություններ թույլ տվեցին։ Դրանից հետո մենք չկարողացանք խաղի ընթացքը կազմակերպել մեր ձեւով։ Առաջին քառորդից հետո Հայաստանի թիմի մարզիչը փոխեց իրենց խաղը եւ նրանք հաղթեցին։ Մենք պետք է լավ պատարաստվենք Հայաստանի հետ մեր տնային խաղին։

Հայաստանի հավաքականն ունի հզոր խաղացող, 6-րդ համար, ամերիկացի Ռայան Բոթրայթը նա անգերազանցելի է, շատ վտանգավոր խաղացող է։ Ֆանտաստիկ խաղ է ցուցադրում:

Հայաստանը մեծ հնարավորություններ ունի աշխարհի առաջնության ընտրական առաջին փուլը հաղթահարելու։ Բայց դեռ շատ խաղեր կան։ Այս պահին մեծ հնարավորություն ունի, քանի որ շատ լավ վիճակում է գտնվում։ Ենթախմբում այնպիսի թիմեր են, որ բոլորն էլ հնարավորություն ունեն դուրս գալ հաջորդ ընտրական փուլ»,- ասաց Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչը։

Հայաստանի թիմը 4 միավորով գլխավորում է A ենթախմբի մրցաշարային աղյուսակը: Հաջորդ երեք հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի դրսում: Օգոստոսի 9-ին թիմը կհյուրընկալվի Բոսնիա-Հերցեգովինային, օգոստոսի 12-ին՝ Սլովակիային, օգոստոսի 16-ին՝ Շվեդիային: Օգոստոսի 19-ին կայանալիք վերջում տուրում հայ բասկետբոլիստները կընդունեն Բոսնիա-Հերցեգովինային:

Խմբում առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կգան ընտրական մրցաշարի հաջորդ փուլ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով