23:53  +04,  5 օգոստոսի, 2017

Նիկշա Բավցեւիչ. Այսօրվա խաղը ֆանտաստիկ էր, երկրպագուների աջակցությունն աննկարագրելի էր

Այսօրվա խաղը ֆանտաստիկ էր։ Երկրպագուների աջակցությունն ուղղակի աննկարագրելի հաճելի էր ու կարեւոր։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի խորվաթ գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը՝ մեկնաբանելով 2019թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Շվեդիայի նկատմամբ հաղթանակը 82:69 հաշվով:

«Այսօր էլ եմ ափսոսում, որ տրիբունաները կիսադատարկ էին։ Հուսամ, որ Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ խաղի ընթացքում մարզադահլիճում ազատ տեղ չի լինի։ Մեր առաջին հաղթանակից հետո ես կարծիք հայտնեցի, որ իմ թիմը, իմ տղաներն իսկապես արժանի են երկրպագուների մեծ աջակցությանը։

Այս խաղում ունեցած հաջողության գաղտնիքներից մեկն այն էր, որ առաջին եւ երկրորդ քառորդում մենք շատ ազատ խաղ թույլ տվեցինք Մարկուս Էրիքսոնին։ Չէի սպասում, որ առաջին քառորդներում այդպիսի ընթացք կստանա: Հաջորդ քառորդում մենք փոխեցինք մեր տակտիկան եւ սկսեցինք միավորներ հավաքել։ Էրիքսոնը, կարելի է ասել, մեր հաջողության բանալին դարձավ։ Նա շատ ուժեղ բասկետբոլիստ է։

Այս անգամ, ինչպես եւ Սլովակիայի դեմ խաղում, մեզ շատ միավորներ բերեցին տուգանային նետումները։

Այսօրվա խաղն իսկապես ֆանտաստիկ ստացվեց։ Դրանում իրենց դերն ունեցան նաեւ երկրպագուները, նրանց աջակցությունն ուղղակի աննկարագրելի էր»,- ասաց Նիկշա Բավցեւիչը։

Որակավորման A խմբում Հայաստանի հավաքականը երկու հաղթանակից հետո 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Շվեդիան ունի 3 միավոր: 

Թե ինչ հնարավորություններ ունի A ենթախմբում Հայաստանի հավաքականը, թիմի մարզիչը կանխատեսումներ չի անում։

«Ես ինքս այդ մասին չեմ մտածում եւ արգելել եմ իմ տղաներին մտածել դրա մասին, մտածել խմբում մրցաշարային աղյուսակում զբաղեցրած տեղի մասին։ Մենք պետք է առաջ շարժվենք խաղ առ խառ։ Յուրաքանչյուր խաղից ու հաղթանակից հետո, մենք պետք է մտածենք միայն հաջորդ խաղի մասին։ Ուրիշ ոչնչի մասին չպետք է մտածենք։ Մենք գնում ենք մեր հաջոդ խաղին եւ միայն պետք է մտածենք ամեն ինչ անել հաղթելու համար։

Մեր ենթախումբն իսկապես շատ ուժեղ թիմերից է բաղկացած, բայց մենք ամեն հնարավորն անում ենք, որպեսզի ցույց տանք՝ հայկական բասկետբոլը ճիշտ զարգացման եւ աճի ուղու  վրա է, լիովին վերափոխված է։ Այս երկու հաղթանակներով ամեն ինչ ավարտված չէ եւ դեռ անելիքներ շատ կան։ Մենք երկու խաղ ունեցանք տանը եւ երկուսում էլ հաղթեցինք, բայց չմոռանանք, որ յուրաքանչյուր թիմ պատրաստ է հաղթել տնային խաղում։

Մենք պետք է պատրաստ լինենք նաեւ արտագնա խաղերին։ Շատ բարդ է լինելու։ Ես եւ իմ տղաները մեծ խոսքեր չենք ասում, խոստումներ չենք տալիս եւ յուրաքանչյուր խաղին ու հաղթանակին գնում ենք եւ գնալու ենք լուռ։ Մենք ստեղծել ենք հայկական բասկետբոլի նոր սերունդ, երիտասարդ թիմ, ենթախմբի ամենաերիտասարդ թիմն է։ Եվ ես լիահույս եմ, որ ինչպես Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, այնպես էլ ՀԱՕԿ-ն ամեն ինչ կանեն առաջիկա 5-6 տարիներին  այս սերունդը եւ այս թիմը պահելու համար»,- նշեց Բավցեւիչը։

Հաջորդ երեք հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի դրսում: Օգոստոսի 9-ին թիմը կհյուրընկալվի Բոսնիա-Հերցեգովինային, օգոստոսի 12-ին՝ Սլովակիային, օգոստոսի 16-ին՝ Շվեդիային: Օգոստոսի 19-ին կայանալիք վերջում տուրում հայ բասկետբոլիստները կընդունեն Բոսնիա-Հերցեգովինային:

Խմբում առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կգան ընտրական մրցաշարի հաջորդ փուլ:

Լուսինե Շահբազյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով